13:27 8 օգոստոսի, 2026Գիտնականները հայտնաբերել են մեխանիզմ, որի միջոցով քաղցկեղի բջիջները կարող են թաքնվել իմունային համակարգից, և գտել են դրանք կրկին տեսանելի դարձնելու պոտենցիալ միջոց օրգանիզմ համար։
Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում։
Հետազոտողները հայտնաբերել են, որ ուռուցքային բջիջները կարող են իրենց շուրջն ստեղծել մի տեսակ պաշտպանիչ «շաքարի ծածկույթ»՝ ածխաջրերի վրա հիմնված մոլեկուլների շերտ, որը թույլ չի տալիս իմունային բջիջներին ճանաչել և ոչնչացնել դրանք։
Այս պաշտպանիչ շերտը, որը հայտնի է որպես գլիկոկալիքս, կախված է ոչ միայն քաղցկեղի բջիջներից, այլև դրանց շրջակա միջավայրից՝ այսպես կոչված ուռուցքի միկրոմիջավայրից, որը ներառում է իմունային բջիջները, արյան անոթները, շարակցական հյուսվածքը, սպիտակուցները և սննդանյութերը։
Գիտնականները փորձեր են անցկացրել, որոնց ընթացքում աճեցրել են բջիջները օրգանիզմի տարբեր պայմաններ մոդելավորող պայմաններում՝ փափուկ առողջ հյուսվածքից մինչև կոշտ միջավայր ուռուցքի ներսում։ Նրանք նաև փոփոխել են գլյուկոզայի մակարդակը՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի ազդեցությունն ուսումնասիրելու համար։ Պարզվել է, որ գլյուկոզայի ավելցուկը, զուգորդված ուռուցքային միջավայրին բնորոշ պայմանների հետ, ստիպել է բջիջներին ստեղծել ածխաջրերի մոլեկուլների ավելի հաստ պաշտպանիչ շերտ։ Հենց այս «շաքարի թաղանթն» է, որն օգնել է քաղցկեղի բջիջներին խուսափել իմունային գրոհից։
Հետազոտողները նաև բացահայտել են HSF1 սպիտակուցի կարևոր դերը, որը մասնակցում է բջջային սթրեսային արձագանքին: Երբ այս սպիտակուցը բացակայել է, ուռուցքային բջիջների պաշտպանիչ վահան ստեղծելու ունակությունը նվազել է։
Գիտնականների կարծիքով՝ HSF1-ը արգելափակող դեղամիջոցները կարող են պոտենցիալ առումով «զինաթափել» քաղցկեղային բջիջները և բարձրացնել իմունաթերապիայի արդյունավետությունը, հատկապես մետաստատիկ քաղցկեղի դեպքում։
Հետազոտության հեղինակները նշել են, որ այս հայտնագործությունը նաև օգնում է բացատրել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի, 2-րդ տեսակի դիաբետի և քաղցկեղի որոշ տեսակների բուժման վատ արդյունքների միջև կապը: Գլյուկոզայի ավելցուկը կարող է ստեղծել պայմաններ, որոնք ուռուցքներին տալիս են լրացուցիչ գոյատևման առավելություն։
Հետազոտողներն ընդգծել են, որ սա չի նշանակում, որ շաքարն ուղղակիորեն «սնուցում է քաղցկեղը», այլ որ նրանք բացահայտել են կենսաբանական մեխանիզմ, որի միջոցով նյութափոխանակության խանգարումները կարող են ազդել իմունային հսկողությունից խուսափելու ուռուցքների ունակության վրա։