22:53 1 հունիսի, 2026Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տարեց մարդկանց խոշոր վիրահատական միջամտությունների հետևանքները կարող են անդրադառնալ ոչ միայն ֆիզիկական վերականգնման, այլև գլխուղեղի վիճակի վրա: Գիտնականները պարզել են, որ վիրահատությունից հետո յուրաքանչյուր մոտ յոթերորդ տարեց բուժառուի մոտ նկատվել է հիշողության և ճանաչողական գործառույթների զգալի վատթարացում, որը շարունակել է սաստկանալ հետագա տարիների ընթացքում:
Հետազոտությանը մասնակցել է 70 տարեկանից բարձր 560 մարդ, որոնք չեն ունեցել դեմենցիայի նշաններ և ենթարկվել են խոշոր պլանային վիրահատությունների, ներառյալ՝ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը և վիրահատական միջամտությունները որովայնի խոռոչի օրգանների վրա: Մասնակիցներին հետևել են վեց տարի շարունակ՝ գնահատելով նրանց ճանաչողական ունակությունների փոփոխությունները:
Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of the American Geriatrics Society հանդեսում:
Հետազոտողները հայտնաբերել են արտահայտված ճանաչողական անկման երեք հիմնական ռիսկի գործոն՝ տարեց հասակը, մինչև վիրահատությունը ճանաչողական թեստերի ավելի ցածր ցուցանիշները և հետվիրահատական դելիրիումի զարգացումը. գիտակցության մթագնման և մտածողության խանգարման վիճակ, որը կարող է առաջանալ վիրահատական միջամտությունից հետո առաջին ժամերին կամ օրերին:
Ինչպես է վիրահատությունն ազդում ուղեղի վրա
Վիրահատական միջամտությունների և անզգայացման ազդեցությունն ուղեղի աշխատանքի վրա ուսումնասիրվում է արդեն մի քանի տասնամյակ: Այդ ընթացքում գիտնականներն առանձնացրել են վիճակների մի խումբ, որոնք հայտնի են որպես հետվիրահատական նեյրոճանաչողական խանգարումներ:
Այդ խանգարումները կարող են ուղեկցվել վիրահատությունից հետո հիշողության, ուշադրության և այլ ճանաչողական գործառույթ ների վատթարացմամբ:
Նախորդ հետազոտությունները նման խանգարումները կապում էին մահվան բարձր ռիսկի և ճանաչողական ունակությունների տևական անկման հետ, հատկապես տարեց հասակի մարդկանց շրջանում:
Հաշվի առնելով, որ մինչև 2030 թվականը ԱՄՆ բնակչության ավելի քան 20%-ը կլինի 65 տարեկանից բարձր՝ վիրահատություններից հետո ճանաչողական առողջության պահպանման հարցը ձեռք է բերում էլ ավելի մեծ նշանակություն:
Հետազոտության ընթացքը
Վիրահատական բուժման երկարաժամկետ հետևանքները գնահատելու համար գիտնականներն օգտագործել են Successful Aging after Elective Surgery (SAGES) խոշոր բազմակենտրոն նախագծի տվյալները:
Վերլուծության մեջ ներառվել են 70 տարեկան և բարձր հասակի 560 բուժառուներ, ովքեր ենթարկվել են խոշոր ոչ սրտային վիրահատությունների՝ առնվազն երեք օր հիվանդանոցում գտնվելով:
Վիրահատությունից առաջ մասնակիցներն անցել են ստանդարտ նեյրոհոգեբանական թեստեր՝ հիշողությունը, ուշադրությունը և այլ ճանաչողական գործառույթները գնահատելու համար:
Միջամտությունից հետո հետազոտողները հետևել են դելիրիումի զարգացմանը՝ օգտագործելով ստանդարտացված ախտորոշիչ գործիք հանդիսացող Գիտակցության մթագնման գնահատման մեթոդը:
Համեմատության համար ձևավորվել էր 119 տարեց մարդկանցից բաղկացած ստուգիչ խումբ, որոնք վիրահատական միջամտության չէին ենթարկվել:
Ճանաչողական գործառույթ ների փոփոխության երեք սցենար
Վերլուծությունը ցույց է տվել վիրահատությունից հետո ճանաչողական փոփոխությունների երեք տարբեր հետագծերի գոյությունը:
Բուժառուների մոտավորապես մեկ քառորդի մոտ ճանաչողական գործառույթ ները մնացել են կայուն դիտարկման ամբողջ ժամանակահատվածում:
Մասնակիցների մեծամասնության շուրջ 59%-ի շրջանում նկատվել է միայն չնչին անկում, որը համապատասխանում է տարիքային բնական փոփոխություններին:
Սակայն բուժառուների գրեթե 15%-ի մոտ նկատվել է հիշողության և մտածողության արտահայտված ու առաջադիմող վատթարացում, որը շարունակել է ուժեղանալ հետագա տարիներին:
Ծանր ճանաչողական անկման ամենաուժեղ կանխատեսիչը եղել է հետվիրահատական դելիրիումը: Այն բուժառուների շրջանում, որոնք բախվել են այս բարդությանը, ճանաչողական գործառույթների լուրջ վատթարացման ռիսկը մոտ երկու անգամ ավելի բարձր է եղել, քան նրանց շրջանում, ովքեր դա չեն զգացել:
Ի՞նչ է դա նշանակում բժշկության համար
Ըստ հեղինակների՝ հետազոտության արդյունքները օգնում են ավելի լավ հասկանալ, թե ինչպիսի եղանակով կարող են խոշոր վիրահատություններն ազդել տարեց մարդկանց ուղեղի առողջության վրա երկարաժամկետ հեռանկարում:
Գիտնականներն ընդգծում են, որ այս տվյալները կլինիկական պրակտիկայում ներդնելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ բուժառուների ավելի մեծ և բազմազան խմբերի մասնակցությամբ:
Ընդսմին, բարձր ռիսկի ենթակա բուժառուներին նախապես բացահայտելու հնարավորությունը կարող է օգնել բժիշկներին ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ, մասնավորապես՝ կանխել հետվիրահատական դելիրիումի զարգացումը:
Հեռանկարում դա կարող է նպաստել ճանաչողական գործառույթների պահպանմանը և վիրահատական բուժումից հետո տարեց մարդկանց կյանքի որակի բարելավմանը: