Փողոցների առատ կանաչապատումը նպաստում է ավելի երկար քնին․ հետազոտություն

23:46   18 օգոստոսի, 2026

Քունն գնալով ավելի է դիտարկվում որպես առողջության հիմնարար սյուներից մեկը․ հայտնի է, որ դրա պակասը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների, ճարպակալման, դեպրեսիայի բարձր ռիսկի և արտադրողականության նվազման հետ։ Մինչ քաղաքները փնտրում են իրենց բնակիչների ինքնազգացողությունը բարելավելու ուղիներ, հետազոտողներն ուսումնասիրում են՝ արդյոք քաղաքային կառուցապատման առանձնահատկությունները կարող են օգնել մարդկանց ավելի լավ քնել։

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ առավել կանաչապատ թաղամասերն ու տարածության «տեսողական փակվածության» ավելի ընդգծված աստիճան ունեցող փողոցները (օրինակ՝ երբ փողոցը եզերված է շենքերով կամ ծառերով) կապված են ավելի երկարատև քնի հետ, մինչդեռ հետիոտնի համար ավելի հարմարավետ փողոցային ցանց ունեցող թաղամասերը, ընդհակառակը, ասոցացվում են քնի ավելի կարճ տևողության հետ։

Ճապոնիայի Օսակայի մետրոպոլիտեն համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են թաղամասի արտաքին տեսքն ու ապահովության զգացողությունը ազդում Տոկիոյում ոչ բարձր, քան երրորդ հարկում բնակվող 40-50 տարեկան աշխատող չափահասների քնի վրա։

Հետազոտական թիմն արհեստական բանականության տեխնոլոգիաներ է օգտագործել՝ Google Street View ծառայության ավելի քան 200 000 լուսանկար վերլուծելու և քաղաքային թաղամասերի տեսողական բնութագրերը բացահայտելու համար։ Այնուհետև այդ տվյալները համադրվել են բազմաբնակարան շենքերի ցածր հարկերում ապրող 1089 աշխատող չափահասների քնի որակի և տևողության ինքնագնահատականի հետ, հայտնում է Euronews-ը։

Հետազոտողները պարզել են, որ շենքերից կամ ծառերից յուրօրինակ միջանցք ձևավորող փողոցները կապված են անքնության ավելի քիչ ախտանիշների և ավելի երկարատև քնի հետ։ Կան նաև նշաններ, որ այս կապը մասամբ բացատրվում է նրանով, որ բնակիչներն այդպիսի թաղամասերն ավելի անվտանգ ու կենսունակ են համարում։

«Մեր արդյունքները նաև էական դրական փոխկապակցվածությունը են հաստատում սուբյեկտիվ ապահովության զգացողության և քնի տևողության միջև»,- գրում են աշխատության հեղինակները։

Ավելի կանաչապատ թաղամասերը ասոցացվել են ապահովության ավելի բարձր զգացողության և, որպես հետևանք, ավելի երկարատև քնի հետ, մինչդեռ հետիոտնի համար ավելի հարմարեցված փողոցային ցանց ունեցող թաղամասերը՝ ապահովության ավելի ցածր զգացողության և ավելի կարճ քնի հետ։

Հեղինակները նշում են, որ իրենց եզրահանգումները ընդլայնում են պատկերացումներն այն մասին, թե ինչպես է քաղաքային միջավայրն ազդում քնի որակի վրա, և թույլ են տալիս առանձնացնել գործնական ցուցանիշներ, որոնք կարող են օգտակար լինել հետագա հետազոտություններում և բնակիչների առողջությանն ուղղված քաղաքային տարածությունների պլանավորման ժամանակ։



© NEWS.am Medicine