19:24 18 օգոստոսի, 2026Փաստաբան Մանուշ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր պրակտիկայում տեղի ունեցած մի դեպք, որի շրջանակում ընկերությունը դատարանի միջոցով հետ է ստացել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հաշվին սխալմամբ փոխանցած 2,35 մլն դրամը։
Ինչպես հայտնել է փաստաբանը, ընկերությունը հինգ ամիս շարունակ փորձել է վերադարձնել այդ գումարը։ Այդ ընթացքում Հիմնադրամին ներկայացվել է ավելի քան 10 դիմում, սակայն հարցը լուծել չի հաջողվել։ Արդյունքում ընկերությունը ստիպված է եղել դիմել դատարան։
Դատարանի որոշման համաձայն՝ Հիմնադրամը պարտավոր է ընկերությանը վերադարձնել 2,35 մլն դրամը, ինչպես նաև վճարել Հիմնադրամի հաշվին գումարի փոխանցման պահից հաշվարկված տոկոսները։ Բացի այդ, Հիմնադրամից բռնագանձվել է 70 500 դրամ պետական տուրք և 60 000 դրամ՝ փաստաբանական ծառայությունների համար։
«Այս հաղթած դատական գործը ուղիղ ցույց է տալիս՝ որքան են թերի մեր նոր ընդունվող օրենքների մեծ մասը, և դրա պատճառով անձը ստիպված 5 ամիս գրագրություն է վարել, 10 ից ավել դիմում գրել, բայց արդյունք չունենալուց հետո հետ ստացել գումարները միայն դատական կարգով», — գրել է Եսայանը։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում փաստաբանը պարզաբանել է, որ ընկերությունը նշված գումարը Հիմնադրամի հաշվին փոխանցել էր տեխնիկական սխալի հետևանքով։ Սխալը հայտնաբերելուց հետո ընկերության ղեկավարությունը դիմել էր Հիմնադրամ՝ գումարը վերադարձնելու խնդրանքով։
Պարզվել է, որ Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ նման դեպքերում Հիմնադրամի գործողությունների կարգը սահմանված չէր։ Հիմնադրամում ընկերությանը առաջարկել էին գումարը թողնել իրենց հաշվին և այն աստիճանաբար հաշվանցել հետագա վճարումների դիմաց՝ մինչև գումարի ամբողջական սպառումը։
Սակայն ընկերությունը նախընտրել է վերադարձնել գումարը և, ի վերջո, դրան հասել է դատարանի միջոցով։
Փաստաբանի խոսքով՝ այս գործի քննությունից հետո օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարվել՝ սխալմամբ փոխանցված գումարների վերադարձի կարգը սահմանելու նպատակով։