18:42 10 հուլիսի, 2026Մանչեսթրի համալսարանի հետազոտողների իրականացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ շնչառության վտանգավոր դանդաղման ռիսկը զգալիորեն տարբերվում է ափիոնային դեղամիջոցների պարագայում: Ամենաբարձր ռիսկը կապված է ֆենտանիլի, ափիոնային համակցված ռեժիմների, օքսիկոդոնի և մորֆինի հետ՝ կոդեինի համեմատ:
BMC Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը հիմնված է ոչ քաղցկեղային ցավի համար ափոինային դեղամիջոցներ ստացող ավելի քան 32 հազար չափահաս պացիենտների բժշկական տվյալների վերլուծության վրա:
Հետազոտողները պարզել են, որ ֆենտանիլը կապված է շնչառական դեպրեսիայի ավելի քան երեք անգամ բարձր ռիսկի հետ՝ կոդեինի համեմատ: Մի քանի ափիոնազգիների համակցությունները գրեթե եռապատկել են ռիսկը, օքսիկոդոնը և մորֆինը նույնպես ցուցադրել են զգալիորեն ավելի բարձր ռիսկ:
Նույնիսկ մորֆինի հետ ուղղակիորեն համեմատելիս ֆենտանիլը մնացել է ավելի ռիսկային. շնչառական խնդիրների հավանականությունը գրեթե կրկնակի բարձր է եղել: Գիտնականները նաև պարզել են, որ ափիոնազգիների բարձր դեղաչափերը մեծացնում են ռիսկը. օրական 120 կամ ավելի միլիգրամ մորֆինի համարժեք ստացող պացիենտները շնչառական դեպրեսիայի կրկնակի ավելի բարձր ռիսկի են ենթակա եղել, քան նրանք, ովքեր ստացել են 50 միլիգրամից պակաս:
Հետազոտողների կարծիքով՝ հատուկ զգուշություն է անհրաժեշտ թոքային քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց ափիոնազգիներ նշանակելիս: Օրինակ՝ թոքերի քրոնիկական օբստրուկտվ հիվանդություն ունեցող պացիենտների մոտ ֆենտանիլի օգտագործումը կապված է եղել շնչառական անբավարարության քառակի բարձր ռիսկի հետ։
Ափիոնազգիների համակցումը նյարդային համակարգի վրա ազդող այլ դեղամիջոցների հետ լրացուցիչ ռիսկ է պարունակում: Մասնավորապես, գաբապենտինոիդների (ինչպիսին են գաբապենտինը և պրեգաբալինը) հետ միաժամանակյա օգտագործումը մեծացնում է շնչառական դեպրեսիայի ռիսկը։
Գիտնականները նշել են, որ բոլոր ուժեղ ափիոնազգիներն ազդում են ռեցեպտորների նույն համակարգի վրա, բայց դրանց ազդեցությունը շնչառական վերահսկողության վրա տարբեր է: Ֆենտանիլը հատկապես վտանգավոր է իր ուժեղ ազդեցության և ուղեղ արագ ներթափանցելու պատճառով, ինչը կարող է հանգեցնել ավելի ծանր շնչառական դեպրեսիայի։
Հետազոտողներն ընդգծել են, որ ափիոնազգիները շարունակում են մնալ կարևոր դեղամիջոցներ ուժեղ սուր ցավի բուժման համար, սակայն բժիշկներն ու պացիենտները պետք է տեղյակ լինեն, որ տարբեր դեղամիջոցներն ու դեղաչափերը տարբեր մակարդակի ռիսկ են պարունակում: Նոր տվյալները կարող են օգնել, որպեսզի ցավազրկողների նշանակումը դառնա ավելի անվտանգ և նվազեցվի ծանր բարդությունների ռիսկը: