Հայտնաբերվել է դեղամիջոցների համակցություն, որը կարող է դանդաղեցնել բուժման նկատմամբ կայուն շագանակագեղձի քաղցկեղի աճը

17:34   22 օգոստոսի, 2026

Միչիգանի համալսարանի գիտնականները հայտնաբերել են երկու դեղամիջոցի համակցություն, որը զգալիորեն ավելի արդյունավետ է դանդաղեցնում ստանդարտ բուժման նկատմամբ կայուն շագանակագեղձի ուռուցքների աճը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JCI Insight գիտական ամսագրում։

Շագանակագեղձի քաղցկեղը հաճախ կախված է տղամարդու սեռական հորմոններից՝ անդրոգեններից, այդ թվում՝ տեստոստերոնից։ Ուստի հիվանդության տարածված ձևի դեպքում բուժման հիմնական մեթոդներից են դառնում անդրոգենների ազդեցությունն արգելափակող դեղամիջոցները։ Սակայն սկզբնական ազդեցությունը ժամանակի ընթացքում գրեթե միշտ անհետանում է. ուռուցքը կայունություն է ձեռք բերում թերապիայի նկատմամբ և շարունակում է աճել։

Երբեմն քաղցկեղային բջիջներն այս ընթացքում բառացիորեն փոխում են իրենց «ինքնությունը»։ Դրանք կորցնում են գեղձային հյուսվածքի հատկանիշները, որոնք բնորոշ են շագանակագեղձի սովորական քաղցկեղին, և ձեռք են բերում բջիջների այլ տիպերի հատկություններ։ Այս գործընթացը կոչվում է տրանսդիֆերենցում և թույլ է տալիս ուռուցքին գոյատևման այլընտրանքային կենսաբանական ծրագրեր օգտագործել։

Հետազոտողները պարզել են, որ այս անցման հիմքում ընկած է առնվազն երկու փոխկապակցված գործընթաց. բջիջները կորցնում են գեղձային հյուսվածքին բնորոշ գեների ակտիվությունը և միաժամանակ միացնում ցողունային բջիջների հետ կապված ծրագրերը։ Ավելի վաղ գիտնականները նաև կապ էին գտել տրանսդիֆերենցման և TP53 ու RB1 ուռուցքային սուպրեսոր գեների կորստի միջև։

Փոփոխված բջիջների վրա ներազդելու համար հետազոտողները միավորել են երկու տեսակի դեղամիջոց։ Առաջինը BET-բրոմոդոմենների ինհիբիտորներն են, որոնք ընդունակ են արգելափակել բջիջների զարգացման այլընտրանքային ծրագրերի ակտիվացումը։ Երկրորդը ԴՆԹ-մեթիլտրանսֆերազների (DNMT) ինհիբիտորներն են, որոնք կարող են կրկին ակտիվացնել ուռուցքային բջիջների կողմից կորցրած գեները։

Առանձին վերցրած՝ BET ինհիբիտորները միայն դանդաղեցնում էին քաղցկեղային բջիջների աճը, բայց չէին ոչնչացնում դրանք։ Սակայն երկու դեղամիջոցի համակցությունը զգալիորեն ավելի ուժգին է ճնշել ուռուցքի աճը։ Նույնպիսի ազդեցություն գիտնականները նկատել են նաև շագանակագեղձի փոխպատվաստված ուռուցքներ ունեցող մկների մոտ։

Բացի այդ, դեղամիջոցների համատեղ կիրառումը մասնակիորեն վերականգնել է ուռուցքային բջիջներում առաջացած գեների ակտիվության փոփոխությունները։ Ընդ որում, մկները լավ են տարել համակցությունը, որը հանգեցրել է ուռուցքների աճի զգալի նվազման նույնիսկ այն դեղաչափերի դեպքում, որոնք զգալիորեն ավելի փոքր են առանձին դեղամիջոցների համար առաջարկվողներից։

Դեղամիջոցների երկու դասերն էլ արդեն ուսումնասիրվում կամ կիրառվում են բժշկության մեջ։ Մասնավորապես, DNMT որոշ ինհիբիտորներ հաստատված են ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչության (FDA) կողմից՝ արյան քաղցկեղի առանձին տեսակների բուժման համար։ Սակայն շագանակագեղձի քաղցկեղի դեպքում հենց այսպիսի համակցության արդյունավետությունը դեռ պետք է ստուգվի մարդկանց վրա։



© NEWS.am Medicine