08:44 5 օգոստոսի, 2026Միչիգան նահանգում ցիկլոսպորիազի՝ միկրոսկոպիկ մակաբույծով հարուցվող աղիքային վարակի բռնկման հետևանքով երկու մարդ է մահացել: Դրանք ԱՄՆ-ում տվյալ հիվանդությունից մահվան առաջին հաստատված դեպքերն են: Այս մասին հայտնում է Medical Xpress-ը, հղում անելով նահանգի առողջապահական մարմինների ներկայացուցիչներին։
Միչիգանի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության փոխանցմամբ՝ երկու պացիենտներն էլ ունեցել են ուղեկցող հիվանդություններ, որոնց ընթացքը կարող էր սրվել աղիքային վարակի ու ջրազրկման պատճառով: Գերատեսչությունը մահվան դեպքերի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի հայտնի:
Cyclospora cayetanensis մակաբույծով վարակվում են այն մթերքները, որոնք առնչվել են մարդկային կղանքին. դա առավել հաճախ տեղի է ունենում մրգերն ու բանջարեղենը աղտոտված ջրով լվանալու կամ ոռոգելու հետևանքով: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններից (CDC) ընդգծում են, որ մարդու օրգանիզմ ընկնելուց հետո այն առաջացնում է աղիքային հիվանդություն, որն ուղեկցվում է լուծի հաճախակի ու երբեմն բավականին սուր պոռթկումներով:
Դաշնային մասնագետների բացահայտմամբ՝ մասշտաբային բռնկման աղբյուր է հանդիսացել Մեքսիկայում աճեցված լատուկ հազարը, որը մատուցվել է ԱՄՆ հինգ նահանգների Taco Bell ռեստորաններում:
Սա ԱՄՆ-ում արձանագրված ամենախոշոր բռնկումն է դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Մայիսի 1-ից ի վեր CDC-ն ստացել է վարակման ավելի քան 4,1 հազար հաստատված դեպքի մասին տվյալներ և 41 նահանգում քննում է ևս ավելի քան 7,4 հազար հավանական դեպք:
Դաշնային առողջապահական մարմինները զգուշացնում են, որ քննության ծավալմանը զուգընթաց վարակի հետ կարող են կապվել նաև այլ ապրանքանիշեր, ռեստորաններ, խանութներ կամ մատակարարման շղթաներ: