15:35 7 օգոստոսի, 2026Գիտնականների միջազգային թիմը Հիրոսիմայի համալսարանի հետազոտողների գլխավորությամբ մշակել է մարդու մաշկի կոլագենի նուրբ փոփոխությունները վաղ փուլերում, վնասվածքի որևէ տեսանելի նշանի ի հայտ գալուց առաջ հայտնաբերելու մեթոդ: ACS Nano-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ մաշկի կոլագենի մոլեկուլյար կազմակերպումը և գերմոլեկուլյար խիրալությունը կամ կառուցվածքային կողմնորոշումը խաթարվում են տեսանելի մանրաթելային ցանցի նոսրացումից կամ մասնատումից առաջ, հաղորդել է ««Научная Россия»-ն:
Կոլագենը հիերարխիկ նյութ է, որը ձևավորում է բարձր կազմակերպված ցանց, որը պահպանում է մաշկի կառուցվածքը և մեխանիկական ամրությունը: Վիզուալացման ավանդական մեթոդները թույլ են տալիս հեշտությամբ հայտնաբերել տեսանելի փոփոխությունները, ինչպիսին են մանրաթելերի նոսրացումը կամ դրանց կապի խափանումը: Բայց այս կառուցվածքային խափանումները ներկայացնում են հյուսվածքների վերակառուցման ուշ փուլերը:
«Վիզուալացման ավանդական մեթոդները կարող են ցույց տալ կոլագենի կառուցվածքի «աղյուսիկները», բայց դրանք կարող են բաց թողնել դրանց դասավորության նուրբ փոփոխությունները», - ասել է հետազոտության առաջին հեղինակ Ալի Հայդերը: «Դա նման է գրքում բառերի և նախադասությունների դասավորության փոփոխությունները հայտնաբերելուն՝ նախքան որևէ էջի վնասվելը կամ բացակայությունը»:
Այս թաքնված օրինաչափությունները բացահայտելու համար թիմը համատեղել է առաջադեմ օպտիկական վիզուալացման տեխնիկաները խիրալ սպեկտրոսկոպիայի հետ, ներառյալ սինքրոտրոնային ճառագայթմամբ օժանդակվող վակուումային ուլտրամանուշակագույն շրջանաձև դիխրոիզմը (SR-VUVCD) և բազմաչափ քվանտային կասկադային լազերային տատանողական շրջանաձև դիխրոիզմը (MultiD-QCL-VCD): Այս մոտեցումը թույլ է տվել որոշել ինչպես կոլագենի առկայությունը, այնպես էլ դրա խիրալ կառուցվածքային կոհերենտությունը նույն հյուսվածքի կտրվածում:
Արդյունքները ցույց են տվել կոլագենի զանգվածի և դրա կառուցվածքային կարգի միջև ակնհայտ տարբերություն. հյուսվածքային նմուշները պահպանել են իրենց կոլագենի ընդհանուր պարունակությունը և բաշխումը նույնիսկ գերմոլեկուլյար խիրալության զգալի նվազումից հետո։
«Այս հոդվածի հիմնական գաղափարն այն է, որ կոլագենը պետք է դիտարկել ոչ միայն որպես տեսանելի մանրաթելերի ցանց, այլև որպես հիերարխիկ նյութ, որի գործառույթը կախված է տարբեր ալիքի երկարություններում դրա կազմակերպվածությունից», - ասել է WPI-SKCM²-ի պրոֆեսոր և հետազոտության հեղինակներից՝ Կացույա Ինոուեն։ «Ժամանակակից կորելյացիոն մեթոդները կարող են բացահայտել այս թաքնված կազմակերպվածության փոփոխությունները, որոնք ակնհայտ չեն միայն մորֆոլոգիան ուսումնասիրելիս»։
Հետազոտողների նպատակն է ստեղծել համալիր համակարգ, որը կմիավորի մոլեկուլյար խիրալությունը, գերմոլեկուլյար կազմակերպվածությունը և մակրոսկոպիկ հյուսվածքային կառուցվածքը։ Սա կարող է պատկերացում տալ բժշկական միջամտությունների, վերքերի բուժման և կենսանյութերի մշակման վերաբերյալ՝ թույլ տալով հետազոտողներին գնահատել հյուսվածքների ամբողջականությունը անդառնալի մակրոսկոպիկ քայքայումից առաջ։