Թեյը կարող է նպաստել առողջության ամրապնդմանն ու երկարակեցությանը, սակայն շատ բան կախված է դրա օգտագործման եղանակից

23:58   10 հունիսի, 2026

Ըստ գիտական հետազոտությունների խոշոր վերլուծության՝ թեյն ընդունակ է զգալի օգուտ բերել առողջությանը՝ նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի, քաղցկեղի որոշ տեսակների, տարիքային ճանաչողական ֆունկցիաների վատթարացման և մկանային զանգվածի կորստի ռիսկը։ Սակայն գիտնականները զգուշացնում են՝ ոչ բոլոր թեյային ըմպելիքներն են հավասարապես օգտակար։ Շշալցված թեյը և հանրահայտ bubble tea-ն հաճախ պարունակում են շաքար, արհեստական քաղցրացուցիչներ և կոնսերվանտներ, որոնք կարող են նվազեցնել կամ լիովին չեզոքացնել ըմպելիքի դրական ազդեցությունը։

Camellia sinensis բույսի տերևներից պատրաստվող թեյը մարդիկ օգտագործում են արդեն երկար դարեր։ Ի սկզբանե այն կիրառվել է որպես բուժամիջոց, իսկ ավելի ուշ դարձել է աշխարհում ամենատարածված ըմպելիքներից մեկը։ Դրա օգտակար հատկությունները կապում են նախևառաջ պոլիֆենոլների, հատկապես՝ կատեխինների բարձր պարունակության հետ, որոնք օժտված են հակաօքսիդանտային և հակաբորբոքային ազդեցությամբ։

Չինաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի Թեյի հետազոտությունների ինստիտուտի հեղինակները վերլուծել են փորձարարական և կլինիկական հետազոտությունների արդյունքները, որոնք նվիրված են մարդու առողջության վրա թեյի տարբեր տեսակների ազդեցությանը։ Աշխատանքը հրապարակվել է Beverage Plant Research հանդեսում։

Արդյունքները ցույց են տվել, որ հատկապես լավ են ուսումնասիրված կանաչ թեյի առավելությունները։ Այն նպաստում է զարկերակային ճնշման նվազեցմանը և խոլեստերինի ցուցանիշների բարելավմանը՝ օգնելով պաշտպանել սիրտ-անոթային համակարգը։ Բացի դրանից, բնակչության մակարդակով խոշոր հետազոտությունների տվյալները վկայում են, որ թեյի կանոնավոր օգտագործումը կապված է վաղաժամ մահվան, սիրտ-անոթային հիվանդությունների և որոշ տեսակի օնկոլոգիական հիվանդությունների ռիսկի նվազման հետ։

Հետազոտողները պարզել են նաև, որ թեյը կարող է նպաստել գիրություն ունեցող մարդկանց մարմնի զանգվածի վերահսկմանը և նյութափոխանակության բարելավմանը։ Կանաչ թեյի կատեխինները կապված են քաշի նվազման և մետաբոլիկ ցուցանիշների բարելավման հետ։ Դրանից բացի, ըմպելիքը պոտենցիալ է ցուցաբերում ուղեղը տարիքային փոփոխություններից պաշտպանելու և տարեց մարդկանց մոտ մկանային զանգվածը պահպանելու հարցում։ Թեյի կանոնավոր օգտագործումն ասոցացվում է ճանաչողական խանգարումների ավելի ցածր տարածվածության և Ալցհեյմերի հիվանդությանն առնչվող բիոմարկերների ավելի քիչ քանակի հետ։

Միևնույն ժամանակ, զեկույցի հեղինակներն ուշադրություն են հրավիրում մի շարք հնարավոր ռիսկերի վրա։ Առևտրային թեյային ըմպելիքները, հատկապես շշալցված թեյը և բաբլ-թին, հաճախ հավելյալ շաքար, արհեստական քաղցրացուցիչներ և կոնսերվանտներ են պարունակում, որոնք ընդունակ են նվազեցնելու թեյի օգուտը։ Բացի դրանից, թեյի որոշ նմուշներում կարող են առկա լինել թունաքիմիկատների մնացորդներ, ծանր մետաղներ և միկրոպլաստիկ։ Թեև օգտագործման սովորական մակարդակի դեպքում դրանք չեն համարվում լուրջ սպառնալիք առողջության համար, դրանց ազդեցությունը կարող է նշանակություն ունենալ այն մարդկանց համար, որոնք երկար տարիների ընթացքում մեծ քանակությամբ թեյ են խմում։

Առանձնահատուկ նշվում է, որ թեյն ընդունակ է նվազեցնել որոշ սննդարար նյութերի, մասնավորապես՝ օրգանիզմի կողմից ոչ հեմային երկաթի և կալցիումի յուրացումը։ Դա կարող է կարևոր լինել բուսակերների և հատուկ սննդային կարիքներ ունեցող մարդկանց համար։

Հեղինակները հանգել են այն եզրակացության, որ թարմ պատրաստված թեյի չափավոր օգտագործումը մնում է օգտակար սովորություն և կարող է նպաստել սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի և քաղցկեղի որոշ տեսակների կանխարգելմանը։ Հետագայում անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, որոնք կօգնեն ավելի ճշգրիտ գնահատել թեյի տարբեր տեսակների երկարաժամկետ ազդեցությունները և հնարավոր աղտոտիչների ազդեցությունը մարդու առողջության վրա։



© NEWS.am Medicine