23:39 1 օգոստոսի, 2026Հետազոտողներն առաջարկել են հեռանալ ճարպակալման՝ «նյութափոխանակության առումով առողջ» և «նյութափոխանակության առումով անառողջ» ճարպակալման ավանդական բաժանումից և գնահատել, թե ինչպես է ավելցուկային ճարպային հյուսվածքն ազդում օրգանների աշխատանքի և մարդու կյանքի որակի վրա:
The Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ Pennington Biomedical Research Center-ի գիտնականներն ուսումնասիրել են այսպես կոչված «մետաբոլիկորեն առողջ ճարպակալում» հասկացությունը և եզրակացրել, որ այն բավականաչափ հուսալի չէ երկարաժամկետ բժշկական լուծումների համար:
Ավանդաբար, ճարպակալում ունեցող մարդկանց բաժանել են երկու խմբի՝ նրանց, ովքեր ունեն նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, օրինակ՝ շաքարի բարձր մակարդակ կամ սրտանոթային խնդիրներ, և նրանք, ովքեր չունեն նման խնդիրներ: Սակայն գիտնականները նշել են, որ այդ խմբերի միջև սահմանն անկայուն է. մարդը, ով այսօր համարվում է «նյութափոխանակության առումով առողջ», կարող է ժամանակի ընթացքում բարդություններ ունենալ:
«Մետաբոլիկ առումով առողջ ճարպակալումն օգնեց մեզ հասկանալ, որ ճարպակալումը տարբեր կերպ է ազդում մարդկանց վրա: Բայց այս դասակարգումն այնքան էլ հարմար չէ երկարատև բուժման համար, քանի որ սահմանումները տարբերվում են, և առողջական վիճակը կարող է փոխվել», - նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Էրիկ Ռավուսինը:
The Lancet Diabetes & Endocrinology Commission-ի նոր մոտեցումն առաջարկում է ճարպակալումը բաժանել նախակլինիկականի և կլինիկականի:
Նախակլինիկական ճարպակալման դեպքում մարդու մոտ արդեն հաստատված է ճարպային հյուսվածքի ավելցուկ, սակայն օրգանների դիսֆունկցիայի նշաններ կամ ամենօրյա գործունեության սահմանափակումներ չկան: Նման պացիենտներին կարող են խորհուրդ տալ փոխել ապրելակերպը, կանոնավոր մոնիթորինգ և անհատական որոշում կայացնել դեղորայքային թերապիայի անհրաժեշտության վերաբերյալ:
Կլինիկական ճարպակալումն առաջարկվում է համարել վիճակ, երբ ավելորդ ճարպային հյուսվածքն արդեն հանգեցնում է մարմնի ֆունկցիաների խանգարման կամ խանգարում է մարդուն նորմալ գործունեություն ծավալել: Նման դեպքերում կարելի է դիտարկել դեղորայքային բուժում, և, անհրաժեշտության դեպքում, բարիատրիկ վիրաբուժություն:
Գիտնականները նաև առաջարկում են փոխել բուժման արդյունավետության գնահատականը։ Հիմնական նպատակը պետք է լինի ոչ միայն քաշի կորուստը, այլ նաև բարելավել օրգանների վիճակը և վերացնել ճարպակալման հետ կապված խանգարումները։
Հետազոտողներն ընդգծել են, որ նոր համակարգը դեռ մշակման փուլում է և պահանջում է լրացուցիչ հետազոտություն՝ ախտորոշիչ չափանիշները ստուգելու և այն բժշկական պրակտիկայում ներդնելու համար։