Պրոֆեսորը դարձել է երկարակեցության հետազոտության միակ մասնակիցը. նրա կենսաբանական տարիքը 15 տարով ցածր է գնահատվել

22:31   13 օգոստոսի, 2026

Սինգապուրի Ազգային համալսարանի պրոֆեսորը մի քանի տարի շարունակ հետևել է իր առողջական վիճակին երկարակեցության անսովոր հետազոտության շրջանակում՝ օգտագործելով ֆիզիոլոգիական տվյալների անընդհատ հավաքագրում՝ ուսումնասիրելու համար, թե ապրելակերպի փոփոխություններն ինչպես են իրական ժամանակում ազդում օրգանիզմի վրա:

Սինգապուրի Ազգային համալսարանի Յոն Լու Լինի բժշկական դպրոցի Թվային բժշկության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Դին Հոն դարձել է DELTA կոչվող հետազոտության միակ մասնակիցը: Նախագծի հիմքում ընկած է այն գաղափարը, որ տարեկան բժշկական զննումը բավարար չէ առողջական վիճակը լիարժեք գնահատելու համար: Հետազոտողները ձգտել են դիտարկել, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում սթրեսին, սննդին, ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, քնին և ծոմապահությանը՝ այդ գործոնների փոփոխմանը զուգընթաց:

Հետազոտությունը սկսվել է 2024 թվականի օգոստոսին և շարունակվում է մինչ օրս: Հոն, որը հետազոտության անցկացման պահին 47 տարեկան էր, հետևում էր ինտենսիվ ռեժիմի, որը ներառում էր ամենօրյա մոտ 20-ժամյա ծոմապահություն, մի քանի 48-ժամյա ծոմապահության շրջաններ, ամեն առավոտ մոտ 90 րոպե տևողությամբ ուժային կամ կարդիո մարզումներ:

Սննդակարգը. Նրա կերակրացանկը հիմնականում բաղկացած էր միջերկրածովյան տիպի մթերքներից՝ տերևավոր բանջարեղեն, սերմեր, ձիթապտղի յուղ և սպիտակուցի ոչ յուղոտ աղբյուրներ: Որպես ըմպելիք նա օգտագործում էր ջուր, էլեկտրոլիտներ, սև սուրճ և սև թեյ՝ առանց շաքարի և կաթի:

Մոտ ութ ամսվա ընթացքում հետազոտողները հետևել են նրա ֆիզիոլոգիական ցուցանիշներին երեք կրելի սարքերի (Whoop, Garmin և Apple Watch) միջոցով: Նման մոտեցումը թույլ է տվել ֆիքսել այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են աննկատ մնալ սովորական բժշկական զննումների և ֆիթնես-թրեքերների տվյալների ստանդարտ վերլուծության ժամանակ:

Օրգանիզմը սկսել է ավելի արագ անցում կատարել էներգիայի աղբյուրների միջև

Գլխավոր ցուցանիշներից մեկը դարձել է մետաբոլիկ անցումը՝ որպես էներգիայի աղբյուր գլյուկոզայի օգտագործումից ճարպերի այրմանն անցնելու օրգանիզմի ունակությունը: Հոյի տարիքի մարդկանց մոտ այդպիսի անցումը սովորաբար տևում է 36-ից 72 ժամ կամ նույնիսկ ավելի, և տարիքի հետ կարող է դառնալ պակաս արդյունավետ:

Սակայն հետազոտության ընթացքում Հոյի մետաբոլիկ անցման ժամանակը 24 ժամից կրճատվել է մինչև 16,5 ժամ, ինչը կարող է վկայել օրգանիզմի նյութափոխանակության ճկունության բարձրացման մասին:

Հետազոտողները մշակել են նաև առողջապահության ոլորտում Արհեստական բանականությամբ աշխատող հատուկ օգնական, որը վերլուծել է Հոյի մոլեկուլային և ֆիզիոլոգիական տվյալները: Համակարգը նրա կենսաբանական տարիքը գնահատել է մոտ 32 տարեկան՝ գրեթե 15 տարով պակաս իրական տարիքից:

