11:34 17 օգոստոսի, 2026Moderna-ի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցները պատվաստվել են Էբոլա վիրուսի «Բունդիբուգիո» շտամի դեմ. ընկերությունը Կանադայում սկսել է առաջին փուլի փորձարկումները։
Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ պատրաստուկը մշակվում է Moderna-ի մՌՆԹ հարթակի հիման վրա, որը նույն տեխնոլոգիան է, ինչ օգտագործվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութում։
Փորձարկումների առաջին փուլում ընդգրկված կլինի շուրջ 80 կամավոր։ Այն թույլ կտա գնահատել Էբոլայի «Բունդիբուգիո» շտամի նկատմամբ անվտանգությունը, տանելիությունը և իմունային պատասխանը։ Այս շտամի դեմ ներկայումս պատվաստանյութ գոյություն չունի։
«Այն, որ Moderna-ի պատվաստանյութի թեկնածուն այդքան արագ է անցնում առաջին փուլի փորձարկումներին, կարևոր առաջընթաց է՝ այս մահացու բռնկման դեմ պայքարում»,- հայտարարել է Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիայի (CEPI) գործադիր տնօրեն Ռիչարդ Հեչեթը։
CEPI-ն գլոբալ պետական-մասնավոր գործընկերություն է, որը ֆինանսավորում և արագացնում է պատվաստանյութերի ու կենսաբանական պաշտպանության միջոցների մշակումը նոր վարակիչ հիվանդությունների և հնարավոր համավարակների դեմ։
Հունիսին կոալիցիան հայտարարել էր, որ ներդրումներ է կատարում մշակվող թեկնածու պատվաստանյութերի փաթեթում, ներառյալ նրանք, որոնք ստեղծում են ՄԻԱՎ-ի պատվաստանյութի միջազգային նախաձեռնությունը, Moderna-ն և Օքսֆորդի համալսարանը։
Օքսֆորդի համալսարանն առաջին փուլի կլինիկական փորձարկումը մեկնարկել է հուլիսին՝ պատմության մեջ ամենաարագ տարածվող Էբոլայի բռնկումը կանգնեցնելու մրցավազքի շրջանակում։ Պատվաստանյութերի արտադրությամբ կզբաղվի Հնդկաստանի շիճուկների ինստիտուտը (Serum Institute of India, SII)։
«Ամեն օրն էական նշանակություն ունի, և կլինիկական փորձարկումներ անցնող պատվաստանյութի յուրաքանչյուր թեկնածու մեզ ևս մեկ հնարավորություն է տալիս հնարավորինս արագ, ապահով և արդյունավետ պատվաստանյութ տրամադրել դրա կարիքն ունեցող մարդկանց»,- հավելել է Հեչեթը։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը բախվել է իր պատմության մեջ Էբոլայի երկրորդ ամենամեծ բռնկմանը, ընդ որում՝ դեպքերի թիվն աճում է ավելի արագ, քան նախորդ ալիքների ժամանակ, փոխանցում է Euronews-ը։
Երեքշաբթի օրվա դրությամբ գրանցվել է հիվանդացության 3802 դեպք, 1707 մարդ մահացել է, հետևում է կառավարության վերջին հաշվետվությունից։
Այս պահին անհայտ է, թե երբ բռնկումը կհասնի իր գագաթնակետին, երեքշաբթի հայտարարել է Աֆրիկյան հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (Africa CDC) գլխավոր տնօրեն Ժան Կասեյան՝ Իտուրի նահանգում գտնվող բռնկման էպիկենտրոնին մոտ գտնվող Բունիա քաղաք կատարած իր երկրորդ այցելության ընթացքում։
Ըստ Կասեյայի՝ նոր դեպքերի 60–70%-ը պայմանավորված է ներհամայնքային փոխանցմամբ, այլ ոչ թե կոնտակտավորների հետագծմամբ, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել հիվանդի հետ շփում ունեցած մարդկանց։
«Կոնտակտավորների հայտնաբերումը չի գործում»,- ասել է Կասեյան։ «Մեզ դուր չի գալիս այս բռնկման դինամիկան, և այն արդեն դարձել է աշխարհում Էբոլայի երկրորդ խոշորագույն բռնկումը դիտարկումների ողջ պատմության ընթացքում»։
Բռնկումը հիմնականում կենտրոնացած է Կոնգոյի արևելքում գտնվող դժվարամատչելի Իտուրի նահանգում, որին բաժին է ընկնում դեպքերի գրեթե 90%-ը, սակայն վարակման դեպքեր են հաստատվել ևս հինգ նահանգներում, այդ թվում՝ երկրի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Կիսանգանիում։