12:20 10 հունիսի, 2026Ավելի քան մեկ դար առաջ տուբերկուլոզի կանխարգելման համար մշակված պատվաստանյութը կարող է օգնել դիաբետի որոշ տեսակներ ունեցող մարդկանց ավելի լավ վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնել ինսուլինի պահանջը։ Այս մասին են վկայում կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլի արդյունքները։
Խոսքը ԲՑԺ (BCG - Bacillus Calmette–Guérin) պատվաստանյութի մասին է, որը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին՝ խոշոր եղջերավոր անասունների մոտ տուբերկուլոզ առաջացնող բակտերիայի թուլացված շտամի հիմքի վրա։ Թեև ի սկզբանե դեղամիջոցը նախատեսված էր տուբերկուլոզից պաշտպանվելու համար, վերջին տարիներին գիտնականներն ուսումնասիրում են դրա հնարավոր արդյունավետությունը տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ միզապարկի քաղցկեղի, Ալցհեյմերի հիվանդության և աուտոիմուն խանգարումների բուժման գործում։
Նոր Օռլեանում կայացած Ամերիկյան դիաբետիկ ասոցիացիայի ամենամյա համաժողովի ժամանակ հ
Գիտնականներն ուսումնասիրել են պացիենտների երկու խումբ՝ մարդկանց, ում մոտ 1-ին տիպի դիաբետը զարգացել է վաղ տարիքում (մինչև 21 տարեկան), և մեծահասակների լատենտ (թաքնված) աուտոիմուն դիաբետով (LADA) հիվանդներին, որը սովորաբար ի հայտ է գալիս 30 տարեկանից հետո։ Երկու խմբում էլ ԲՑԺ պատվաստումը կապված է եղել ինսուլինի պահանջի նվազման հետ։
Հետազոտությանը մասնակցել է LADA ունեցող 95 մարդ։ Նրանցից 68-ը հինգ տարվա ընթացքում ստացել է ԲՑԺ-ի վեց դեղաչափ, իսկ մնացածը՝ պլացեբո (չեզոք նյութ)։ Թեև պատվաստանյութը չի հանգեցրել արյան մեջ շաքարի մակարդակի զգալի նվազման, պատվաստված մասնակիցների մոտ ինսուլինի միջին պահանջը նվազել է գրեթե 3%-ով։ Իսկ պլացեբոյի խմբում, ընդհակառակը, նույն ժամանակահատվածում ինսուլինի պահանջն աճել է մոտ 22%-ով։
Հետազոտողները ենթադրում են, որ ԲՑԺ-ի իմունամոդուլացնող (իմունիտետը կարգավորող) ազդեցությունն օգնում է պահպանել ինսուլին արտադրող բետա-բջիջների գործառույթը՝ դանդաղեցնելով դրանց քայքայումն ու աուտոիմուն գործընթացի առաջխաղացումը։
Փորձագետների խոսքով՝ ստացված տվյալները համապատասխանում են կենդանիների վրա կատարված ավելի վաղ հետազոտությունների արդյունքներին, որոնք ցույց էին տվել, որ ԲՑԺ-ն ընդունակ է կանխել կամ ճնշել 1-ին տիպի դիաբետի զարգացումը։ Թեև այս ազդեցությունը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, գիտնականներն արդյունքները հուսադրող և պոտենցիալ կարևոր են համարում աուտոիմուն դիաբետի ապագա բուժման համար։