Ոչ թե միսը, այլ դրդապատճառները. գիտնականները բացատրել են բուսակերության և սննդային վարքագծի խանգարումների կապը

12:34   28 հուլիսի, 2026

Մսից հրաժարվելն ինքնին չի վկայում սննդային վարքագծի խանգարման առկայության մասին։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները՝ վերլուծելով 24 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է ավելի քան 25 հազար մարդ։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Eating Disorders ամսագրում։

Հետազոտողները սննդային վարքագծի խանգարումների ախտանշանների միջև էական տարբերություններ չեն հայտնաբերել բուսակերների, վեգանների և միս ուտող մարդկանց միջև։ Ընդ որում՝ առանձին հետազոտություններ տարբեր արդյունքներ են տրվել. մի մասում ախտանշաններն ավելի հաճախ են հանդիպել, մյուսներում՝ ավելի հազվադեպ, իսկ որոշներում տարբերություններն ընդհանրապես բացակայել են։

Հեղինակները շեշտում են, որ շատ ավելի կարևոր է ոչ թե բուն սննդակարգը, այլ այն դրդապատճառները, թե ինչու է մարդը հրաժարվում որոշակի մթերքներից։ Մեկը կարող է բուսակեր դառնալ կենդանիների կամ շրջակա միջավայրի մասին հոգ տանելու պատճառով և հանգիստ վերաբերվել ուտելիքին։ Մյուսը կարող է ավելի ու ավելի շատ մթերքներ աստիճանաբար բացառել քաշ հավաքելու վախի պատճառով։ Արտաքինից նրանց սննդակարգը կարող է նույնը թվալ, սակայն հոգեբանական պատճառները բոլորովին տարբեր են։

Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել տագնապալի նշաններին՝ սահմանափակող սննդակարգի հանկարծակի անցմանը, քաշի կտրուկ կորստին, ուտելու հանդեպ մշտական վախին, սննդակարգում նորանոր արգելքների ի հայտ գալուն և սննդի հետ կապված ուժեղ սթրեսին։

Գիտնականները նաև նշում են, որ գոյություն ունեցող գնահատման մեթոդները միշտ չէ, որ հարմար են բուսակերների և վեգանների համար։ Որոշ հարցաթերթիկներ կարող են սխալմամբ ընկալել կենդանական ծագման մթերքներից գիտակցված հրաժարումը որպես անառողջ սահմանափակում, թեև այն կարող է թելադրված լինել էթիկական կամ կրոնական համոզմունքներով։



© NEWS.am Medicine