16:48 30 օգոստոսի, 2026
ԱՄՆ-ի Պարենի և դեղերի որակի հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել առաջին կրիչ սենսորին, որը շարունակաբար վերահսկում է օրգանիզմում կետոնների և շաքարի մակարդակը, հայտնում է Health Day-ը։
Սարքը կարող է օգնել շաքարային դիաբետ ունեցողներին նախապես հայտնաբերել վտանգավոր բարդությունը՝ դիաբետիկ կետոացիդոզը։
Libre Duo 10 Day սենսորն ամրացվում է մաշկին և յուրաքանչյուր րոպե չափում մաշկի տակ գտնվող հեղուկում գլյուկոզայի և կետոնների մակարդակը։ Տվյալները փոխանցվում են սմարթֆոնին, որտեղ հավելվածը ցույց է տալիս ընթացիկ ցուցանիշներն ու դրանց դինամիկան։ Կետոնների մակարդակի վտանգավոր բարձրացման դեպքում համակարգն ազդանշան է տալիս։
Կետոններն առաջանում են, երբ օրգանիզմն էներգիայի աղբյուր ստանալու համար շաքարի փոխարեն սկսում է օգտագործել ճարպը։ Դրանց չափից ավելի կուտակումը կարող է հանգեցնել դիաբետիկ կետոացիդոզի. վտանգավոր վիճակ, որը կարող է զարգանալ մի քանի ժամվա ընթացքում և առանց բուժման հանգեցնել կոմայի կամ մահվան։
Մինչև նոր սարքի ի հայտ գալը կետոնները ստիպված էին ստուգել առանձին՝ արյան կամ մեզի հետազոտության միջոցով։ Նման թեստերը ցույց են տալիս կետոնների մակարդակը միայն տվյալ պահին և թույլ չեն տալիս շարունակաբար հետևել դրա փոփոխություններին։
«Կետոնների մակարդակի բարձրացման մասին իմացությունը և այդ տեղեկատվությունը շուրջօրյա՝ իրական ժամանակում ստանալը կարող է վճռորոշ գործոն դառնալ վաղ միջամտության և կյանքին սպառնացող վիճակի միջև»,- հայտարարել է FDA-ի Սարքավորումների և ռադիոլոգիական առողջության կենտրոնի ղեկավար Միշել Տարվերը։
FDA-ի որոշումը հիմնված է ավելի քան 600 մարդու մասնակցությամբ իրականացված վեց հետազոտությունների արդյունքների վրա։ Դրանք ցույց են տվել, որ սենսորը ճշգրիտ կերպով հետևել է կետոնների մակարդակի փոփոխություններին օգտագործման ողջ՝ 10-օրյա ժամանակահատվածում և թույլ է տվել հայտնաբերել դրանց բարձրացումը դեռևս մինչև դիաբետիկ կետոացիդոզի զարգացումը։
Սարքը թույլատրված է օգտագործել երկու տարեկանից բարձր շաքարային դիաբետ ունեցողների համար։ Արտադրողը՝ Abbott-ը, նախատեսում է սենսորի վաճառքն ԱՄՆ-ում սկսել այս տարվա վերջին։
FDA-ն ընդգծել է, որ կետոնների ցուցանիշները պետք է գնահատվեն գլյուկոզայի մակարդակի և պացիենտի ախտանշանների հետ։