17:23 29 օգոստոսի, 2026
Ածխաջրերի խիստ սահմանափակմամբ և ճարպերի բարձր պարունակությամբ կետոգենիկ դիետան կարող է գիրություն ունեցող մարդկանց ավելի շատ նյութափոխանակային առավելություններ տալ, քան միջերկրածովյան և ցածր ճարպայնությամբ դիետաները, ցույց է տվել կլինիկական հետազոտությունը։ Արդյունքները հրապարակվել են Cell Metabolism ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է գիրություն, նախադիաբետ և լյարդի ճարպային հիվանդություն ունեցող 42 մարդ։ Մասնակիցներին պատահականության սկզբունքով բաժանել են երեք խմբի՝ կետոգենիկ դիետա, միջերկրածովյան դիետա և ցածր ճարպայնությամբ՝ առավելապես բուսական դիետա։ Հետազոտողներն ապահովել են նրանց անհրաժեշտ ողջ սննդով, իսկ մասնակիցներն ամեն շաբաթ խորհրդակցել են սննդաբանի հետ։
Սննդակարգն այնպես է հաշվարկվել, որ բոլոր կամավորները կորցնեն մարմնի սկզբնական զանգվածի մոտ 10%-ը։ Դրա համար միջինում պահանջվել է չորս-հինգ ամիս։
Երեք դիետաների բաղադրությունն էապես տարբերվել է։ Կետոգենիկ սննդակարգում ածխաջրերին բաժին է ընկել կալորիաների միայն 4%-ը, ճարպերին՝ 73%-ը։ Միջերկրածովյան սննդակարգում այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 50% և 35%, իսկ ցածր ճարպայնությամբ բուսական սննդակարգում՝ 70% և 15%։
Սնվելու բոլոր երեք տարբերակներն էլ հանգեցրել են ճարպային հյուսվածքի զգալի նվազման և բարելավել են օրգանիզմի զգայունությունը ինսուլինի նկատմամբ։ Սակայն հենց կետոգենիկ դիետան է առավել արդյունավետ եղել լյարդի վիճակի և նյութափոխանակության մի քանի ցուցանիշներով։
Այսպես, կետոգենիկ խմբի մասնակիցների մոտ լյարդի ճարպի պարունակությունը միջինում նվազել է 67%-ով, մինչդեռ մյուս երկու խմբերում՝ մոտ 45%-ով։
Բացի այդ, կետոգենիկ դիետայի հետևորդների մոտ ամենաշատն է բարձրացել գլյուկագոնի մակարդակը՝ հորմոն, որը նպաստում է լյարդում ճարպի պաշարների նվազմանը։ Միաժամանակ նրանց մոտ ավելի շատ է նվազել արյան մեջ ինսուլինի մակարդակը, ինչը նույնպես կապված է լյարդի ճարպի քանակի կրճատման հետ։
Հատկապես նկատելի է եղել տարբերությունը նախադիաբետի վիճակում։ Փորձի ավարտից հետո կետոգենիկ խմբի մասնակիցների մոտ 50%-ն այլևս չի համապատասխանել նախադիաբետի չափանիշներին։ Միջերկրածովյան խմբում այդպիսի մասնակիցները եղել են 29%, իսկ ցածր ճարպայնությամբ բուսական դիետայի խմբում՝ միայն 7%։
Ընդ որում, հետազոտողները նշել են, որ կետոգենիկ սննդակարգը, չնայած ճարպերի բարձր պարունակությանը, չի հանգեցրել արյան մեջ ճարպերի կամ խոլեստերինի մակարդակի բարձրացման։ Ըստ աշխատանքի առաջին հեղինակ Մաքս Պետերսենի (Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոց), սա հետազոտության ամենաանսպասելի արդյունքներից մեկն էր։
Հեղինակներն ընդգծում են, որ քաշի նվազումն ինքնին բարելավում է գիրություն ունեցող մարդկանց նյութափոխանակային առողջությունը։ Սակայն աշխատանքի արդյունքները վկայում են այն մասին, որ սննդակարգի բաղադրությունը կարող է լրացուցիչ առավելություններ տալ՝ անկախ քաշի կորստից։
«Եթե մարդը լյարդի շատ ճարպ և նախադիաբետ ունի, ածխաջրերի օգտագործման կրճատումը կարող է էական թերապևտիկ ազդեցություն ունենալ նյութափոխանակության վրա՝ բացի բուն քաշի նվազումից»,- նշել է հետազոտության ղեկավար Սեմյուել Քլայնը։