19:30 28 հուլիսի, 2026«Երևան» ԲԳԿ-ի աշխատակիցները դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանինին, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանինին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, խնդրելով միջոցներ ձեռնարկել, քանի որ իրենց անօրինական կերպով ազատում են աշխատանքից։
Այդ դիմումը նրանք նաև ներկայացրել են NEWS.am Medicine-ին։
Ստորև ներկայացնում ենք դիմումի տեքստը։
«ԲԱՑ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄ
Աշխատանքային իրավունքների կոպիտ խախտման և հարկադրանքի վերաբերյալ
Հարգելի՛ պաշտոնյաներ,
Սույն նամակով ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեր աշխատանքային իրավունքների ոտնահարման հերթական ահազանգին, որը տեղի է ունեցել «Երևան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում։
Ս․թ․ 16․07․2026-ին վնասվածքաբանության բաժանմունքի նորանշանակ վարիչի, նորանշանակ գլխավոր բուժքույրի կողմից աշխատակիցների նկատմամբ կիրառվում է հոգեբանական/վարչական ճնշում և բռնի ազդեցություն են գործադրում, որի արդյունքում մեզ հարկադրում են սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատման դիմում ստորագրել՝ նպատակ ունենալով մեր փոխարեն աշխատանքի ընդունել իրենց կողմից ընտրված անձանց։
Նշված աշխատակիցներից շատերը տվյալ բուժհաստատությունում աշխատում են շուրջ 40 տարի, ունեն մասնագիտական մեծ փորձ և բարեխիղճ աշխատանքային գործունեություն։ Ստացել են բարեխիղճ աշխատանքի համար պատվոգրեր Երևանի քաղաքապետ Տ․Ավինյանի կողմից։ Այս մոտեցումը փաստացի անտեսում է աշխատակիցների երկարամյա մասնագիտական փորձը, բարեխիղճ աշխատանքային գործունեությունը և բուժհաստատության զարգացման գործում ունեցած ներդրումը։ Տասնամյակներ շարունակ տվյալ բուժհաստատությունում աշխատած մասնագետների նկատմամբ նման վերաբերմունքը ոչ միայն խաթարում է առողջ աշխատանքային մթնոլորտը, այլև հիմք է տալիս ենթադրելու, որ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու փորձ է կատարվում ոչ թե աշխատակիցների մասնագիտական հատկանիշների կամ օրինական հիմքերի, այլ անձնական նախապատվությունների և նոր ղեկավարի կողմից սեփական թիմ ձևավորելու նպատակով։
Խնդրում ենք ուսումնասիրել նաև վերոնշյալ հանգամանքները, պարզել դրանց համապատասխանությունը իրականությանը և ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ՝ աշխատակիցների աշխատանքային իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով։ Վստահ ենք, որ պետական մարմինների կողմից կտրվի օբյեկտիվ և անաչառ գնահատական, իսկ աշխատողների օրինական իրավունքները կգտնվեն պետական պաշտպանության ներքո։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք.
Հարգանքով՝
Վնասվածքաբանության բաժանմունքի աշխատակիցներ
Ամսաթիվ՝ 28․07․2026»
Հիշեցնենք, որ «Երևան» ԲԳԿ-ի աշխատակիցները երեկ, հուլիսի 27-ին դիմել էին NEWS.am Medicine, ներկայացնելով իրենց խնդիրը կադրային փոփոխությունների հետ կապված։
https://med.news.am/arm/news/41582/erevan-bgk-um-buzhquyrerin-stipum-en-azatman-dimumner-grel%E2%80%A4-bazhni-varichy-herqum-e.html