Միջերկրածովյան սննդակարգն ի վիճակի է նվազեցնել դեռահասների տագնապայնության ախտանիշները. ցույց է տվել հետազոտությունը

21:08   2 հունիսի, 2026

Դեռահասության տարիքում միջերկրածովյան սննդակարգին հետևելը ի վիճակի է նվազեցնել տագնապայնության մակարդակը, իսկ հղիության ընթացքում նման դիետայի պահպանումը կարող է երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ երեխաների հոգեկան առողջության վրա։ Նման եզրակացության են հանգել Nutrients հանդեսում հրապարակված հետազոտության հեղինակները։

Միջերկրածովյան սննդակարգը որպես հոգեկան առողջության գործոն

Դեռահասության տարիքն ուղեկցվում է զգալի կենսաբանական, հոգեբանական և սոցիալական փոփոխություններով, որոնք կարող են նպաստել հուզական դժվարությունների և տագնապային խանգարումների զարգացմանը։ Քանի որ նման խանգարումները հաճախ պահպանվում են նաև չափահաս տարիքում, հետազոտողները շարունակում են ուսումնասիրել կենսակերպի այն գործոնները, որոնք ի վիճակի են աջակցել հոգեկան բարեկեցությանը։

Միջերկրածովյան սննդակարգը, որը ներառում է մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկավոր մթերքներ, ընդեղեն, ձիթապտղի ձեթ և ձուկ, նախկինում արդեն կապվել է չափահասների հոգեկան առողջության բարելավման և դեպրեսիայի ռիսկի նվազեցման հետ։ Սակայն երեխաների և դեռահասների վերաբերյալ տվյալները դեռևս մնում էին հակասական։

Նոր հետազոտությունը նվիրված էր դեռահասության տարիքում միջերկրածովյան սննդակարգի պահպանման, հղիության ընթացքում մոր սննդակարգի և դեռահասների տագնապայնության, վարքագծային դժվարությունների ու հուզական վիճակի ցուցանիշների միջև փոխադարձ կապի ուսումնասիրությանը։

KLOTHO կոհորտայի տվյալները

Հետազոտությունն իրականացվել է KLOTHO նախագծի շրջանակում, որը երկարաժամկետ կոհորտային հետազոտություն է և ուսումնասիրում է վաղ զարգացման գործոնների ազդեցությունը սերունդների առողջության վրա։ Հետազոտության մեջ ներառվել է 86 դեռահաս։ Միջերկրածովյան սննդակարգին նրանց հավատարմության աստիճանը գնահատվել է վավերացված սննդակարգային ինդեքսի օգնությամբ։

Հղիության ընթացքում մայրերի սննդակարգը գնահատվել է սննդամթերքի օգտագործման հաճախականության հատուկ հարցաթերթիկների միջոցով։ Դեռահասների հոգեկան առողջությունը որոշվել է ստանդարտացված և ստուգված հարցարանների օգնությամբ։

Ավելի առողջ սնունդը կապված է ավելի ցածր տագնապայնության հետ

Վերլուծությունը ցույց է տվել միջերկրածովյան դիետայի նկատմամբ չափավոր հավատարմություն ինչպես դեռահասների, այնպես էլ նրանց մայրերի շրջանում։ Ընդհանուր առմամբ, մասնակիցների շրջանում նկատվել են ցածր կամ չափավոր վարքագծային դժվարություններ և դեպրեսիվ ախտանիշների ոչ բարձր մակարդակ։

Հետազոտողները պարզել են, որ միջերկրածովյան սննդակարգին ավելի խստորեն հետևելը կապված է սոցիալական տագնապայնության և բաժանման տագնապի ավելի ցածր ցուցանիշների հետ։ Բացի դրանից, նման դեռահասներն, ընդհանուր առմամբ, տագնապայնության ավելի ցածր մակարդակ են դրսևորել։

