Գիտնականները գլոբալ նախաձեռնություն են սկսել՝ անհետացող ավանդական սննդակարգերը ուսումնասիրելու համար

15:44   15 հուլիսի, 2026

12 երկրներից հետազոտողների միջազգային խումբը հայտարարել է «World Diet Initiative» գլոբալ նախագծի մեկնարկի մասին, որն ուղղված է աստիճանաբար անհետացող ավանդական սննդակարգերի փաստաթղթավորմանն ու ուսումնասիրմանը։ «Nature Medicine» ամսագրում հրապարակված աշխատության նպատակն է պարզել, թե ինչպես են դարավոր սննդային ավանդույթներն ազդում մարդու առողջության վրա և օգնում կանխարգելել քրոնիկ հիվանդությունները։

Հազարամյակների ընթացքում տարբեր ժողովուրդներ ձևավորել են սննդի սեփական համակարգերը՝ հիմնված տեղական մթերքների և պատրաստման ավանդական եղանակների վրա։ Օրինակների թվում են՝ Արևելյան Աֆրիկայի ժողովրդի՝ կենդանական ծագման մթերքներով հարուստ սննդակարգը, Եթովպիայի բնակիչների գերազանցապես բուսական սնունդը՝ լոբազգիների, հացահատիկների և ֆերմենտացված մթերքների օգտագործմամբ, հնդկական խոհանոցի համեմունքների բազմազանությունը, ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչների ավանդական սննդակարգը, որը ներառում է ձուկ, արմատապտուղ և կոկոս։

Հետազոտողները նշում են, որ այն համայնքներում, որտեղ պահպանվում են նման ավանդական սննդային սովորությունները, պատմականորեն ավելի հազվադեպ են հանդիպել դիաբետն ու սրտանոթային հիվանդությունները։ Սակայն այսօր այդ սննդակարգերն արագորեն դուրս են մղվում սննդակարգի արևմտյան միասնականացված մոդելի կողմից, որտեղ գերակշռում են արդյունաբերական եղանակով վերամշակված մթերքները, ինչը հանգեցնում է օրգանիզմի վրա սննդի ազդեցության մասին արժեքավոր գիտելիքների կորստին։

Նախաձեռնությունը ներառում է երկու հիմնական ուղղություն։ «World Diet Atlas»-ը կդառնա բաց տվյալների շտեմարան, որը տեղեկատվություն կպարունակի տարբեր ժողովուրդների ավանդական սննդակարգերի, օգտագործվող մթերքների, դրանց ծագման, պատրաստման եղանակների և սպառման առանձնահատկությունների մասին։ Իր հերթին, «World Diet Project»-ը կուսումնասիրի այդ սննդակարգերի կենսաբանական ազդեցությունը՝ կիրառելով միասնական գիտական մեթոդներ, ինչը թույլ կտա համեմատել հետազոտությունների արդյունքները տարբեր պոպուլյացիաների միջև։

Նախագիծն իրականացվելու է միջազգային կոնսորցիումի ձևաչափով։ Յուրաքանչյուր երկրում հետազոտությունները կանցկացվեն տեղի գիտական խմբերի կողմից, որոնք կպահպանեն ստացված տվյալների նկատմամբ իրենց իրավունքները և արդյունքներով կփոխանակվեն պատասխանատու գիտական համագործակցության շրջանակներում։

Որպես օրինակ՝ հետազոտողները մատնանշում են վերջերս Տանզանիայի Կիլիմանջարոյի շրջանում անցկացված մի ուսումնասիրություն։ Այն տղամարդիկ, որոնք ընդամենը երկու շաբաթով լոբազգիներով, ամբողջահատիկներով ու ֆերմենտացված մթերքներով հարուստ ավանդական սննդակարգը փոխարինել էին արևմտյան տիպի վերամշակված սննդով, ցույց են տվել բորբոքային գործընթացների մակարդակի բարձրացում և այլ կենսաբանական փոփոխություններ, որոնք կապված են քրոնիկ հիվանդությունների զարգացման հետ։ Ընդհակառակը՝ այն մասնակիցները, որոնք վերադարձել էին ավանդական սննդակարգին կամ օգտագործել էին կորեկից ու բանանից պատրաստված ավանդական ֆերմենտացված ըմպելիքը, ցուցաբերել են բորբոքային մարկերների նվազում։

Հեղինակներն ընդգծում են, որ նախագծի նպատակը ժամանակակից սննդային սովորություններից հրաժարվելու կոչը չէ և ոչ էլ այն պնդումը, թե բոլոր ավանդական սննդակարգերն ավելի օգտակար են, քան ժամանակակիցները։ Նրանց խոսքով՝ դրանցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ կենսաբանական ու մշակութային առանձնահատկություններ և օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչպես է սնունդն ազդում իմունային համակարգի, նյութափոխանակության, աղիքային միկրոբիոմի և մարդու առողջության վրա։

Ինչպես նշում է նախագծի ղեկավարներից մեկը՝ Ռադբաուդի համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Կվիրեյն դե Մաստը, նոր նախաձեռնությունը թույլ կտա պահպանել այս գիտելիքները և դրանք օգտագործել քրոնիկ հիվանդությունների կանխարգելման գիտականորեն հիմնավորված մոտեցումների մշակման, ինչպես նաև իմունիտետի և պատվաստումների արդյունավետության վրա սննդի ազդեցության ավելի խորը ընկալման համար։



© NEWS.am Medicine