Գիտնականներն արյան ընդամենը մեկ անալիզով կարողացել են «ծերացման ժամացույցներ» ստեղծել առանձին բջիջների համար

22:39   20 օգոստոսի, 2026

Գիտնականները մշակել են մեթոդ, որը թույլ է տալիս արյան ընդամենը մեկ անալիզով գնահատել, թե որքան արագ են ծերանում տարբեր տեսակի բջիջները, և այդ փոփոխությունները կապել լուրջ հիվանդությունների ու մահվան ռիսկի հետ:

Cell Reports Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունը հիմնված է մեքենայական ուսուցման և պլազմայի ավելի քան 7000 սպիտակուցների վերլուծության վրա: Human Protein Atlas-ի տվյալների օգնությամբ հետազոտողներն այդ սպիտակուցները կապել են բջիջների ավելի քան 40 տեսակի հետ և «ծերացման ժամացույցներ» ստեղծել բջջային առանձին պոպուլյացիաների համար:

Մոդելները փորձարկվել են գրեթե 60 հազար մարդու վրա՝ օգտագործելով երեք խոշոր կոհորտաների տվյալներն ու սպիտակուցների վերլուծության երկու անկախ մեթոդ՝ SomaScan-ը և Olink-ը: Արդյունքները ցույց են տվել, որ նույն մարդու մոտ տարբեր բջիջների կենսաբանական տարիքը կարող է էապես տարբերվել. բջջային որոշ պոպուլյացիաներ կարող են ծերանալ ավելի արագ, մինչդեռ մյուսները պահպանում են ավելի «երիտասարդ» վիճակ:

Առանձնապես ընդգծված է ստացվել առանձին բջիջների ծերացման և հիվանդությունների ապագա ռիսկի միջև կապը: Օրինակ՝ աստրոցիտների (նյարդային համակարգի բջիջներ, որոնք ապահովում են նեյրոնների կենսագործունեությունը) արտահայտված ծերացումը նույնացվել է որպես Ալցհեյմերի հիվանդության ամենաուժեղ կանխորոշիչ: 15 տարվա դիտարկումների ընթացքում աստրոցիտների արտահայտված ծերացում ունեցող մարդկանց մոտ հիվանդության առաջացման ռիսկը 12,6 անգամ ավելի բարձր է եղել:

Համեմատության համար՝ Ալցհեյմերի հիվանդության բարձր ռիսկի հետ կապված APOE4 տարբերակի առկայությունն այս ցուցանիշը բարձրացնում էր 5,3 անգամ, պոլիգենային ռիսկը՝ 2,14 անգամ, իսկ սովորական քրոնոլոգիական տարիքը՝ 1,24 անգամ:

Տարբերությունն առավել ակնառու էր APOE4-ի երկու կրկնօրինակ ունեցող անձանց շրջանում. Ալցհեյմերի հիվանդությունը զարգացել էր աստրոցիտների արտահայտված ծերացում ունեցող մասնակիցների 38,3%-ի մոտ, սակայն բնականոն ծերացում ունեցողների շրջանում այդ ցուցանիշը կազմել էր 12,6%:

Հետազոտողները նմանատիպ կապեր են հայտնաբերել նաև այլ հիվանդությունների դեպքում: Կմախքային մկանների բջիջների արտահայտված ծերացումը կապված է եղել կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի ռիսկի 12,7-ապատիկ աճի հետ: Ալվեոլների և շնչառական էպիթելի բջիջների ծերացումը լրացուցիչ բարձրացնում էր թոքերի քաղցկեղի ռիսկը՝ միայն ծխելու գործոնի համեմատ:

Գիտնականները ստեղծել են նաև ընդհանուր ցուցանիշ՝ Polycellular Aging Risk Score, որը հաշվի է առնում միանգամից մի քանի տեսակի բջիջների ծերացումը: Ավելի քան 20 տեսակի բջիջների արտահայտված ծերացում ունեցող մարդկանց շրջանում 15-ամյա ապրելիությունը կազմել է մոտ 34%, մինչդեռ ծերացման բնականոն ցուցանիշներ ունեցողների մոտ՝ շուրջ 90%:

Հեղինակները կարծում են, որ այս մոտեցումը պոտենցիալ կերպով կարող է դառնալ անհատականացված բժշկության նոր գործիք. ամբողջ օրգանիզմի կենսաբանական տարիքը գնահատելու փոխարեն արյան անալիզը թույլ կտա որոշել, թե հատկապես բջջային որ համակարգերն են ծերանում ավելի արագ, և թե ինչ հիվանդությունների հետ դա կարող է կապված լինել:



© NEWS.am Medicine