20:01 8 հունիսի, 2026Բարձր սթրեսի ֆոնին ուշ երեկոյան սնունդ ընդունելը կարող է զգալիորեն մեծացնել մարսողական խնդիրների առաջացման վտանգը։ Նման եզրահանգման են եկել նոր նախնական հետազոտության հեղինակները, որը ներկայացվել է Digestive Disease Week 2026 գիտաժողովում։
Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր օրական կալորիականության ավելի քան 25%-ը սպառել են ժամը 21:00-ից հետո և միաժամանակ ենթարկվել են խրոնիկական սթրեսի, 2,5 անգամ ավելի հաճախ են աղիների աշխատանքի խանգարումներ ունեցել, ներառյալ փորկապությունը և փորլուծությունը։
Արդյունքները դեռևս չեն անցել անկախ գիտական փորձաքննություն և չեն հրապարակվել գրախոսվող հանդեսում։ Բացի դրանից, հետազոտությունը կրել է դիտողական բնույթ, ուստի թույլ չի տալիս ուղղակի պատճառահետևանքային կապ ապացուցել սթրեսի, ուշ սնվելու և աղիների վիճակի միջև։
Ըստ գիտական աշխատանքի առաջատար հեղինակ, դոկտոր Հարիկա Դադիգիրիի՝ հետազոտության գաղափարն առաջացել է ուշ սնվելու՝ մարսողական համակարգի առողջության վրա ունեցած ազդեցության հանդեպ իր անձնական հետաքրքրությունից։ Նախկինում այս ոլորտում հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած էր ուշ ընթրիքների՝ գիրության, դիաբետի, քնի խանգարումների և թթվային ռեֆլյուքսի հետ ունեցած կապի վրա։
Գիտնականները վերլուծել են ԱՄՆ Առողջապահության և սննդի ազգային հետազոտության (NHANES) ավելի քան 11 հազար մասնակիցների, ինչպես նաև American Gut Project նախագծի (որն այժմ հայտնի է որպես Microsetta Initiative) ավելի քան 4100 մասնակիցների տվյալները։
Ըստ արդյունքների՝ ուշ սնվելն ինքնին կապված չի եղել աղիների աշխատանքի վատթարացման հետ։ Սակայն խրոնիկական սթրեսի հետ համադրվելիս մարսողության խանգարումների զարգացման հավանականությունը զգալիորեն աճել է։
Բացի դրանից, այն մասնակիցների շրջանում, որոնք միաժամանակ ունեցել են բարձր սթրես և կանոնավոր կերպով սնվել են ուշ երեկոյան, աղիների զգալիորեն ավելի ցածր միկրոբիոլոգիական բազմազանություն է հայտնաբերվել։ Սովորաբար, բազմազան միկրոբիոմը համարվում է մարսողական համակարգի առողջության և զանազան անբարենպաստ ազդեցությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականության կարևոր ցուցանիշ։
Բեյլորի բժշկական քոլեջից դոկտոր Ջեֆրի Փրեյդիսը, որը չի մասնակցել հետազոտությանը, նշել է, որ սթրեսն ու ուշ սնվելը հաճախ ուղեկցում են, ուստի ստացված տվյալները առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում։ Նա ընդգծել է, որ աղիքային միկրոօրգանիզմները կարևոր դեր են խաղում սննդանյութերի յուրացման, իմունային համակարգի աշխատանքի և աղիների ու ուղեղի միջև փոխազդեցության հարցում։
Փորձագետներն ուշադրություն են դարձնում նաև այն հանգամանքին, որ հետազոտությունը հաշվի չի առել մի շարք կարևոր գործոններ, դրանց թվում՝ սննդի բաղադրությունը, խրոնիկական հիվանդությունների առկայությունը և դեղորայքի ընդունումը։ Օրինակ՝ ուշ երեկոյան սնվող մարդիկ կարող են ավելի հաճախ օգտագործել ուլտրա-վերամշակված մթերքներ, որոնք ինքնին կապված են աղիքային խնդիրների բարձր ռիսկի հետ։
Թեև աշխատանքը չի ապացուցում պատճառահետևանքային կապը, հետազոտողները ենթադրում են, որ առանցքային դեր կարող են խաղալ օրգանիզմի ցիրկադային ռիթմերի խանգարումները։ Թե՛ մարսողական համակարգը և թե՛ աղիքային միկրոբիոմը աշխատում են ներքին կենսաբանական ժամացույցով, որը զգայուն է սննդի ընդունման ժամի, սթրեսի մակարդակի և սննդային սովորությունների նկատմամբ։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի ընդունումը միայն ցերեկային ժամերով սահմանափակելը կարող է նվազեցնել բորբոքումն աղիներում և նպաստել աղիքային բակտերիաների առողջ հավասարակշռության պահպանմանը։ Հայտնի է նաև, որ սթրեսի հորմոն կորտիզոլի բարձր մակարդակն ընդունակ է բացասաբար ազդել միկրոբիոմի կազմի վրա։
Մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում սնունդ չընդունել քնելուց երեք-չորս ժամ առաջ։ Դա ստամոքսին բավարար ժամանակ է տալիս սնունդը մարսելու համար և կարող է նվազեցնել մարսողական խնդիրների ու թթվային ռեֆլյուքսի ռիսկը։
Եթե ուշ ժամին սնվելն անխուսափելի է, բժիշկները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ թեթև կերակուրներին և փոքր չափաբաժիններին՝ խուսափելով յուղոտ, ծանր և տապակած սննդից։ Մրգերը, բանջարեղենը, բարդ ածխաջրերը և սպիտակուցի անյուղ աղբյուրները սովորաբար ավելի հեշտ են մարսվում և ավելի քիչ են ազդում քնի որակի ու մարսողական համակարգի աշխատանքի վրա։