Ախտանիշներն արագ թեթևացնող ինհալատորները կապված են սրտի հիվանդությունների ռիսկի հետ․ ERJ Open Research

20:39   27 օգոստոսի, 2026

Ասթմայի նոպաներն ու ԹՈՔՈԽ-ի ախտանիշներն արագ թեթևացնող ինհալատորների հաճախակի օգտագործումը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների և մահվան բարձր ռիսկի հետ: Որքան հաճախ են պացիենտները դիմում դրանց օգնությանը տարվա ընթացքում, այնքան բարձրանում է վտանգը:

«ERJ Open Research» ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները նման եզրահանգման են եկել Բելգիայում ասթմայով և ԹՈՔՈԽ-ով տառապող ավելի քան 280 հազար պացիենտների տվյալների վերլուծությունից հետո: Հաշվի են առնվել մասնակիցների տարիքը, սեռը, սոցիալ-տնտեսական վիճակը, ծխելու հանգամանքը, հիվանդության ծանրությունը, ինչպես նաև ուղեկցող ախտորոշումներն ու ընդունվող դեղերը:

Խոսքը կարճատև ազդեցության բրոնխոդիլատատորների (SABA և SAMA) մասին է, որոնք արագորեն թուլացնում են շնչուղիների մկանները: Ի տարբերություն հիմնական թերապիայի, որը նախատեսված է հիվանդությունը մշտական վերահսկողության տակ պահելու համար, այս միջոցները տալիս են միայն ակնթարթային, բայց կարճատև թեթևացում: Ուստի դրանց հաճախակի անհրաժեշտությունը կարող է վկայել այն մասին, որ հիվանդությունը պատշաճ կերպով չի վերահսկվում:

Ասթմայով պացիենտների մոտ SABA տեսակի դեղերի օգտագործումը կապված է եղել մահվան ռիսկի 12%-ով, իսկ ԹՈՔՈԽ-ի դեպքում՝ 14%-ով աճի հետ: SAMA-ի պարագայում ցուցանիշներն էլ ավելի բարձր են եղել՝ համապատասխանաբար 73% և 36%: Դեղաչափերի քանակից ունեղած կախվածությունն ակնհայտ է դարձել հատկապես երեք տարեկան և ավելի ինհալատոր օգտագործողների մոտ, որոնց ռիսկերը նշանակալիորեն բարձր են եղել տարեկան մինչև երկու սրվակ սպառողներից: Նույն օրինաչափությունը նկատվել է նաև սրտային անբավարարության, ինֆարկտի և իշեմիկ կաթվածի պարագայում, ընդ որում՝ հատկապես խոցելի են գտնվել նրանք, որոնք նախկինում սրտի հետ կապված խնդիրներ չեն ունեցել:

Գիտնականները շեշտում են, որ դա չի նշանակում, թե ինհալատորներն ինքնին ինֆարկտի կամ ինսուլտի ուղղակի պատճառ են: Դրանց չափազանց հաճախակի օգտագործումը կարող է պարզապես վատ վերահսկվող հիվանդության ցուցիչ լինել, ինչն ինքնին բարձրացնում է սիրտ-անոթային ռիսկերը: Բացի այդ, նման դեղամիջոցները կարող են առաջացնել սրտի ռիթմի արագացում կամ խանգարում:

Ուստի նման ինհալատորների մշտական անհրաժեշտությունը ոչ թե հարմարավետության, այլ բուժման պլանը շտապ վերանայելու ազդանշան է: Մասնագետները խորհուրդ են տալիս նման դեպքերում վերագնահատել թոքերի վիճակը, ստուգել հիմնական թերապիայի ճշտությունն ու ինհալատորից օգտվելու տեխնիկան:

Հետազոտության հեղինակները ծրագրում են ուսումնասիրել, թե արդյոք հնարավոր է նվազեցնել այս ռիսկերը հիմնական բուժմանը խստորեն հետևելու միջոցով: Միևնույն ժամանակ, Եվրոպական ռեսպիրատոր ընկերությունը հիշեցնում է, որ արագ ազդող դեղամիջոցները մնում են ասթմայի և ԹՈՔՈԽ-ի բուժման կարևոր մաս, իսկ խնդիրն առաջանում է միայն այն ժամանակ, երբ կարճատև թեթևացումը սկսում է փոխարինել հիվանդության լիարժեք վերահսկողությանը:



© NEWS.am Medicine