Կլինիկական նոր հանձնարարականները թարմացրել են չափահասների ճարպակալման ախտորոշման և գնահատման չափորոշիչները

18:30   29 հունիսի, 2026

Ճարպակալման հետազոտական ասոցիացիան (Obesity Association), որը մտնում է Ամերիկյան դիաբետիկ ասոցիացիայի (ADA) կազմի մեջ, ներկայացրել է «Ավելցուկային քաշի և գիրության դեպքում բժշկական օգնության ցուցաբերման չափորոշիչների» նոր բաժինը։ Այն նվիրված է չափահասների ճարպակալման զանգվածային հետազոտմանը, ախտորոշմանը, համալիր գնահատմանը և փուլայնացմանը: Փաստաթուղթը հրապարակվել է Diabetes, Obesity, and CardioMetabolic CARE և BMJ Open Diabetes Research & Care բժշկագիտական հանդեսներում։

Նոր հանձնարարականներն ընդգծում են, որ ճարպակալումը պետք է դիտարկել որպես բարդ խրոնիկական հիվանդություն, այլ ոչ թե սոսկ ավելցուկային մարմնի զանգված։ ADA փորձագետների կարծիքով՝ հիվանդության վաղ հայտնաբերումը և բուժման անհատական մոտեցումը երկարաժամկետ արդյունքների բարելավման հիմնական պայմաններն են։

Գլխավոր հանձնարարականներից մեկը դարձել է բոլոր չափահասների շրջանում մարմնի զանգվածի ինդեքսի ամենամյա սքրինինգը՝ ստանդարտացված գրաֆիկների օգնությամբ ժամանակի ընթացքում քաշի փոփոխությունների պարտադիր հետևմամբ։ Նման մոտեցումը հնարավորություն կտա հայտնաբերել ճարպակալման զարգացման վտանգը դեռևս մինչև բարդությունների ի հայտ գալը։

Հեղինակները միաժամանակ առաջարկում են կատարելագործել ախտորոշումը՝ մարմնի զանգվածի ինդեքսի ցուցանիշները համադրելով գոտկատեղի շրջագծի չափման հետ և հաշվի առնելով տարբեր պոպուլյացիաների առանձնահատկությունները։ Հատուկ նշվում է, որ այն մարդկանց շրջանում, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը համապատասխանում է ավելցուկային քաշին, որովայնային ճարպակալման առկայության դեպքում պետք է սահմանվի պաշտոնական «ճարպակալում» ախտորոշումը։

Հանձնարարականները նախատեսում են բուժառուի վիճակի համալիր գնահատում, որը ներառում է ուղեկցող հիվանդությունների, կենսակերպի առանձնահատկությունների, վարքագծային գործոնների և առողջության վրա ազդող սոցիալական պայմանների վերլուծությունը։ Բժիշկների աշխատանքը հեշտացնելու համար մշակվել է ախտորոշման ինտեգրված ալգորիթմ, որը կարելի է ներառել ամենօրյա կլինիկական պրակտիկայում։

Բուժման մարտավարությունը որոշելու համար առաջարկվում է օգտագործել ռիսկերի շերտավորման համակարգեր, մասնավորապես՝ Էդմոնտոնյան ճարպակալման փուլայնացման համակարգը (Edmonton Obesity Staging System), որը գնահատում է ոչ միայն մարմնի զանգվածը, այլև ճարպակալմանն առնչվող բարդությունների առկայությունը։

Քանի որ ճարպակալումը դիտարկվում է որպես խրոնիկական հիվանդություն, նոր չափորոշիչները խորհուրդ են տալիս իրականացնել բուժառուների երկարաժամկետ հսկողություն, այլ ոչ թե սահմանափակվել քաշի նվազեցման կարճաժամկետ ծրագրերով։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ճարպակալումից տառապող մարդկանց խարանման դեմ պայքարին։ Բժշկական աշխատողներին խորհուրդ է տրվում ցուցաբերել հարգալից, դեպի բուժառուի կողմնորոշված մոտեցում, կատարելագործել կլինիկական գործընթացները կանխակալությունը նվազեցնելու համար, ինչպես նաև հաշվի առնել քաշի պատճառով խտրականությանն առնչվող բուժառուների նախկին փորձը։

ADA գլխավոր գիտական և բժշկական տնօրեն դոկտոր Ռիտա Կալյանին ընդգծել է, որ ճշգրիտ ախտորոշումն ու համապարփակ գնահատումը գիրության արդյունավետ բուժման հիմքն են։ Նրա համոզմամբ՝ նոր չափորոշիչները բժշկական աշխատողներին կօգնեն անհատականացված օգնություն տրամադրել՝ հիմնված ժամանակակից գիտական տվյալների վրա, և վերացնել այդ հիվանդության ախտորոշման ու բուժման մեջ առկա բացթողումները։

Նոր հանձնարարականները մասն են կազմում Ամերիկյան դիաբետիկ ասոցիացիայի ավելի լայն նախաձեռնության, որն ուղղված է ճարպակալման բուժման մոտեցման փոփոխմանը և այն որպես խրոնիկական հիվանդություն ճանաչելուն, որը պահանջում է մշտական բժշկական ուղեկցում, այլ ոչ թե բացառապես կենսակերպի շտկում։



© NEWS.am Medicine