Ոչ միայն սնունդը. գիտնականները գտել են երեխաների աճի դանդաղման թաքնված պատճառը

14:32   9 հուլիսի, 2026

Աղիքային բակտերիաները, որոնք կապված են թերսնման և երեխաների աճի դանդաղման հետ, կարող են մորից փոխանցվել սերնդին և ազդել զարգացման վրա դեռևս մինչև ծնվելը: Նման եզրակացության են հանգել Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանին առընթեր Բժշկական դպրոցի հետազոտողները:

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature Microbiology հանդեսում, ցույց է տվել, որ բարակ աղիքի որոշակի միկրոօրգանիզմներ ընդունակ են բորբոքում առաջացնել, վնասել աղիքի լորձաթաղանթը և խաթարել սննդանյութերի յուրացումը:

Գիտնականներն ուսումնասիրել են մի հիվանդություն, որը հայտնի է որպես էկոլոգիական էնտերոպատիա (environmental enteric dysfunction, EED): Դա բարակ աղիքի խրոնիկական բորբոքային վիճակ է, որը հաճախ հանդիպում է թերսնումից տառապող երեխաների շրջանում: Հիվանդությունը խանգարում է օրգանիզմին սննդից ստանալ անհրաժեշտ սննդանյութերը և կապված է աճի դանդաղման, թույլ իմունիտետի և ճանաչողական զարգացման խանգարումների հետ:

Հետազոտողները վերլուծել են աղիքային բակտերիաների նմուշներ. դրանք վերցվել են Բանգլադեշի այն երեխաներից, որոնք չեն կարողացել վերականգնվել սննդային խառնուրդներով ստանդարտ թերապիայից հետո: Ավելի վաղ գիտնականները նրանց մոտ հայտնաբերել էին բորբոքման և աճի խանգարմանն առնչվող  բակտերիաների 14 տեսակ:

Այնուհետև այդ միկրոօրգանիզմները փոխպատվաստել են լաբորատոր մկներին, որոնց կերակրել են Դաքքայի Միրպուր թաղամասի (որտեղ ապրում էին հետազոտության մասնակից երեխաները) բնակիչների սննդակարգին նման սննդով:

Բակտերիաների բորբոքային հավաքածուն ստացած մկների մոտ զարգացել են երեխաների ախտանիշներին նման նշաններ՝ աճի դանդաղում, բորբոքային փոփոխություններ արյան մեջ և աղիքի թաղանթի վնասում:

Հատկապես կարևոր է արձանագրվել այն փաստը, որ բակտերիաներն ազդել են ոչ միայն ծնվելուց հետո: Գիտնականները պարզել են, որ հղի մկների մոր բարակ աղիքի միկրոբիոմի կազմը կարող էր ազդել սերնդի զարգացման վրա դեռևս արգանդում:

«Այս հիվանդության հետևանքները դուրս են գալիս մոր աղիքների սահմաններից և կարող են ազդել զարգացող պտղի վրա»,- նշել է հետազոտության ղեկավար, դոկտոր Ջեֆրի Գորդոնը:

Առանցքային միկրոօրգանիզմներից մեկը եղել է Campylobacter concisus-ը՝ մի բակտերիա, որը սովորաբար հանդիպում է մարդու բերանի խոռոչում: Բերանի խոռոչում այն վտանգավոր չի համարվում, սակայն բարակ աղիք ընկնելու դեպքում կարող է ձեռք բերել ախտածին հատկություններ և բորբոքում առաջացնել:

Գիտնականներն ընդգծում են, որ ինքնին այս բակտերիան միշտ չէ, որ հիվանդություն է առաջացնում: Սեփական միկրոֆլորայից զուրկ՝ ստերիլ մկների վրա կատարված փորձի ժամանակ C. concisus-ը գրեթե խնդիրներ չի առաջացրել: Դա ցույց է տալիս, որ միկրոբների ազդեցությունը կախված է բակտերիաների ամբողջ համայնքից և միջավայրի պայմաններից:

Հետազոտողները հայտնաբերել են նաև, որ վնասակար բակտերիաները կարող են տարածվել կենդանիների միջև: Երբ բորբոքային միկրոբիոմ ունեցող մկներին պահել են անվտանգ բակտերիաներ ունեցող մկների հետ միասին, հիվանդագին միկրոօրգանիզմները փոխանցվել են և բացասական հետևանքներ առաջացրել նոր տերերի օրգանիզմում:

Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյունքները կարող են օգնել ստեղծել նոր մեթոդներ թերսնման արատավոր շրջանի դեմ պայքարելու համար, երբ առողջական խնդիրները փոխանցվում են սերնդեսերունդ: Ապագայում մասնագետները հույս ունեն մշակել եղանակներ՝ անվտանգ կերպով փոխելու մայրերի միկրոբիոմը հղիությունից առաջ կամ ընթացքում, որպեսզի նվազեցնեն բորբոքումը և բարելավեն երեխաների զարգացումը:



© NEWS.am Medicine