23:15 2 հունիսի, 2026Միջին տարիքում քնի խնդիրները կարող են երկարաժամկետ բացասական ազդեցություն ունենալ հոգեբանական բարեկեցության վրա, ընդ որում՝ կանանց շրջանում այդ ազդեցությունն ավելի արտահայտված է, քան տղամարդկանց շրջանում։ Նման եզրակացության են հանգել նոր հետազոտության հեղինակները, որի արդյունքները կներկայացվեն SLEEP 2026 տարեկան համաժողովում։
Գիտնականները մասնակիցներին դիտարկել են գրեթե տասը տարի և պարզել, որ այն մարդիկ, որոնք հայտնել են միջին տարիքում քնի խանգարումների մասին, ինը տարի անց ավելի հաճախ են դրսևորել հոգեբանական բարեկեցության ավելի ցածր ցուցանիշներ։ Այդ կապը պահպանվել է նույնիսկ մի շարք գործոններ, մասնավորապես՝ տարիքը, կրթության մակարդակը, զբաղվածությունը, ամուսնական կարգավիճակը, հիվանդությունների առկայությունը և հոգեկան առողջության սկզբնական վիճակը հաշվի առնելուց հետո։
Տարբերություններն առանձնապես նկատելի են եղել տղամարդկանց և կանանց միջև։ Բազմաթիվ գործոնների գծով վիճակագրական ճշգրտումից հետո՝ քնի խնդիրների և հոգեբանական բարեկեցության անկման միջև փոխադարձ կապը նշանակալի է մնացել միայն կանանց շրջանում։
«Քնի խնդիրներն, ըստ ամենայնի, երկարաժամկետ բացասական ազդեցություն են թողնում հոգեբանական բարեկեցության վրա գրեթե մեկ տասնամյակի ընթացքում, և մեր ընտրանքում այդ ազդեցությունն ավելի արտահայտված էր կանանց շրջանում։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ քնի խանգարումները կարող են հատկապես կարևոր երկարաժամկետ ռիսկի գործոն լինել կանանց հոգեբանական բարեկեցության համար»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, Հարավային Ֆլորիդայի համալսարանի ասպիրանտ և հետազոտող Ֆումիկո Համադան։
Հետազոտության ընթացքում վերլուծվել են Midlife in the United States նախագծին մասնակցած 574 միջին և տարեց հասակի չափահասների տվյալները։ Դիտարկումն իրականացվել է երկու փուլով՝ 2005–2006 և 2013–2017 թվականներին։ Հետազոտության սկզբում մասնակիցների միջին տարիքը 51,7 տարեկան էր, ընդ որում՝ ընտրանքի 55%-ը կազմել են կանայք։
Քնի որակը գնահատվել է Պիտսբուրգի քնի որակի ինդեքսի միջոցով, իսկ հոգեբանական բարեկեցությունը՝ 42 հարցից բաղկացած վավերացված հարցարանի օգնությամբ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ միջին տարիքում քնի խանգարումները կապված են ապագայում հոգեբանական բարեկեցության ավելի ցածր մակարդակի հետ։
Հետազոտողների կարծիքով՝ ստացված տվյալներն ընդգծում են վաղ կանխարգելիչ ծրագրերի մշակման կարևորությունը, որոնք հաշվի են առնում քնի հարցերում տղամարդկանց և կանանց միջև առկա տարբերությունները։
«Սեռային տարբերությունները հաշվի առնող և քնի բարելավմանն ուղղված վաղ միջամտությունների մշակումը կարող է կարևոր միջոց դառնալ կյանքի ընթացքում հոգեբանական բարեկեցությունը պահպանելու համար»,- ընդգծել է Համադան։
Հետազոտության թեզիսները վերջերս հրապարակվել են Sleep ամսագրի առցանց հավելվածում։ Ամբողջական արդյունքները կներկայացվեն հունիսի 17-ին Բալթիմորում անցկացվելիք SLEEP 2026 համաժողովում։