Գիտնականները գնահատել են, թե ինչպես են փոխվել սիրտ-անոթային ռիսկերը ճարպակալման դեպքում վերջին 30 տարում

11:07   2 հուլիսի, 2026

Վերջին երեք տասնամյակների ընթացքում ճարպակալում ունեցող տարեց մարդկանց և մարմնի նորմալ զանգված ունեցող նրանց հասակակիցների միջև զարկերակային ճնշման և «վատ» խոլեստերինի մակարդակների տարբերությունները զգալիորեն կրճատվել են, իսկ որոշ երկրներում՝ գրեթե անհետացել: Այսպիսի եզրակացության է եկել հետազոտողների միջազգային խումբը, որը հրապարակել է աշխատանքի արդյունքները The Lancet ամսագրում:

Հեղինակները կարծում են, որ այս միտման գլխավոր բացատրությունը խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցների, առաջին հերթին՝ ստատինների, ինչպես նաև զարկերակային հիպերտոնիայի բուժման համար նախատեսված դեղերի լայն կիրառումն է:

Այս միջոցների շնորհիվ ճարպակալում ունեցող 40 տարեկանից բարձր շատ մարդկանց սիրտ-անոթային ռիսկը մոտեցել է մարմնի զանգվածի նորմալ ինդեքս (ՄԶԻ) ունեցող մարդկանց մակարդակին:

Ճարպակալումը վաղուց համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից մեկը: Այն նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը և աթերոգեն խոլեստերինի մակարդակի ավելացմանը, ինչը մեծացնում է միոկարդի ինֆարկտի, կաթվածի (ինսուլտի) և սրտային անբավարարության հավանականությունը: Սակայն մինչ այժմ քիչ տվյալներ կային այն մասին, թե ինչպես են այս ցուցանիշները երկար ժամանակահատվածում փոխվել ճարպակալում ունեցող մարդկանց մոտ:

Հետազոտության համար գիտնականները վերլուծել են 110 բժշկական տվյալների բազաների տեղեկությունները, որոնք ընդգրկում են գրեթե մեկ միլիոն մարդ: Վերլուծության մեջ ներառվել են 1990-2024 թվականներին բարձր եկամուտ ունեցող յոթ երկրներում՝ Անգլիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայվանում, Թաիլանդում և Ֆինլանդիայում հավաքագրված տվյալները:

Պարզվել է, որ 1990-ական թվականներին գրեթե բոլոր երկրներում ճարպակալում ունեցող մարդիկ ունեցել են զարկերակային ճնշման և ոչ-ԲԽԼ (ոչ բարձր խտության լիպոպրոտեինների) խոլեստերինի ավելի բարձր ցուցանիշներ. սա այն սովորական «վատ» խոլեստերինն է, որը համարվում է աթերոսկլերոզի ռիսկի կարևորագույն գործոններից մեկը:

Սակայն հաջորդ տասնամյակներում իրավիճակը սկսել է փոխվել: Երկրների մեծ մասում, հատկապես Անգլիայում և ԱՄՆ-ում, զարկերակային ճնշման և «վատ» խոլեստերինի մակարդակի ցուցանիշները զգալիորեն ավելի արագ են նվազել ճարպակալում և ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ, քան մարմնի նորմալ զանգվածի ինդեքս ունեցողների մոտ: Արդյունքում այս խմբերի միջև տարբերություններն աստիճանաբար նվազել են:

Ամենից արտահայտված փոփոխությունները նկատվել են 60–79 տարեկան անձանց շրջանում: Դիտարկման ժամանակահատվածի վերջում Անգլիայի և ԱՄՆ-ի ճարպակալում (հատկապես ծանր աստիճանի) ունեցող տարեց բնակիչները հաճախ ունեցել են զարկերակային ճնշման և աթերոգեն խոլեստերինի նույնպիսի կամ նույնիսկ ավելի ցածր ցուցանիշներ, քան մարմնի նորմալ զանգված ունեցող նրանց հասակակիցները:

Հետազոտողները կարծում են, որ նման մոտեցման գլխավոր պատճառը ճարպակալում ունեցող մարդկանց ավելի ակտիվ դեղորայքային թերապիա նշանակելն է:

Վերջին 30 տարվա ընթացքում հենց այս խումբն է զգալիորեն ավելի հաճախ ստացել խոլեստերինը և զարկերակային ճնշումը նվազեցնող դեղամիջոցներ: Տարբերությունն առավել նկատելի է եղել տարեց տղամարդկանց շրջանում: Այսպես, Անգլիայում և ԱՄՆ-ում 2020-ականների սկզբին խոլեստերինը նվազեցնող դեղեր է ընդունել ծանր ճարպակալմամբ (մարմնի զանգվածի ինդեքսը 35 և բարձր) ավագ տարիքի տղամարդկանց 70–72%-ը՝ նույն տարիքի և նորմալ ՄԶԻ ունեցող տղամարդկանց 40–48%-ի համեմատ:

Հեղինակներն ընդգծում են, որ հենց ստատինների և սիրտ-անոթային այլ դեղամիջոցների լայն հասանելիությունն է, հավանաբար, դարձել ժամանակակից կանխարգելիչ բժշկության ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը:

Միևնույն ժամանակ, հետազոտությունը բացահայտել է մի կարևոր բացառություն: 40 տարեկանից ցածր մարդկանց շրջանում նման բարելավում գրեթե չի նկատվում: Այս տարիքային խմբում ճարպակալում և նորմալ մարմնի զանգված ունեցող մարդկանց միջև զարկերակային ճնշման և խոլեստերինի մակարդակների տարբերությունները շարունակում են զգալի մնալ:

Հետազոտողների կարծիքով՝ սա պայմանավորված է նրանով, որ երիտասարդները շատ ավելի հազվադեպ են ստանում սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման դեղամիջոցներ: Ուստի մասնագետները անհրաժեշտ են համարում կանխարգելման ավելի վաղ միջոցառումների ձեռնարկումը, ներառյալ կենսակերպի փոփոխությունը, կանոնավոր հետազոտությունները և, ցուցումների առկայության դեպքում, ժամանակին դեղորայքային բուժման նշանակումը:

Հեղինակները նաև նշում են հետազոտության սահմանափակումները: Վերլուծության մեջ ներառվել է միայն տնտեսապես զարգացած յոթ երկիր, ուստի ստացված արդյունքները չի կարելի մեխանիկորեն տարածել ցածր և միջին եկամուտ ունեցող պետությունների վրա, որտեղ ստատինների և հիպերտոնիայի բուժման դեղերի հասանելիությունը զգալիորեն ցածր է: Բացի այդ, հետազոտությունը թույլ չի տվել գնահատել դեղերի տարբեր դոզավորումների ազդեցությունը, քանի որ նշանակումների վերաբերյալ տեղեկատվությունը թերի է եղել:



© NEWS.am Medicine