Ինչու է շոգին «հալվում ուղեղը». գիտնականները բացատրել են բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մտածողության վրա

18:58   15 օգոստոսի, 2026

Շոգն իսկապես կարող է մեզ ստիպել դանդաղկոտ դառնալ. բարձր ջերմաստիճանն ունակ է դանդաղեցնել մտածողության գործընթացները, վատթարացնել կենտրոնացումը և խանգարել նույնիսկ առօրյա սովորական գործերին, գրում է The Conversation-ը:

Գիտնականները սա կապում են այն հավելյալ ծանրաբեռնվածության հետ, որն ունենում են ուղեղը և օրգանիզմը՝ փորձելով պահպանել մարմնի բնականոն ջերմաստիճանը:

Երբ շրջակա միջավայրի ջերմաստիճանը բարձրանում է, մաշկի մակերեսին մոտ գտնվող ջերմաընկալիչները ազդակներ են հաղորդում հիպոթալամուսին՝ ուղեղի այն հատվածին, որը պատասխանատու է ջերմակարգավորման համար: Ի պատասխան՝ օրգանիզմը գործի է դնում հովացման մեխանիզմները. ուժեղանում է քրտնարտադրությունը, ավելի շատ արյուն է ուղղվում դեպի մաշկի մակերես, իսկ մարմինն ավելի ակտիվորեն է ջերմություն հաղորդում միջավայրին:

Ուղեղի համար սա նշանակում է հավելյալ աշխատանք: Քանի դեռ օրգանիզմը զբաղված է մոտ 37 °C ջերմաստիճանը պահպանելով, ճանաչողական գործառույթները կարող են տուժել, հատկապես եթե մարդը ստիպված է երկար կենտրոնանալ կամ բարդ խնդիրներ լուծել:

Ֆիզիկական ակտիվության ժամանակ ծանրաբեռնվածությունն է՛լ ավելի է մեծանում: Աշխատող մկանները և արագացած նյութափոխանակությունը լրացուցիչ ջերմություն են արտադրում, ուստի օրգանիզմը պետք է ավելի ակտիվորեն միացնի հովացման մեխանիզմները:

Բացի այդ, բարձր ջերմաստիճանն անմիջականորեն ազդում է նյարդային բջիջների աշխատանքի վրա: Նեյրոնների միջև ազդակների փոխանցումը կախված է ֆերմենտների, սպիտակուցների աշխատանքից և բջջային թաղանթների միջով իոնների շարժից, իսկ այդ բոլոր գործընթացները զգայուն են ջերմաստիճանի նկատմամբ: Ուժեղ գերտաքացման դեպքում դրանց նուրբ հավասարակշռությունը կարող է խախտվել, ինչն անդրադառնում է հիշողության, կենտրոնացման և որոշումներ կայացնելու ունակության վրա:

Մեկ այլ գործոն է ջրազրկումը: Շոգին օրգանիզմը քրտինքի հետ ավելի շատ հեղուկ է կորցնում: Եթե այն բավարար չափով չի վերականգնվում, մեծանում է սիրտ-անոթային համակարգի ծանրաբեռնվածությունը, որը պետք է արյունով ապահովի մաշկը և ներքին օրգանները, այդ թվում՝ ուղեղը:

Քանի որ ուղեղն ավելի քան 70%-ով բաղկացած է ջրից, նույնիսկ հեղուկի չափավոր պակասը կարող է բացասաբար ազդել ուշադրության, արձագանքման արագության և կարճաժամկետ հիշողության վրա: Ջրազրկումը կարող է նվազեցնել ուղեղի արյան հոսքը, փոխել նեյրոնների աշխատանքը և խախտել էլեկտրոլիտների հավասարակշռությունը, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի բնականոն գործունեության համար:

Շոգը կարող է ուղեղի վրա ազդել նաև անուղղակիորեն՝ քնի միջոցով: Բարձր ջերմաստիճանի պայմաններում ավելի դժվար է քնել, իսկ խորը վերականգնողական քնի տևողությունը կարող է կրճատվել: Արդյունքում հաջորդ օրը մարդն առերեսվում է ուշադրության, հիշողության և մտածողության լրացուցիչ խնդիրների:

Ընդ որում, շոգի նկատմամբ արձագանքը տարբեր մարդկանց մոտ տարբեր է: Ոմանք բարձր ջերմաստիճանը համեմատաբար հեշտ են տանում, մինչդեռ մյուսների համար դժվարանում է նույնիսկ պարզ կամ սովորական առաջադրանքների կատարումը: Նշանակություն ունեն անհատական ֆիզիոլոգիան և շոգին դիմակայելու ունակությունը:

Բարձր ջերմաստիճանի ազդեցությունը ճանաչողական ունակությունների վրա նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել զովությունը, կրել թեթև հագուստ, շոգին գտնվելիս ընդմիջումներ անել և կանոնավոր ջուր խմել:



© NEWS.am Medicine