22:39 4 հուլիսի, 2026
Արիզոնա նահանգի համալսարանի գիտնականները միջազգային հետազոտական խմբի հետ եկել են այն եզրակացության, որ, այսպես կոչված, «աղբային ԴՆԹ»-ն կարող է կարևոր դեր խաղալ քաղցկեղի զարգացման հետ կապված բջջային գործընթացների կարգավորման գործում և պոտենցիալ հիմք դառնալ թերապիայի նոր մեթոդների համար։ Աշխատությունը հրապարակվել է Science Advances ամսագրում։
Խոսքը երկար, չկոդավորող ՌՆԹ-ների (long noncoding RNAs, lncRNAs) մասին է՝ գենոմի այն հատվածների, որոնք սպիտակուցներ չեն կոդավորում, բայց մասնակցում են գեների ակտիվության կարգավորմանը։ Նախկինում դրանք համարվում էին «ոչ ֆունկցիոնալ», սակայն արդի հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք կարող են էապես ազդել բջիջների աշխատանքի և հիվանդությունների, այդ թվում՝ ուռուցքային հիվանդությունների զարգացման վրա։
Հետազոտության շրջանակում գիտնականներն անցկացրել են կենդանիների 17 տեսակի շուրջ 18 հազար lncRNA-ների համեմատական գենոմային վերլուծություն՝ հետևելով դրանց էվոլյուցիային գրեթե 500 միլիոն տարվա ընթացքում։ Այդպիսի մոտ 5000 մոլեկուլ կապված է եղել քաղցկեղի տարբեր ձևերի հետ և առանձնացվել է հետագա վերլուծության համար։
Հետազոտողները պարզել են, որ այս ՌՆԹ-ներից շատերը սկզբում առաջացել են որպես գենետիկական նյութի փոքր հատվածներ, այնուհետև աստիճանաբար երկարել և ներառվել բջջային կարգավորիչ հնագույն ցանցերում, որոնք ձևավորվել են հարյուր միլիոնավոր տարիներ առաջ։
Հատուկ ուշադրություն է դարձվել MIR497HG մոլեկուլին։ Ըստ հետազոտության, այն կարող էր առաջանալ մարդու և պրիմատների ընդհանուր նախնու մոտ մոտ 29 միլիոն տարի առաջ՝ որպես միկրոՌՆԹ, ինչից հետո էվոլյուցիոն առումով բարդացել է և ներկառուցվել նյութափոխանակության, սթրեսի նկատմամբ արձագանքի և բջջի ծրագրավորված մահվան հետ կապված հնագույն ազդանշանային ուղիներում։
Բջջային մոդելների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ MIR497HG-ի մակարդակի նվազումը նպաստում է քաղցկեղային բջիջների աճին, մինչդեռ դրա էքսպրեսիայի վերականգնումը ճնշում է դրանց բազմացումը, ինչը վկայում է մոլեկուլի թերապևտիկ պոտենցիալ նշանակության մասին։
Գիտնականները նաև բացահայտել են MIR497HG-ի կապը AMPK ազդանշանային ուղու և ֆերոպտոզի մեխանիզմների հետ (բջջի ծրագրավորված մահվան ձև, որը կապված է երկաթի փոխանակության հետ)։ Ըստ նրանց, այս համակարգի խաթարումը կարող է նպաստել ուռուցքների զարգացմանը և միաժամանակ թերապիայի նոր թիրախներ բացել։
Հեղինակները նշում են, որ «երիտասարդ» կարգավորիչ ՌՆԹ-ներն աստիճանաբար ինտեգրվում են հնագույն կենսաբանական ցանցերին՝ բարդացնելով գենետիկական կարգավորումը, բայց միաժամանակ մեծացնելով համակարգի խոցելիությունը խափանումների, այդ թվում՝ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ։
Հետազոտությունը պաշտպանում է նաև չեզոք էվոլյուցիայի մոդելը, որի համաձայն, նոր գենետիկական տարրերը կարող են երկար ժամանակ գոյություն ունենալ առանց որևէ արտահայտված ազդեցության, մինչև ներկառուցվեն գոյություն ունեցող կենսաբանական համակարգերում։
Գիտնականները կարծում են, որ lncRNA-ների հետագա ուսումնասիրությունը կարող է հեռանկարներ բացել քաղցկեղի ախտորոշման և թերապիայի համար, ներառյալ այդ մոլեկուլների օգտագործումը որպես կենսամարկերներ և թերապևտիկ պոտենցիալ թիրախներ։