16:34 1 օգոստոսի, 2026Բուսական ծագման բազմազան մթերքների ամենօրյա օգտագործումը կարող է աղիների միկրոֆլորայի վրա ավելի ուժեղ ազդեցություն ունենալ, քան ստանդարտ պրոբիոտիկների ընդունումը։ Այս մասին ցույց է տվել Լոնդոնի Թագավորական քոլեջի և ZOE ընկերության գիտնականների նոր հետազոտությունը։
British Journal of Nutrition ամսագրում հրապարակված աշխատանքը ցույց է տվել, որ ավելի քան 30 տեսակի բույսերի խառնուրդը (ներառյալ բանջարեղեն, մրգեր, ընկուզեղեն, սերմեր, խոտաբույսեր, համեմունքներ և սնկեր) փորձարկման մասնակիցների աղիներում հանգեցրել է 57 տեսակի օգտակար բակտերիաների քանակի աճին։
Համեմատության համար՝ Lactobacillus rhamnosus լավ ուսումնասիրված մեկ բակտերիա պարունակող պրոբիոտիկ ընդունած մարդկանց մոտ փոփոխություններ են արձանագրվել միայն 4 տեսակի միկրոօրգանիզմների մոտ, իսկ ստուգիչ խմբում՝ 14-ի։
Հետազոտությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայից 349 չափահաս անձ։ Մեկ խումբն ամեն օր ստացել է 30 գրամ բուսական խառնուրդ, երկրորդը՝ նույն կալորիականությամբ ստուգիչ մթերք, իսկ երրորդը՝ պրոբիոտիկի պատիճ։
Վեց շաբաթ անց բուսական խառնուրդ օգտագործած մասնակիցները հայտնել են ինքնազգացողության նկատելի լավացման մասին։ Նրանց մոտ նվազել են մարսողական խնդիրները, փորկապությունը, այրոցը և որովայնի փքվածությունը։ Բացի այդ, մասնակիցների 51%-ը նշել է էներգիայի մակարդակի աճ, իսկ 45%-ը հայտնել է տրամադրության լավացման մասին։
Հավելյալ փորձը ցույց է տվել, որ ածխաջրային սննդին բուսական խառնուրդ ավելացնելն օգնել է մարդկանց ավելի երկար պահպանել հագեցածության զգացումը․ մասնակիցները նշել են ուտելու ցանկության 71% նվազում, քաղցի զգացման կրճատում և սննդի ընդունումից բավարարվածության բարձրացում։
Հետազոտության առաջատար հեղինակ, Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսոր Սարա Բերիի խոսքով՝ արդյունքները ցույց են տալիս, որ միկրոբիոմի վիճակի լավացման համար ավելի կարևոր էոչ թե «կախարդական» բակտերիայի որոնումը, այլ այնպիսի սնունդը, որն աջակցում է արդեն իսկ գոյություն ունեցող օգտակար միկրոօրգանիզմներին։
Գիտնականները նշում են, որ բազմազան բուսական մթերքները աղիներին ապահովում են մեծ քանակությամբ սննդային թելիկներով և այլ միացություններով, որոնք օգնում են միկրոֆլորայի ավելի առողջ կազմ ձևավորել։