10:49 25 հունիսի, 2026Լուիսվիլի համալսարանի հետազոտողները պարզել են, թե ինչպես է աղիքային բակտերիաների կողմից որոշակի սննդամթերքների մարսումից հետո արտադրված բնական նյութն օգնում պաշտպանել աղիքները վնասվածքներից։ Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները կարող են ճանապարհ հարթել աղիքների բորբոքային հիվանդությունների բուժման նոր մեթոդների ստեղծման համար։
Աղիքների բորբոքային հիվանդությունները, որոնց թվում են Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը, ախտահարում են միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում։ Այս հիվանդություններն ուղեկցվում են քրոնիկական բորբոքումով և աղիքի լորձաթաղանթի վնասմամբ։ Արդյունքում խաթարվում է աղիքային պատնեշի աշխատանքը, որը նորմալ վիճակում կանխում է վնասակար միկրոօրգանիզմների և տոքսինների թափանցումը օրգանիզմ։
Հետազոտության հեղինակներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Ուրոլիտին Ա անվանումով նյութի վրա։ Այն առաջանում է աղիքային բակտերիաների ազդեցությամբ՝ նռան, ընկույզի, հատապտուղների և բուսական ծագման որոշ այլ մթերքների մարսումից հետո։
Գիտնականները պարզել են, որ Ուրոլիտին Ա-ն ակտիվացնում է հատուկ սպիտակուցային ընկալիչ՝ արիլհիդրոկարբոնային ընկալիչը, որը որպես յուրօրինակ տվիչ է հանդես գալիս շրջակա միջավայրից, սննդից և աղիքների միկրոբիոմից ստացվող ազդանշանների համար։
Նախկինում հետազոտողներին հայտնի է եղել, որ այս ընկալիչի ակտիվացումը կարող է հանգեցնել ինչպես վնասակար, այնպես էլ օգտակար հետևանքների։ Սակայն դրանց միջև տարբերությունը որոշող մեխանիզմը մնում է անհայտ։
Նոր աշխատանքը ցույց է տվել, որ վճռորոշ նշանակություն ունի բջիջների այն տեսակը, որտեղ տեղի է ունենում ընկալիչի ակտիվացումը։ Ուրոլիտին Ա-ն ընտրողաբար ազդում է աղիքի այն էպիթելային բջիջների վրա, որոնք ձևավորում են դրա ներքին մակերեսի պաշտպանիչ շերտը։
Այս բջիջներում գործարկվում է այսպես կոչված ինֆլամասոմի՝ մոլեկուլային համալիրի աշխատանքը, որը սովորաբար կապում են բորբոքային գործընթացների հետ։ Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ տվյալ դեպքում համակարգն այլ կերպ է գործում։
Ուրոլիտին Ա-ի ազդեցության տակ ինֆլամասոմը նպաստում է այնպիսի նյութերի արտազատմանը, որոնք օգնում են վերականգնել վնասված լորձաթաղանթը, ամրապնդում են աղիքային պատնեշը, խթանում են պաշտպանիչ լորձի արտադրությունը և ուժեղացնում հակամիկրոբային պաշտպանությունը։ Բորբոքման սրման փոխարեն գործարկվում են հյուսվածքների վերականգնման մեխանիզմները։
Հետազոտության առաջատար հեղինակ Շվետա Գհոշի խոսքով՝ այս աշխատանքը ցույց է տալիս, որ բորբոքային ոչ բոլոր ազդանշանային ուղիներն են վնասակար օրգանիզմի համար։
«Ճիշտ պայմաններում և ճիշտ բջիջներում այս մեխանիզմները կարող են վճռորոշ դեր խաղալ աղիքների առողջության պահպանման և հյուսվածքների վերականգնման գործում»,- նշել է հետազոտողը։
Գիտնականները ստացված արդյունքները հաստատել են ոչ միայն բջջային մոդելների և օրգանոիդների վրա, այլև աղիքների բորբոքային հիվանդություններ ունեցող պացիենտների աղիքային հյուսվածքի նմուշներում։ Բոլոր դեպքերում էլ Ուրոլիտին Ա-ն ակտիվացրել է միևնույն պաշտպանական մեխանիզմը։
Հեղինակները կարծում են, որ իրենց բացահայտումը կարող է փոխել նմանատիպ հիվանդությունների բուժման մոտեցումը։ Ժամանակակից դեղամիջոցների մեծ մասը ընկճում է իմունային համակարգը, ինչը հաճախ ուղեկցվում է կողմնակի բարդություններով։ Նոր մոտեցումը ներգործություն է կատարում միայն բջիջների որոշակի տեսակների կոնկրետ պաշտպանական մեխանիզմների վրա՝ միաժամանակ պահպանելով իմունիտետի բնականոն աշխատանքը։
Հետազոտության ղեկավար Վենկատակրիշնա Ռաո Ջալան նշել է, որ այս աշխատանքը փաստում է սննդի, աղիքային բակտերիաների և մարդու օրգանիզմի փոխգործակցության կարևոր դերը։
Գիտնականների կարծիքով՝ Ուրոլիտին Ա-ի և դրա հետ կապված ազդանշանային ուղիների հետագա ուսումնասիրությունը կարող է հանգեցնել աղիքների բորբոքային հիվանդությունների բուժման ավելի թիրախային և անվտանգ մեթոդների մշակմանը, որոնք ուղղված կլինեն ոչ թե իմունային պատասխանի ընկճմանը, այլ աղիքների բնական հավասարակշռության և պաշտպանական գործառույթների վերականգնմանը։