Ինչու ենք տարիքի հետ կորցնում ուժը. գիտնականները նշել են սնվելու հետ կապված առանցքային գործոնի մասին

17:28   29 մայիսի, 2026

«Nutrients» ամսագրում հրապարակված միջազգային խոշոր հետազոտությունը պարզել է, որ 50 տարեկանից բարձր մարդկանց մոտ սպիտակուցի ցածր օգտագործումը կապված է մկանային ուժի ավելի արագ անկման և առօրյա գործողություններ կատարելու ունակության խանգարման հետ։

Հետազոտությունն անցկացվել է ԱՄԷ, Դանիայի, Ֆինլանդիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Ավստրիայի համալսարանների հետազոտական ​​​​խմբի կողմից՝ Ռիզվան Քայսարի (Շարժայի համալսարան) գլխավորությամբ։

Հետազոտողները վերլուծել են 27 եվրոպական երկրներից ավելի քան 38 հազար մեծահասակների տվյալներ, որոնք հավաքվել են Եվրոպայում առողջության, ծերացման և թոշակի անցնելու երկարաժամկետ հարցման շրջանակում։ Հետազոտությունն անցկացվել է մի քանի տարիների ընթացքում, ինչը թույլ է տվել սննդային սովորությունները կապել ֆիզիկական պատրաստվածության փոփոխությունների հետ։

Հետազոտությունը կենտրոնացել է սպիտակուցներով հարուստ սննդամթերքների վրա՝ ձու, լոբազգիներ, ձուկ, հավ և կաթնամթերք։ Հետազոտությունը պարզել է, որ մարդիկ, որոնք պարբերաբար ավելի քիչ սպիտակուց են օգտագործել, ավելի հավանական է, որ ժամանակի ընթացքում նրանք ունենային մկանային ուժի անկում և առօրյա գործողություններ կատարելու դժվարություններ։

Խոսքն այնպիսի բազային գործողությունների մասին է, ինչպիսին են՝

Գիտնականներն ընդգծել են, որ նման սահմանափակումներն անմիջականորեն կապված են անկախության կորստի, կյանքի որակի նվազման, ընկնելու, հոսպիտալացման և խնամքի անհրաժեշտության բարձրացման հետ։

Հետազոտության ղեկավար Ռիզվան Քայսարի խոսքով՝ նույնիսկ պարզ շարժումները պահանջում են բավականաչափ մկանային ուժ, համակարգում և հավասարակշռություն։ Երկարատև սպիտակուցային անբավարարության դեպքում օրգանիզմն ավելի քիչ է կարողանում աջակցել այս համակարգերին, ինչն արագացնում է ֆունկցիոնալ ծերացումը։

Վերլուծությունը նաև բացահայտել է տարբերություններ տղամարդկանց և կանանց միջև. տղամարդկանց մոտ սպիտակուցի հետ ավելի ուժեղ է կապված եղել մկանային ուժը (օրինակ՝ բռնելու ուժը), մինչդեռ կանանց մոտ ֆիքսվել են ֆունկցիոնալ սահմանափակումներ՝ դժվարություններ քայլելիս, թեքվելիս, ձեռքերը բարձրացնելիս և առօրյա գործողություններ կատարելիս։

Հեղինակներն ընդգծել են, որ խոսքը սպորտային հավելումների մասին չէ, այլ առօրյա սննդակարգի։ Սովորական սննդամթերքների՝ ձկան, ձվի, լոբազգիների, կաթնամթերքի և թռչնամսի կանոնավոր օգտագործումը կարող է կարևոր դեր խաղալ ծերության շրջանում մկանների և ֆունկցիոնալ ակտիվության պահպանման գործում։ Հետազոտողների կարծիքով՝ քիչ սպիտակուց օգտագործող մարդկանց բացահայտումը կարող է լինել պարզ և էժան միջոց տարիքային շարժունակության անկումը կանխելու և անկախությունը պահպանելու համար



© NEWS.am Medicine