Գիտնականները նշում են, որ սովորաբար կենսաբանական տարիքը հաշվարկվում է մոլեկուլային կամ ֆիզիոլոգիական ցուցանիշների մեկ խմբի հիման վրա: Նման գնահատականը պատկերացում է տալիս առողջական վիճակի և հիվանդությունների ռիսկի մասին, բայց ցույց չի տալիս, թե որքան արդյունավետ կարող է օրգանիզմն արձագանքել սթրեսին և վերականգնվել դրանից հետո:

DELTA մոտեցումը, հակառակը, կենտրոնացած է իրական ժամանակում ստացված ցուցանիշների վրա: Այն հնարավորություն է տալիս գնահատել այն, ինչ հետազոտողներն անվանում են կենսաբանական դիմացկունություն՝ ծանրաբեռնվածությանն արագ հարմարվելու և վերականգնվելու օրգանիզմի ունակությունը:

Փոխվել են զարկերակն ու քունը

Հետազոտությունը բացահայտել է նաև մի շարք այլ փոփոխություններ.

Սրտի զարկեր. Հանգստի վիճակում Հոյի սրտի զարկերի հաճախականությունը րոպեում 65-ից նվազել է և հասել 46 զարկի, ինչը կարող է վկայել սրտանոթային համակարգի ավելի արդյունավետ աշխատանքի և ավելի լավ վերականգնման մասին:

Քնի ռեժիմ. Նկատելիորեն փոխվել է նաև քունը: Եթե նախկինում պրոֆեսորը քնում էր կեսգիշերից հետո, ապա հետազոտության ընթացքում սկսել է պառկել քնելու մոտավորապես 21:00-ին: Քնի տևողությունը մոտ հինգ ժամից աճել է մինչև գրեթե ութ ժամ, ընդ որում՝ խոր քնի բաժինն ավելացել է, իսկ գիշերային արթուն մնալու ժամանակը՝ կրճատվել:

Աղիների միկրոբիոմ. Հետազոտողները փոփոխություններ են հայտնաբերել նաև աղիների միկրոբիոմում: Օրինակ՝ Fusobacterium բակտերիաները չեն հայտնաբերվել իրականացված չափումներից և ոչ մեկում, իսկ այլ արդյունքներ վկայում են ծոմապահության որոշակի ժամանակահատվածներում օրգանիզմում էներգիայի ավելի արդյունավետ պահպանման մասին:

Նոր մոտեցում առողջ ծերացման ուսումնասիրությանը

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ DELTA-ի նպատակն է ցույց տալ տվյալների մշտական վերլուծության վրա հիմնված երկարակեցության անհատականացված մոտեցման ներուժը, այլ ոչ թե բոլորի համար սնուցման և մարզումների համապարփակ ռեժիմ առաջարկել:

Ըստ Հոյի՝ մարդիկ ոչ միայն տարբերվում են միմյանցից, այլև ժամանակի ընթացքում մշտապես փոխվում են: Սթրեսը, քունը, սնունդը, ֆիզիկական ակտիվությունը և հիվանդությունները կարող են շարունակ փոփոխել անհատական ֆիզիոլոգիական ցուցանիշները:

Ուստի հետազոտողներն առաջարկում են երկարակեցության ուսումնասիրության մեջ շեշտադրումը առանձին (տարեկան կամ պարբերական) չափումներից տեղափոխել մշտական դիտարկման վրա՝ հասկանալու համար, թե ինչպես է օրգանիզմը գործում, հարմարվում ծանրաբեռնվածությանը և վերականգնվում:

Գիտնականները հույս ունեն, որ ապագայում նման մոտեցումը մարդկանց կօգնի ապրելակերպի վերաբերյալ ավելի հիմնավորված որոշումներ ընդունել՝ հիմնվելով սեփական ֆիզիոլոգիական տվյալների, այլ ոչ թե համընդհանուր խորհուրդների վրա:

«DELTA. մարդու կենսաբանական դիմացկունության ամրապնդումը N=1 թվային բժշկական արձանագրության և դինամիկ կենսամարկերների միջոցով» հետազոտությունը հրապարակվել է PLOS One հանդեսում: Հետազոտությունը շարունակվում է:



© NEWS.am Medicine