Դեկորատիվ ծաղիկների մեջ հայտնաբերվել է օգտակար հատկություններով բուսական սպիտակուցի աղբյուր

10:43   6 մայիսի, 2026

ACS Food Science & Technology ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը փաստում է, որ սովորական վաղենակը (նարգիզ) կարող է սննդի արդյունաբերության համար դառնալ բուսական սպիտակուցի հեռանկարային և կայուն աղբյուր:

Գիտնականները նշում են, որ այս ծաղիկները հաճախ դիտարկվում են որպես դեկորատիվ բույսեր և օգտագործումից հետո պարզապես դեն են նետվում, մինչդեռ իրականում դրանք պարունակում են զգալի քանակությամբ կենսաբանորեն ակտիվ նյութեր և սպիտակուց: Վերլուծությունը ցույց է տվել, որ չորացրած ծաղիկները պարունակում են մոտ 9% սպիտակուց, իսկ դրանց ամինաթթվային կազմն ու ֆունկցիոնալ հատկությունները վաղենակը պիտանի են դարձնում սննդամթերքի մեջ կիրառելու համար:

Հետազոտողներն ուսումնասիրել են ոչ միայն սպիտակուցի պարունակությունը, այլև դրա վարքագիծը տարբեր պայմաններում: Պարզվել է, որ վաղենակի սպիտակուցային ֆրակցիաներն օժտված են լավ լուծելիությամբ, ջուրն ու ճարպը պահելու հատկությամբ, ինչպես նաև արտահայտված էմուլգացնող հատկանիշներով: Սա նշանակում է, որ նման սպիտակուցները կարող են կայունացնել ջրի և յուղի խառնուրդները, ինչը չափազանց կարևոր է սոուսների, կաթնամթերքի փոխարինիչների և թխվածքաբլիթների արտադրության համար:

Առանձնահատուկ նշվում է դրանց ջերմակայունությունը. սպիտակուցները պահպանում են իրենց կառուցվածքը մինչև մոտ 105°C տաքացման պայմաններում, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քան բուսական սպիտակուցի որոշ ավանդական աղբյուրների՝ օրինակ ոլոռի կամ սիսեռի դեպքում։ Հայտնաբերվել է նաև հակաօքսիդանտային ակտիվություն, ինչն է՛լ ավելի է մեծացնում հետաքրքրությունը դրանց կիրառման նկատմամբ ֆունկցիոնալ սննդամթերքի մեջ։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ վաղենակի բերքի զգալի մասը (մինչև 40%-ը), այսօր չի օգտագործվում և ուտիլիզացվում է որպես թափոն։ Սա «ափսայքլինգի» (թափոնների վերամշակումը արժեքավոր բաղադրիչների) մեծ պոտենցիալ է ստեղծում, ինչը հատկապես արդիական է բուսական սպիտակուցների և սննդի կայուն տեխնոլոգիաների նկատմամբ աճող պահանջարկի համատեքստում։

Ընդհանուր առմամբ, հետազոտությունը վաղենակը դիտարկում է ոչ թե որպես ավանդական սպիտակուցային մշակաբույսերի փոխարինող, այլ որպես լրացուցիչ, էկոլոգիապես ավելի կայուն բաղադրիչների աղբյուր ապագայի սննդամթերքի, հատկապես՝ ֆունկցիոնալ սննդի սեգմենտի համար։



© NEWS.am Medicine