Նիկոտինային վեյփերն ավելի արդյունավետ են ծխելը թողնելու համար, քան այլ միջոցները․ հետազոտություն

19:26   28 օգոստոսի, 2026

Նիկոտինային էլեկտրոնային սիգարետները կարող են օգնել մարդկանց ծխելը թողնելու հարցում։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք այս խնդիրն ավելի արդյունավետ են լուծում, քան փոխարինող թերապիայի այլ միջոցները (օրինակ՝ սպեղանիները կամ մաստակը)։

«Քոքրեյն» համայնքի իրականացրած ուսումնասիրությունն ամփոփել է 80 հետազոտության տվյալները, որոնց մասնակցել է ծխող 29861 չափահաս։ Հետազոտություններում նիկոտինային վեյփերը համեմատվել են ծխելը թողնելու համար առաջարկվող այլ միջոցների հետ։

«Անհերքելի փաստեր կան, որ նիկոտինային էլեկտրոնային սիգարետները, նիկոտինափոխարինող թերապիայի համեմատ, մոտ վեց ամիս և ավելի երկար ժամկետով մեծացնում են ծխելը թողնելու ցուցանիշները», — Euronews-ի փոխանցմամբ՝ զեկույցին նվիրված ասուլիսում հայտարարել է ուսումնասիրության համահեղինակ, Ամհերսթի Մասաչուսեթսի համալսարանի մասնագետ Ջեյմի Հարթման-Բոյսը՝ հավելելով, որ նիկոտինային վեյփերը ծխելը թողնելու հավանականությունը բարձրացնում են շուրջ 60%-ով։

«Այս տվյալների վերաբերյալ մեր վստահությունը բարձր է, ու մենք չենք կարծում, որ հետագա հետազոտությունները կարող են որևէ էական փոփոխություն մտցնել այս եզրահանգումներում», — հավելել է նա։

Զեկույցում նշվում է, որ էլեկտրոնային սիգարետների օգնությամբ ավելի շատ մարդիկ են թողել ծխելը և առնվազն վեց ամիս հեռու մնացել դրանից, քան նիկոտինափոխարինող թերապիայի (ՆՓԹ) միջոցների՝ սպեղանիների, մաստակների և սփրեյների կիրառման դեպքում։

«Մեր ընտրանքի օրինակով՝ կարելի է ակնկալել, որ նիկոտինափոխարինող թերապիայի միջոցով ծխելը կթողնի 100 մարդուց մոտ 6-ը։ Իսկ եթե նրանց առաջարկվեն նիկոտինային էլեկտրոնային սիգարետներ, այդ թիվը կարող է հասնել 100-ից մոտ 10-ի», — ասել է Հարթման-Բոյսը։

ՆՓԹ պատրաստուկները օգնում են ծխողներին՝ նիկոտինը մատակարարելով որպես փոխարինիչ և մեղմելով օրգանիզմի «զրկանքի ախտանիշները»։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման աջակցության դեպքում երկարաժամկետ կտրվածքով ծխելը թողնողների տոկոսը ցածր է մնում։

Միևնույն ժամանակ, հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ավելի հակված են ծխելուց հրաժարվել նիկոտինային վեյփերի միջոցով, քան առանց նիկոտինի այլընտրանքների կամ միայն վարքագծային աջակցության դեպքում։

Չնայած այն տվյալներին, որ նիկոտինային էլեկտրոնային սիգարետները կարող են օգտակար այլընտրանք լինել ծխելը թողնել ցանկացողների համար, հետազոտողները հորդորում են զգույշ լինել՝ նշելով, որ ոչ բոլոր նման ապրանքներն են անվտանգ։

«Վնասը, որի մասին այդքան հաճախ ենք լսում, ճնշող մեծամասնությամբ կապված է չկարգավորվող վեյփերի հետ, որոնք պարունակում են մարդու առողջության համար ակնհայտ վտանգավոր բաղադրիչներ։ Դրանցում, նիկոտինից բացի, կարող են լինել հոգեակտիվ նյութեր, օրինակ՝ ՏՀԿ (կանաբիսի հիմնական քիմիական միացությունը)», — նշել է Հարթման-Բոյսը։

Նա հավելել է, որ ուսումնասիրության մեջ ընդգրկված սարքերը կիրառվել են վերահսկվող փորձարկումների շրջանակում և վաճառքի համար ենթարկվում են կարգավորումների, այնպես որ դրանք կարող են տարբերվել այն ապրանքներից, որոնց մարդիկ առնչվում են առօրյայում։

Հետազոտողները նաև զգուշացրել են, որ ավելի նոր տեսակի վեյփերի ազդեցությունը գնահատելու համար լրացուցիչ տվյալներ են անհրաժեշտ։

Ծխախոտային կախվածությունը պայմանավորված է նախ և առաջ նիկոտինի ազդեցությամբ, բայց դրան նպաստում են նաև սոցիալական ու վարքագծային լայն գործոնները։

Ծխախոտից հրաժարվելը հսկայական օգուտ է տալիս առողջությանը։ Այնուամենայնիվ, չնայած ծխողների մեծ մասը ցանկանում է թողնել այն, շատերի համար դժվար է երկարաժամկետ արդյունքի հասնելը։

Առանց որևէ աջակցության ծխելը թողնել փորձողների գրեթե կեսին չի հաջողվում դիմանալ նույնիսկ մեկ շաբաթ, իսկ մեկ տարի անց ծխելուց հեռու է մնում 5%-ից պակաս մասը։

Այս ամենը հաշվի առնելով՝ հետազոտողներն ընդգծում են այլընտրանքների հետագա ուսումնասիրության անհրաժեշտությունը։

«Մեծ հետաքրքրություն կա ծխելը թողնելու այնպիսի միջոցների մշակման հարցում, որոնք ոչ միայն կօգնեն մեղմել նիկոտինային զրկանքի ծանր էֆեկտները, այլև արդյունավետորեն կփոխարինեն ծխողի վարքագիծը, ծեսերն ու զգացողությունները՝ առանց ծխախոտի ծուխը շնչելու հետ կապված առողջապահական ռիսկերի», — գրում են նրանք։



© NEWS.am Medicine