12:31 30 օգոստոսի, 2026
Աթերոսկլերոզը կարող է սկսվել դեռ երիտասարդ տարիքում՝ առաջին ախտանշանների ի հայտ գալուց շատ առաջ։ REACT միջազգային հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդության նշաններ հայտնաբերվում են արտաքուստ առողջ մեծահասակների ավելի քան կեսի մոտ։
Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սրտաբանների եվրոպական միության համաժողովում (ESC Congress 2026) և միաժամանակ հրապարակվել The New England Journal of Medicine ամսագրում։
Գիտնականները հետազոտել են Դանիայից և Իսպանիայից 18-70 տարեկան 16 808 մարդու, որոնք չեն ունեցել ախտորոշված սրտանոթային հիվանդություններ։ Պատկերավորման ժամանակակից մեթոդների օգնությամբ մասնագետները աթերոսկլերոզային նստվածքներ են փնտրել պսակաձև, քնային և ազդրային զարկերակներում։
Պարզվել է, որ աթերոսկլերոզային նստվածքներ ունի մասնակիցների 57,1%-ը, թեև նրանց մեծ մասը որևէ ախտանշան չի ունեցել։
Հիվանդությունը հայտնաբերվել է նույնիսկ երիտասարդների մոտ. 18-29 տարեկանների շրջանում մոտավորապես յուրաքանչյուր 13-րդի առնվազն մեկ զարկերակում աթերոսկլերոզի նշաններ են եղել։ 60-70 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը հասել է շուրջ 90%-ի։
Միևնույն ժամանակ հետազոտողները նկատելի տարբերություններ են հայտնաբերել տղամարդկանց և կանանց միջև։ Տղամարդկանց մոտ աթերոսկլերոզի նշանները սկսել են կուտակվել ավելի վաղ՝ կանանցից մոտ 5-10 տարի առաջ։ Կանանց շրջանում հիվանդության տարածվածության ամենակտրուկ աճը նկատվել է 40-60 տարեկանում, այսինքն՝ այն ժամանակահատվածում, որը մեծամասամբ համընկնում է դաշտանադադարի հետ։
Հետազոտության հեղինակները նշում են, որ սրտանոթային ռիսկի գնահատման գոյություն ունեցող համակարգերը, որոնք հիմնված են տարիքի, զարկերակային ճնշման, խոլեստերինի մակարդակի և այլ գործոնների վրա, կարողանում են բացահայտել այն մարդկանց միայն մի փոքր մասին, որոնց մոտ աթերոսկլերոզն արդեն զարգացել է, բայց դեռևս որևէ կերպ չի դրսևորվում։
«Հետազոտությունը ցույց է տալիս, որ այժմ մենք կարող ենք հաջորդ քայլն անել և անմիջականորեն հայտնաբերել հիվանդությունը դեռևս այնքան ժամանակ, քանի դեռ այն չի հանգեցրել ինֆարկտի կամ ինսուլտի»,- հայտարարել է հետազոտության գիտական ղեկավար, Իսպանիայի Կարլոս III-ի անվան Սրտանոթային հետազոտությունների ազգային կենտրոնի գիտական տնօրեն Բորխա Իբանեսը։
Ըստ նրա, ապագայում աթերոսկլերոզի սկրինինգը կարող է իրականացվել շարժական ուլտրաձայնային սարքերի օգնությամբ։ Նման մոտեցումը թույլ կտա հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում և ավելի շուտ սկսել կանխարգելումը։
Հետազոտողները կարծում են, որ ստացված տվյալները կարող են փոխել սրտանոթային հիվանդությունների կանխարգելման մոտեցումը. դրանց զարգացման միայն հավանականությունը գնահատելու փոխարեն բժիշկները կկարողանան հաշվի առնել աթերոսկլերոզային նստվածքների իրական առկայությունը։