Ոչ միայն նրբախորտիկ. գիտնականները ոստրեների մեջ աղիքները պաշտպանելու անսպասելի հատկություն են հայտնաբերել

21:35   8 հուլիսի, 2026

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ոստրեների մսից ստացված հասանելի և էկոլոգիապես կայուն մզվածքը կարող է օժտված լինել արտահայտված հակաբորբոքային հատկություններով և պաշտպանել մարդու աղիքների բջիջները: Աշխատանքի արդյունքները ներկայացվել են Ֆլորենցիայում (Իտալիա) անցկացված Society for Experimental Biology համաժողովի ժամանակ:

Գիտնականներն ուսումնասիրել են խաղաղօվկիանոսյան ոստրեն (Crassostrea gigas)՝ աշխարհում ամենալայն տարածում ունեցող և արհեստականորեն բուծվող ծովային երկփեղկանի կակղամորթը: Այդ տեսակը վաղուց հայտնի է իր բարձր սննդարար արժեքով և կենսաբանորեն ակտիվ նյութերի պարունակությամբ, որոնք ունեն հակամանրէային, հակաօքսիդանտային և հակաքաղցկեղային պոտենցիալ հատկություններ: Նախորդ հետազոտությունները նույնպես ցույց էին տվել, որ ոստրեներից ստացված միացություններն ընդունակ են նվազեցնելու մկների սպիտակ արյան բջիջների բորբոքումը:

Այս անգամ հետազոտողները որոշել են ստուգել ոստրեների ազդեցությունն անմիջապես մարդու աղիքների բջիջների վրա: Խրոնիկական բորբոքումն ընկած է բազմաթիվ լուրջ հիվանդությունների հիմքում, ներառյալ՝ քաղցկեղը, երկրորդ տիպի շաքարախտը, սիրտ-անոթային հիվանդությունները և աղիքների բորբոքային հիվանդությունները:

Բորբոքման զարգացման առանցքային գործոններից մեկն է համարվում աղիքային պատնեշի խանգարումը՝ մի վիճակ, որը հայտնի է որպես «աղիքների բարձր թափանցելիության համախտանիշ» կամ «ծակ աղիք»: Այս դեպքում աղիքներից բակտերիաներն ու տոքսինները կարող են թափանցել արյան հոսքի մեջ՝ առաջացնելով իմունային ռեակցիա։ Սննդակարգն այս պաշտպանիչ պատնեշի ամբողջականության պահպանման գործում կարևոր դեր է խաղում:

Ոստրեների հատկություններն ուսումնասիրելու համար հետազոտողները դրանց հյուսվածքների մանրակրկիտ վերլուծություն են կատարել՝ ուսումնասիրելով սպիտակուցների, լիպիդների, հանքանյութերի, պոլիֆենոլների և կարոտինոիդների պարունակությունը: Այնուհետև չորացրած մսից ստացվել է մարդու աղիքային էպիթելի բջիջների վրա փորձարկված մզվածք, որը ենթարկվել է TNF-α-ի՝ ուժեղ բորբոքային ռեակցիա առաջացնող մոլեկուլի ազդեցությանը:

Փորձերը ցույց են տվել, որ ոստրեի մզվածքն արգելափակել է NF-κB ազդանշանային ուղու ակտիվացումը, որը բջիջներում բորբոքման մեկնարկի հիմնական մեխանիզմներից մեկն է: Բացի դրանից, այն նվազեցրել է COX-2 ֆերմենտի արտադրությունը, որը կարևոր դեր է խաղում բորբոքային գործընթացի զարգացման մեջ:

Արդյունքում, աղիքների բջիջները պահպանել են իրենց բնականոն կառուցվածքը և վերականգնել պատնեշի պաշտպանիչ գործառույթը նույնիսկ բորբոքային խթանների առկայության դեպքում: Այդ փոփոխությունները հաստատվել են էլեկտրոնային միկրոսկոպիայի օգնությամբ:

Ըստ Ֆերարայի համալսարանի հետազոտող Ջուլիա Տրինկերայի՝ սա առաջին դեպքն է, երբ ոստրեների հյուսվածքները հակաբորբոքային ազդեցություն են ցուցաբերել անմիջապես մարդու աղիքների բջիջների վրա:



© NEWS.am Medicine