08:39 6 հուլիսի, 2026Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների անցկացրած նոր խոշոր հետազոտությունը ցույց է տվել, որ մանկության տարիներին դաժան վերաբերմունքի մասին հիշողություններն ընդհանուր առմամբ ժամանակի ընթացքում բավականին կայուն են մնում, սակայն դրանց կայունությունը կախված է տարիքից և վերապրած փորձի բնույթից։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Mental Health բժշկագիտական հանդեսում։
Աշխատությունը հիմնված է 49 հետազոտությունների գրեթե 40 հազար մասնակիցների տվյալների վերլուծության վրա, որտեղ գնահատումների միջև միջին ընդմիջումը կազմել է մոտ 2,5 տարի։ Գիտնականներն ուսումնասիրել են մանկական տրավմայի տարբեր ձևերի, դրանց թվում՝ հուզական, ֆիզիկական և սեքսուալ բռնության, ինչպես նաև խնամքի պակասի մասին հիշողությունները։
Ընդհանուր առմամբ, հետազոտությունը ցույց է տվել, որ մանկության տարիներին կրած բռնության և դաժան վերաբերմունքի մասին հաղորդումներն ավելի հետևողական ու հաստատուն են լինում, քան հաճախ ենթադրվում է, ինչը կասկածի տակ է դնում տարածված այն տեսակետը, թե նման հիշողությունները չափազանց անվստահելի են։ Հեղինակները նշում են, որ այդ եզրակացությունը կարևոր նշանակություն ունի դատական համակարգի, սոցիալական ծառայությունների և կլինիկական պրակտիկայի համար, որտեղ նմանատիպ վկայությունները հաճախ օգտագործվում են որպես ապացույց կամ հիմք՝ որոշումներ ընդունելու համար։
Միաժամանակ, մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ մասնակից ժամանակի ընթացքում փոխել է իր պատասխանները վերապրած փորձի վերաբերյալ։ Գիտնականներն ընդգծում են, որ դա չպետք է մեկնաբանել որպես կեղծ վկայություն. փոփոխությունները կարող են արտացոլել հիշողության բնական զարգացումը կամ սեփական կյանքի իրադարձությունների ընկալման փոփոխությունը՝ հասունանալուն զուգընթաց։
Հատկապես զգալի տարբերությունները կապված են եղել տարիքի հետ։ Չափահասների շրջանում մանկական տրավմայի մասին հիշողությունները մնացել են կայուն նույնիսկ երկար ժամանակ անց, մինչդեռ երեխաների մոտ դրանք զգալիորեն պակաս կայուն են եղել և ժամանակի ընթացքում ավելի հաճախ են փոխվել։ Հետազոտողները դա բացատրում են նրանով, որ երեխաների ճանաչողական և հիշողության համակարգերը դեռևս ձևավորման փուլում են, ինչը նշանակում է, որ վաղ հուշերն ավելի հեշտությամբ են վերաիմաստավորվում։
Պարզվել է նաև, որ անտեսման մասին հիշողությունները նվազ կայուն են, քան բռնության կոնկրետ դրվագների մասին հուշերը։ Գիտնականները դա կապում են այն փաստի հետ, որ անտեսումը ավելի դժվար է հիշողության մեջ արձանագրել որպես առանձին իրադարձություն, և այն կարող է տարբեր կերպ մեկնաբանվել երեխայի մեծանալուն զուգընթաց։
Հետազոտության հեղինակները շեշտում են, որ հիշողությունների կայունության տարբերությունները կախված են տարիքից, տրավմայի տեսակից և այն համատեքստից, որում մարդը հայտնում է իր փորձի մասին։
Հետազոտողները ենթադրում են նաև, որ մանկական տարիքը կարող է մի ժամանակաշրջան լինել, երբ տրավմայի մասին հիշողություններն ամենից շատն են հակված փոփոխությունների, ինչն, ըստ էության, «հնարավորությունների պատուհան» է բացում՝ վաղ թերապևտիկ օգնություն ցուցաբերելու համար։ Նրանց կարծիքով՝ վաղ միջամտությունը կարող է բարելավել երկարաժամկետ հոգեբանական հետևանքները, նախքան տրավմատիկ փորձի վերջնականապես ինտեգրվելը անհատականության ձևավորման մեջ։