Ֆրանսիացիների գրեթե 100 տոկոսն ամեն օր կենդանի միկրոօրգանիզմներ պարունակող մթերք է օգտագործում․ Nutrition Bulletin

17:46   30 հունիսի, 2026

Ֆրանսիայի գրեթե ողջ բնակչությունը՝ թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները, կանոնավոր կերպով օգտագործում է այնպիսի մթերքներ, որոնք պոտենցիալ կերպով պարունակում են մեծ քանակությամբ կենդանի միկրոօրգանիզմներ։ Այդպիսի մթերքների թվում են յոգուրտը, չպաստերիզացված պանիրները, թարմ մրգերն ու հում բանջարեղենը։ Այս եզրակացությանն են հանգել հետազոտողները՝ վերլուծելով Nutrition Bulletin ամսագրում հրապարակված սննդառության ազգային հարցման տվյալները։

Աշխատանքը հիմնված է սննդի սպառման ֆրանսիական INCA3 հետազոտության տվյալների վրա, որն անցկացվել է 2014-2015 թվականներին։ Ընտրանքում ընդգրկվել է 1775 երեխա և 2121 մեծահասակ՝ (Ֆրանսիայից)։ Նրանց սննդակարգը գնահատվել է սննդառության եռօրյա օրագրերի միջոցով, որոնք ներառել են ինչպես աշխատանքային, այնպես էլ հանգստյան օրերը։

Գիտնականները մթերքները դասակարգել են ըստ կենդանի միկրոօրգանիզմների ենթադրյալ պարունակության՝ ցածր, միջին և բարձր մակարդակների՝ հիմնվելով սննդի բաղադրության և մշակման եղանակների վրա։ Ընդ որում, բուն միկրոօրգանիզմներն ուղղակիորեն չեն չափվել. գնահատումը կրել է անուղղակի բնույթ։

Արդյունքները ցույց են տվել, որ նման մթերքների սպառումը գրեթե համընդհանուր բնույթ ունի. եռօրյա դիտարկման ընթացքում երեխաների մոտ 97,7%-ը և մեծահասակների 98,4%-ը օգտագործել են կենդանի մանրէների միջին կամ բարձր պարունակությամբ սնունդ։ Միջին հաշվով մեծահասակները օրական սպառել են մոտ 216 գրամ այդպիսի մթերք, իսկ երեխաները՝ մոտ 167 գրամ։

Միկրոօրգանիզմների միջին պարունակությամբ մթերքների հիմնական աղբյուր են հանդիսացել հում մրգերն ու բանջարեղենը, մինչդեռ բարձր մակարդակ ապահովող մթերքները նախևառաջ ֆերմենտացված կաթնամթերքներն են, ներառյալ՝ յոգուրտն ու պանիրները։

Հետաքրքիր է, որ այս մթերքների մասնաբաժինը սննդակարգի ընդհանուր էներգետիկ արժեքում համեմատաբար փոքր է եղել՝ երեխաների մոտ մոտ 8,5%, իսկ մեծահասակների մոտ՝ 10,7%։ Այդուհանդերձ, դրանք ապահովել են մի քանի կարևոր սննդանյութերի զգալի մասը, այդ թվում՝ կալցիումի, վիտամին A-ի, վիտամին D-ի և ռիբոֆլավինի (վիտամին B2):

Վերլուծությունը ցույց է տվել նաև, որ նման մթերքների ավելի շատ օգտագործումը կապված է սննդակարգի որակի հետ։ Այն մարդիկ, ովքեր դրանք ավելի հաճախ են ներառել իրենց սննդում, միջին հաշվով կերել են ավելի շատ միրգ, բանջարեղեն, ամբողջական հատիկավորներ, ձուկ ու ընդեղեն, ինչպես նաև ավելի քիչ են օգտագործել քաղցր ըմպելիքներ, ճարպոտ ու վերամշակված մթերքներ։

Սոցիալ-տնտեսական գործոնների ճշգրտումից հետո հետազոտողները պարզել են, որ կենդանի միկրոօրգանիզմներ պարունակող մթերքների բարձր սպառումը զուգակցվում է դիետայի որակի ավելի բարձր ցուցանիշների և սննդառության ազգային հանձնարարականներին ավելի լավ համապատասխանելու հետ։

Միևնույն ժամանակ, հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը կրում է դիտողական բնույթ և թույլ չի տալիս պնդել պատճառահետևանքային կապի առկայությունը։ Բացի այդ, միկրոօրգանիզմների պարունակությունը գնահատվել է անուղղակիորեն, այլ ոչ թե չափվել է լաբորատոր եղանակով, և այն կարող է էապես տատանվել՝ կախված մթերքի արտադրության տեխնոլոգիայից ու պահպանման պայմաններից։

Այդուհանդերձ, հետազոտողները զգուշավոր եզրակացություն են անում. կենդանի միկրոօրգանիզմների պոտենցիալ բարձր պարունակությամբ մթերքները կարող են հանդիսանալ ավելի առողջ սննդակարգի ցուցիչ, քանի որ դրանց օգտագործումը հաճախ ուղեկցվում է ընդհանուր առմամբ ավելի հավասարակշռված սնունդով։



© NEWS.am Medicine