Դեղակայուն բակտերիաների դեմ նոր միջոցներ գտնելու համար գիտնականները 160 միլիոն տարվա հնությամն սպիտակուցներ են «վերակենդանացրել»

23:32   26 օգոստոսի, 2026

Ամերիկացի գիտնականները մոտ 160 միլիոն տարի առաջ գոյություն ունեցած հնագույն սպիտակուցներ «են վերակենդանացրել» և դրանցում հայտնաբերել բնական հակամանրէային հատկություններով օժտված մոլեկուլներ։ Լաբորատոր փորձարկումներում դրանցից մի քանիսն ավելի արդյունավետ են գտնվել դեղակայուն բակտերիաների դեմ պայքարում, քան ժամանակակից նմանատիպ նյութերը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Biology ամսագրում։

Օրեգոնի համալսարանի հետազոտողները հետևել են լակտոֆերինի էվոլյուցիոն պատմությանը։ Դա իմունային համակարգի սպիտակուց է, որն ընկերքավոր կաթնասունների նախնիների մոտ ի հայտ է եկել մոտ 160 միլիոն տարի առաջ՝ դեռևս յուրայի ժամանակաշրջանում։ Այսօր լակտոֆերինը պարունակվում է, մասնավորապես, մայրական կաթի, արտասուքի, թքի և աղիքային լորձի մեջ։ Այն կապում է երկաթը՝ բակտերիաներին զրկելով բազմացման համար անհրաժեշտ ռեսուրսից, ինչպես նաև պարունակում է հատուկ հակամանրէային պեպտիդ, որն ունակ է վնասել բակտերիալ թաղանթները։

Պարզելու համար, թե ինչպես է այս հատկությունն առաջացել և փոխվել էվոլյուցիայի ընթացքում, գիտնականները համեմատել են ժամանակակից կենդանիների լակտոֆերինի գեների հաջորդականությունները և նախնիների հաջորդականությունների վերակառուցման մեթոդի միջոցով հաշվարկել, թե ինչպիսին կարող են լինել դրա հնագույն տարբերակները։

Այնուհետև հետազոտողները սինթեզել են համապատասխան գեները և լաբորատորիայում վերականգնել հնագույն սպիտակուցները։ Դրանք փորձարկվել են մի քանի ախտածին բակտերիաների դեմ (այդ թվում՝ Pseudomonas aeruginosa-ի, Staphylococcus aureus-ի, Escherichia coli-ի և Streptococcus-ի)։

Ամենահնագույն պեպտիդները վնասել են բակտերիաների թաղանթները, սակայն միկրոօրգանիզմները կարողացել են վերականգնել հասցված վնասը։ Փոխարենը, ավելի ուշ շրջանի նախնական ձևերի մոտ հակամանրէային ակտիվությունն աստիճանաբար ուժեղացել է։ Դրանցից մի քանիսն իրենց արդյունավետությամբ նույնիսկ գերազանցել են լակտոֆերինի ժամանակակից մարդկային տարբերակներին։

Գիտնականները պարզել են, որ ազդեցության զգալի ուժեղացումը կարող է կապված լինել ընդամենը մեկ մուտացիայի՝ սպիտակուցը կազմող ամինաթթուների հաջորդականության փոքրիկ փոփոխության հետ։

Հետազոտողները կարծում են, որ նման մոլեկուլների էվոլյուցիոն պատմությունը կարող է օգնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն վարակների դեմ նոր միջոցների ստեղծման գործում։ Այնուամենայնիվ, հնագույն պեպտիդների գործնական կիրառմանը դեռևս երկար ժամանակ է անհրաժեշը. ավանդական հակաբիոտիկների համեմատ դրանք պակաս կայուն են և արագ են քայքայվում օրգանիզմում։

Այնուամենայնիվ, գիտնականները հույս ունեն ստացված տվյալներն օգտագործել նոր հակամանրէային դեղամիջոցների ու համադրությունների մշակման համար։ Դրանք շատ ավելի դժվար կլինի շրջանցել բուժմանը զուգահեռ մշտապես էվոլյուցիայի ենթարկվող բակտերիաներին։



© NEWS.am Medicine