Քաշն իջեցնող GLP-1 դեղամիջոցները կապված են ճաղատանալու վտանգի հետ. հետազոտություն

19:42   7 օգոստոսի, 2026

Գլյուկագոնանման պեպտիդ-1 (GLP-1) ռեցեպտորների ագոնիստները, որոնք հիմնականում օգտագործվում են 2-րդ տեսակի դիաբետի և ճարպակալման բուժման համար, կապված են մազաթափության զգալիորեն ավելի բարձր ռիսկի հետ՝ այլ հակադիաբետիկ դեղամիջոցների համեմատ, նշվել է The BMJ-ում հրապարակված նոր հետազոտության մեջ։

Թեև նման դեպքերը հազվադեպ են, սեմագլուտիդ և տիրզեպատիդ ընդունող որոշ մարդիկ հայտնել են մազաթափության մասին, հաղորդել է Euronews-ը։ Նոր հետազոտությունը հաստատում է, որ մազաթափության ռիսկը ցածր է, և հեղինակները կարծում են, որ այս տեղեկատվությունը կօգնի հիվանդներին ավելի կշռադատված որոշումներ կայացնել։

Կարևոր է նշել, որ GLP-1-ի հետ կապված մազաթափության դիտարկված դեպքերի մեծ մասը շրջելի է եղել, քանի որ մազի ֆոլիկուլները մնացեկ են անվնաս, նշել են հեղինակները։ «Չնայած GLP-1 ռեցեպտորների ագոնիստների օգտագործման հետ կապված կլինիկորեն հաղորդված մազաթափության բացարձակ ռիսկը փոքր է, հայտնաբերված կապը կարող է ազդել հիվանդների բավարարվածության, բուժման հանդեպ հետևողական լինելու և թերապիան սկսելու կամ շարունակելու որոշման վրա», - գրել են հեղինակները։

Հետազոտողները վերլուծել են 2-րդ տեսակի դիաբետի դեմ դեղամիջոցներ ստացող պացիենտների էլեկտրոնային բժշկական գրառումները, այդ թվում՝ GLP-1 և այլընտրանքային հակադիաբետիկ դեղամիջոցների երկու այլ դասեր՝ SGLT-2 և DPP-4 ինհիբիտորներ: SGLT-2 ինհիբիտորների համեմատ՝ GLP-1 ռեցեպտորների ագոնիստների օգտագործումը կապված էր մազաթափության 37 տոկոսով բարձր ռիսկի հետ, մինչդեռ DPP-4 ինհիբիտորների համեմատ՝ ռիսկը կազմել է 68 տոկոս:

GLP-1 դեղամիջոցները սկզբնապես մշակվել են 2-րդ տեսակպի դիաբետի բուժման համար, սակայն ժամանակի ընթացքում դրանց կիրառումն ընդլայնվել է՝ ներառելով քաշի կորուստը, սրտանոթային ռիսկի նվազեցումը և օբստրուկտիվ քնի՝ ափնոեի բուժումը:

Այս դեղամիջոցները գործում են՝ ընդօրինակելով գլյուկագոնանման պեպտիդ-1-ը՝ հորմոն, որն արտադրվում է աղիներում, ուտելուց հետո: Դրանք ակտիվացնում են ենթաստամոքսային գեղձի ռեցեպտորները՝ խթանելով ինսուլինի սեկրեցիան, ինչպես նաև ուղեղի ռեցեպտորները՝ օգնելով կարգավորել ախորժակը:

Հեղինակները նշել են, որ քաշի արագ կորուստը և կալորիաների սահմանափակումը մազաթափության աճի պատճառ հանդիսացող հայտնի գործոններ են։

Նրանք նշել են, որ հորմոնալ փոփոխությունները նույնպես կարող են դեր ունենալ, սակայն անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ հիմքում ընկած մեխանիզմները պարզելու համար։ Կալորիականության սահմանափակումը կարող է մեծացնել ֆիզիոլոգիական սթրեսը և հանգեցնել միկրոտարրերի, ինչպիսին են երկաթը, ցինկը և բիոտինը, անբավարարության, որը կարող է խաթարել մազերի աճի ցիկլը։

Թեև մազաթափությունը սովորաբար անմիջական ֆիզիկական վնաս չի պատճառում, այն կարող է ունենալ զգալի հոգեսոցիալական հետևանքներ՝ ազդելով ինքնագնահատականի, կյանքի որակի և բուժման հետևողականության վրա, հավելել են հեղինակները։

Հեղինակները եզրակացրել են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ GLP-1 ռեցեպտորների ագոնիստային թերապիայի, քաշի կորստի և մազաթափության միջև մեխանիստական ​​կապերը պարզաբանելու, ինչպես նաև նման բարդությունների ամենաբարձր ռիսկի խմբում գտնվող պացիենտներին բացահայտելու համար։



© NEWS.am Medicine