Գիտնականները պարզել են, թե որ բանջարեղեններն են օգնում նվազեցնել սրտի հիվանդությունների ռիսկը

21:30   13 հուլիսի, 2026

Ընդեղենի և խաչածաղկավոր բանջարեղենների կանոնավոր օգտագործումը, ամենայն հավանականությամբ, նպաստում է երիտասարդների շրջանում սիրտ-անոթային և նյութափոխանակության հիվանդությունների զարգացման վտանգի նվազեցմանը: Նման եզրակացության են հանգել Ավստրալիայի հետազոտողները։ Աշխատության արդյունքները հրապարակվել են Nutrition, Metabolism and Cardiovascular Diseases բժշկագիտական հանդեսում:

Հետազոտությանը մասնակցել է Ավստրալիայի 638 բնակիչ, որոնց միջին տարիքը եղել է մոտ 22 տարեկան: Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ իրենց սննդակարգի վերաբերյալ, ինչից հետո գիտնականները գնահատել են նրանց կարդիոմետաբոլիկ ռիսկը՝ սիրտ-անոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և նյութափոխանակության այլ խանգարումների զարգացման հավանականությունը: Վերլուծության ընթացքում հաշվի են առնվել նաև սեռը, ապրելակերպը և այլ գործոններ, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա:

Հետազոտությունը ցույց է տվել, որ բանջարեղենի առանձին խմբերի պաշտպանիչ ազդեցությունը տղամարդկանց և կանանց շրջանում կարող է տարբերվել:

Տղամարդկանց շրջանում առավել արտահայտված կապը նկատվել է ընդեղենի բարձր օգտագործման դեպքում՝ ներառյալ ոլոռը, լոբին (պատիճավոր լոբու և տապակած լոբին), սոյան և լոբազգիների այլ տեսակներ: Այն մասնակիցները, որոնք կանոնավոր կերպով օգտագործել են վերոնշյալ մթերքներն, ունեցել են կարդիոմետաբոլիկ խանգարումների մոտ 72%-ով ավելի ցածր ռիսկ՝ համեմատած նրանց հետ, որոնք այդ մթերքները հազվադեպ են օգտագործել:

Կանանց շրջանում առավել բարենպաստ արդյունքները կապված են եղել խաչածաղկավոր բանջարեղենների՝ բրոկոլիի, ծաղկակաղամբի և գլուխ կաղամբի կանոնավոր օգտագործման հետ: Նրանց շրջանում կարդիոմետաբոլիկ հիվանդությունների զարգացման ռիսկը մոտ 85%-ով ավելի ցածր է եղել:

Հեղինակներն ընդգծում են, որ հետազոտությունը վիճակագրական կապ է հայտնաբերել, սակայն պատճառահետևանքային կախվածություն չի ապացուցում: Ընդսմին, ստացված տվյալները վկայում են, որ բանջարեղենի տարբեր խմբեր կարող են տարբեր կերպ ազդել տղամարդկանց և կանանց առողջության վրա:



© NEWS.am Medicine