Նմանատիպ արդյունքներ են նկատվել նաև այն մայրերի երեխաների շրջանում, որոնք հղիության ընթացքում հետևել են միջերկրածովյան սննդակարգին, ինչը մատնանշում է հուզական առողջության վրա ներարգանդային սնուցման հնարավոր երկարաժամկետ ազդեցությունը։

Կարևոր դեր են խաղում նաև կենսակերպի այլ գործոններ

Սեռը, մարմնի զանգվածի ինդեքսը, քնի տևողությունը և ֆիզիկական ակտիվության մակարդակը հաշվի առնելուց հետո՝ դեռահասների սննդակարգւ և ընդհանուր տագնապայնության միջև կապը դադարել է վիճակագրորեն նշանակալի լինելուց։ Դա վկայում է այն մասին, որ քունը և ֆիզիկական ակտիվությունը կարող են մասնակիորեն բացատրել հայտնաբերված ազդեցությունները։

Ընդսմին, միջերկրածովյան դիետայի պահպանման և տագնապայնության առանձին տեսակների՝ սոցիալական ֆոբիայի ու բաժանման տագնապի ավելի ցածր ցուցանիշների միջև կապը պահպանվել է։ Նմանապես, հղիության ընթացքում մոր սննդակարգը շարունակել է կապված մնալ երեխաների մոտ ընդհանուր տագնապայնության ավելի ցածր մակարդակի հետ՝ նույնիսկ այլ գործոնները հաշվի առնելուց հետո։

Հեղինակներն ընդգծում են, որ հայտնաբերված ազդեցությունները եղել են չափավոր իրենց մեծությամբ և զգուշավոր մեկնաբանություն են պահանջում։

Ընթացիկ սննդային սովորությունները կարող են ավելի մեծ նշանակություն ունենալ

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ դեռահասների ներկայիս սննդակարգն ավելի հետևողականորեն է կապված տագնապայնության ախտանիշների հետ, քան հղիության ընթացքում մոր սնունդը։ Գիտնականների կարծիքով՝ դա կարող է բացատրվել նրանով, որ դեռահասների ուղեղը շարունակում է ակտիվորեն զարգանալ և առանձնապես զգայուն է մնում շրջակա միջավայրի, դրանց թվում՝ սննդի ազդեցության նկատմամբ։

Միևնույն ժամանակ, հետազոտողները նշում են, որ որոշակի դեր կարող են խաղալ նաև ընդհանուր ընտանեկան և սոցիալական գործոնները։

Հնարավոր կենսաբանական մեխանիզմները

Միջերկրածովյան սննդակարգի և տագնապայնության միջև կապը կարող է բացատրվել մի քանի կենսաբանական մեխանիզմներով։ Նման սննդակարգը հարուստ է ուղեղի բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ օմեգա-3 ճարպաթթուներով, B խմբի վիտամիններով, պոլիֆենոլներով և հակաօքսիդանտներով։

Այդ նյութերը կարող են ազդել նյարդահաղորդիչների արտադրության վրա և նվազեցնել բորբոքման մակարդակը, որն էլ էլ ավելի հաճախ է դիտարկվում որպես տագնապային խանգարումների զարգացման գործոններից մեկը։ Բացի դրանից, միջերկրածովյան սննդակարգը նպաստում է աղիքների ավելի առողջ միկրոբիոտայի ձևավորմանը, որը «աղիք-ուղեղ» առանցքի միջոցով նույնպես կարող է ազդել հոգեկան առողջության վրա։

Թեև հետազոտության արդյունքները վկայում են նրա մասին, որ առողջ սնունդը՝ լիարժեք քնի և կանոնավոր ֆիզիկական ակտիվության հետ համակցված, կարող է նպաստել դեռահասների շրջանում տագնապայնության որոշ ախտանիշների նվազեցմանը, հեղինակներն ընդգծում են, որ այս աշխատանքը թույլ չի տալիս պատճառահետևանքային կապ հաստատել։ Արդյունքների հաստատման և մեխանիզմների պարզաբանման համար անհրաժեշտ են հետագա երկարաժամկետ և միջամտական հետազոտություններ։



© NEWS.am Medicine