Հնագույն համաճարակները ձևավորել են մարդու իմունիտետը և կարող են բացատրել ՔՈՎԻԴ-19-ի ծանր ընթացքը, պարզել են գիտնականները

21:42   4 օգոստոսի, 2026

Ամեն անգամ, երբ վիրուսը ներթափանցում է մարդու օրգանիզմ, այն բախվում է վարակների դեմ պայքարի հազարամյակների ընթացքում ձևավորված իմունային համակարգին։

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ իմունային պատասխանի համար պատասխանատու որոշ գեներ մինչ օրս պահպանում են հնագույն համաճարակների հետքերը, գրում է News Medical Live Sciences-ը։

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Գրականության, արվեստների և գիտությունների քոլեջի և Հովարդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են իմունային համակարգի չորս գեների՝ IL-4-ի, TLR2-ի, CCL2-ի և SLC11A1-ի էվոլյուցիոն պատմությունը և հայտնաբերել, որ հազարավոր տարիների ընթացքում դրանք փոխվել են վարակիչ հիվանդությունների և շրջակա միջավայրի այլ գործոնների ազդեցության տակ։

Հետազոտողները վերլուծել են Աֆրիկայից, Եվրոպայից և Ասիայից ավելի քան 2 հազար մարդու գենետիկական տվյալներ՝ պարզելու համար, թե այդ գեների որ տարբերակներն են ամրապնդվել տարբեր պոպուլյացիաներում։ Պարզվել է, որ բնական ընտրությունն ազդել է բոլոր չորս գեների վրա, բայց տարբեր կերպ՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում։

Հայտնաբերված գեների որոշ տարբերակներ հանդիպել են նաև նեանդերթալցիների և դենիսովցիների՝ ժամանակակից մարդկանց անհետացած ազգականների շրջանում։ Որոշ դեպքերում դա կարող է կապված լինել ընդհանուր ծագման հետ, այլ դեպքերում՝ վաղ ժամանակակից մարդկանց և այդ տեսակների միջև հնագույն խաչասերման հետ։

Գիտնականներն ընդգծում են, որ այդ գենետիկական փոփոխություններն ի հայտ են եկել ՔՈՎԻԴ-19 համավարակից շատ առաջ։ Դրանք արտացոլում են ավելի հին գործընթացներ՝ կապված վարակների հետ, որոնց բախվել են մարդու նախնիները։

Այնուհետև հետազոտողները ստուգել են՝ արդյոք նույն գեները կարո՞ղ են ազդել ՔՈՎԻԴ-19 հիվանդության ծանրության վրա։ Այդ նպատակով նրանք ուսումնասիրել են GEN-ՔՈՎԻԴ նախագծին մասնակցած Իտալիայից գրեթե 4 հազար բուժառուների տվյալներ։

Արդյունքում հայտնաբերվել է երկու հազվադեպ փոփոխություն TLR2 գենում։ Տարբերակներից մեկն ավելի հաճախ հանդիպել է ՔՈՎԻԴ-19 ունեցող այն բուժառուների մոտ, որոնց նախկինում իրականացվել է օրգանների փոխպատվաստում։ Երկրորդը կապված է եղել հիվանդության ավելի ծանր ձևերի հետ, ինչը կարող է մասամբ բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ վարակն ավելի ծանր տանում, քան մյուսները։

Միաժամանակ, գիտնականները նշում են, որ այս արդյունքները հետագա հաստատման կարիք ունեն մարդկանց ավելի մեծ խմբերի վրա և լաբորատոր հետազոտությունների միջոցով։

Ըստ աշխատության հեղինակների՝ իմունային համակարգի էվոլյուցիայի ուսումնասիրությունն օգնում է հասկանալ, թե ինչու են ժամանակակից մարդիկ տարբեր կերպ արձագանքում վարակներին, և կարող է օգնել հիվանդությունների կանխարգելման ու բուժման նոր մոտեցումների մշակման հարցում։



© NEWS.am Medicine