Ճարպակալման դեմ դեղամիջոցների օգտագործմամբ պայմանավորված ուվեիտի ռիսկը կանանց մոտ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ

14:55   4 մայիսի, 2026

Մինչև հինգ տարի տևողությամբ դիտարկումներով նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սեռային տարբերությունները կարող են ազդել GLP-1 (գլյուկագոնանման պեպտիդ-1) դեղամիջոցներ ընդունող պացիենտների մոտ ուվեիտի զարգացման հավանականության վրա: Սա հավանաբար կապված է թերապիայի նկատմամբ իմունային պատասխանի առանձնահատկությունների հետ:

2-րդ տիպի շաքարային դիաբետ ունեցող և GLP-1 ռեցեպտորների ագոնիստներ ստացող 40 տարեկանից բարձր մեծահասակների շրջանում, երկարատև դիտարկման դեպքում, տղամարդկանց մոտ ուվեիտի զարգացման ռիսկը կայուն կերպով ավելի ցածր է եղել, քան կանանց մոտ: Ընդ որում, մեկ տարի անց տարբերություններ չեն հայտնաբերվել, սակայն դիտարկման ժամկետի ավելացմանը զուգահեռ տարբերությունն ավելի զգալի է դարձել:

Ուվեիտը աչքի բորբոքային հիվանդություն է, որը պատշաճ բուժման բացակայության դեպքում կարող է հանգեցնել տեսողության անդառնալի կորստի: 2-րդ տիպի դիաբետ ունեցող պացիենտներն արդեն իսկ գտնվում են այս հիվանդության զարգացման բարձր ռիսկի գոտում: GLP-1 դեղամիջոցները, ինչպիսիք են սեմագլուտիդը (Ozempic) և դուլագլուտիդը (Trulicity), լայնորեն կիրառվում են արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկման և քաշի նվազեցման համար, իսկ վերջին շրջանում ուշադրության են արժանացել նաև աչքերի առողջության վրա հնարավոր ազդեցության պատճառով:

Արդյունքները ներկայացվել են ARVO 2026 գիտաժողովի շրջանակում և հիմնված են TriNetX տվյալների բազայի ռետրոսպեկտիվ կոհորտային վերլուծության վրա: Հետազոտության մեջ ներառվել են 2-րդ տիպի դիաբետ ունեցող 40 տարեկանից բարձր պացիենտներ, ովքեր ստացել են GLP-1 դեղամիջոցների առնվազն չորս նշանակում: Վերլուծությունից դուրս են մնացել այն անձինք, ովքեր նախկինում ունեցել են ախտորոշված ուվեիտ կամ ճարպակալում:

Ի սկզբանե հետազոտությանը մասնակցել են 9 933 տղամարդ և 9 402 կին, սակայն համադրումից հետո յուրաքանչյուր խմբում մնացել է 5 947-ական մարդ: Վերլուծությունը ցույց է տվել, որ մեկ տարի անց տղամարդկանց մոտ ուվեիտի ռիսկն ավելի ցածր է եղել, սակայն այդ տարբերությունը վիճակագրորեն նշանակալի չի եղել: Այնուամենայնիվ, երեք և հինգ տարվա կտրվածքով տղամարդկանց մոտ արդեն արձանագրվել է հավաստիորեն ավելի ցածր ռիսկ:

Հեղինակները նշում են, որ իրենց ստացած արդյունքները համահունչ են նախորդ հետազոտություններին, որոնք փաստում են կանանց՝ ուվեիտի զարգացման նկատմամբ ունեցած ավելի մեծ հակվածության մասին: Նրանք ընդգծում են սեռային տարբերությունները հաշվի առնելու կարևորությունը՝ GLP-1 թերապիա ստացող դիաբետիկ պացիենտների աչքերի առողջության ռիսկերը գնահատելիս:



© NEWS.am Medicine