13:44 16 օգոստոսի, 2026Rutgers Health-ի գիտնականների իրականացրած հետազոտության համաձայն՝ գոտկատեղի շրջագծի չափումը կարող է լինել ճարպակալման հետ կապված հիվանդությունների բարձր ռիսկը հայտնաբերելու ամենապարզ եղանակներից մեկը: Աշխատանքը հրապարակվել է JAMA Network Open գիտական ամսագրում:
Հետազոտողները պարզել են, որ մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) և գոտկատեղի շրջագծի համադրությունը կարող է նույն ճշգրտությամբ հայտնաբերել մարմնի ավելորդ ճարպը և դրա հետ կապված ռիսկերը, ինչպես ավելի բարդ համակարգը, որը հաշվի է առնում մարմնի բազմաթիվ պարամետրեր: Բացի այդ, միայն գոտկատեղի շրջագծի չափումը գրեթե նույնքան արդյունավետ է եղել:
Գիտնականները վերլուծել են 20-59 տարեկան մոտ 1 900 ամերիկացիների տվյալները, որոնք մասնակցել են ԱՄՆ առողջության և սննդի ազգային հարցախույզին: Նրանք համեմատել են ճարպակալման մի քանի ախտորոշիչ մեթոդներ ճարպային հյուսվածքը չափելու բարձր ճշգրտության մեթոդի հետ:
Վերջերս փորձագետների միջազգային խումբն առաջարկել է ավելի համապարփակ մոտեցում, որը ներառում է ՄԶԻ-ն, գոտկատեղի շրջագիծը, գոտկատեղի և հասակի, իրանի և ազդրերի հարաբերակցությունը: Սակայն հետազոտությունը պարզել է, որ այս լրացուցիչ չափումները որևէ էական առավելություն չեն տալիս ավելի պարզ մեթոդների համեմատ: Հետազոտության առաջատար հեղինակ Աայուշ Վիսարիայի խոսքով՝ հագուստի չափի մեծացումը կամ գոտին թուլացնելու անհրաժեշտությունը կարող է լինել ճարպային հյուսվածքի ավելորդ քանակության վաղ նշան: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ հագուստի չափը չի փոխարինում գոտկատեղի շրջագծի բժշկական չափմանը։
Հետազոտողները նաև պարզել են, որ միայն մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ) բավական չէ ճարպային հյուսվածքի ավելորդ քանակություն ունեցող մարդկանց զգալի մասի բացահայտման համար։ Դա պայմանավորված է նրանով, որ ՄԶԻ-ն հաշվի չի առնում մարմնի կազմի և ճարպի բաշխման տարբերությունները։
Գիտնականների կարծիքով՝ գոտկատեղի շրջագծի կանոնավոր չափումը՝ զուգորդված քաշի գնահատման հետ, կարող է օգնել դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, ինսուլտի և քաղցկեղի որոշակի տեսակների առաջացման ռիսկի ավելի վաղ հայտնաբերմանը։
Հետազոտության արդյունքները կարող են օգտագործվել ճարպակալման սքրինինգի ապագա ուղեցույցներ մշակելու և բժշկական պրակտիկայում գոտկատեղի շրջագծի չափման ավելի լայն կիրառումը խթանելու համար։