Գիտնականները լոլիկի մեջ լյարդը ճարպային հիվանդությունից պաշտպանող նյութ են հայտնաբերել

22:36   30 օգոստոսի, 2026

Տաֆթսի համալսարանի (Tufts University) հետազոտողները պարզել են, որ լոլիկի մեջ պարունակվող քիչ հայտնի բուսական գունանյութը՝ ֆիտոենը, կարող է նվազեցնել լյարդի ճարպային հիվանդության զարգացման ռիսկը։ Առայժմ ազդեցությունը հաջողվել է հաստատել միայն մկների վրա կատարված փորձերով։

Ֆիտոենն անգույն նյութ է և լիկոպինի նախորդը, որը հասուն լոլիկին հաղորդում է կարմիր գույն։ Գիտնականները որոշել են ստուգել՝ արդյոք այն ինքնին կարող է օժտված լինել պաշտպանիչ հատկություններով։

Molecular Nutrition & Food Science ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն մկները, որոնք ֆիտոեն են ստացել ռաֆինացված ածխաջրերով հարուստ սննդակարգի հետ, զգալիորեն ավելի քիչ են բախվել լյարդում ճարպի արտահայտված կուտակմանը, քան նույն սննդակարգն ունեցող, բայց առանց հավելումի կենդանիները։

Ֆիտոենի չափաբաժինը համապատասխանել է այն քանակին, որը մարդը կարող էր ստանալ օրական երեք-չորս միջին չափի թարմ լոլիկից կամ 100 գրամ տոմատի մածուկից։

Գիտնականները կարծում են, որ ֆիտոենը կարող է գործել ոչ թե աղիքային միկրոբիոտայի կազմի փոփոխության միջոցով, այլ անմիջականորեն ազդել լյարդում նյութափոխանակությունը կարգավորող սպիտակուցների վրա։ Դա կարող է օգնել օրգանիզմին ավելորդ ճարպն օգտագործել էներգիա ստանալու համար, այլ ոչ թե կուտակել այն լյարդի բջիջներում։

Միևնույն ժամանակ փորձը ցույց է տվել, որ հենց ֆիտոենը, հավանաբար, միակ ազդող նյութը չէ։ Այն մկների մոտ, որոնք զրկված են եղել դրա վերամշակման համար անհրաժեշտ ֆերմենտներից, օրգանիզմում ֆիտոենի մակարդակը զգալիորեն բարձր է եղել, սակայն պաշտպանիչ ազդեցություն չի նկատվել։ Սա մատնանշում է, որ կարևոր դեր կարող են խաղալ այն միացությունները, որոնք առաջանում են օրգանիզմում ֆիտոենի տրոհման արդյունքում։

«Թե՛ լիկոպինը, թե՛ ֆիտոենը զգալի քանակությամբ պարունակվում են լոլիկի և դրանից պատրաստված մթերքների մեջ։ Սակայն նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ օրգանիզմն իրականում ավելի հեշտ է յուրացնում ֆիտոենը»,- պատմել է աշխատանքի առաջատար հեղինակ Նա Յոն Լին՝ Տաֆթսի համալսարանից։

Հետազոտողները տարբերություններ են հայտնաբերել նաև արու և էգ մկների միջև. էգերի լյարդում ավելի շատ ֆիտոեն է կուտակվել։ Ըստ գիտնականների՝ սեռային տարբերությունները կարող են ազդել այս նյութի յուրացման և վերամշակման վրա։

Մետաբոլիկ զուգորդված լյարդի ստեատոզ հիվանդությունը, որի դեպքում լյարդի բջիջներում ավելորդ ճարպ է կուտակվում, ախտահարում է ԱՄՆ-ի չափահաս բնակիչների մինչև 38%-ին։ Ժամանակի ընթացքում այն կարող է հանգեցնել բորբոքման, լյարդի վնասման և ցիռոզի։

Աշխատանքի հեղինակներն ընդգծում են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, նախքան հնարավոր կլինի խոսել մարդկանց մոտ ֆիտոենի պաշտպանիչ ազդեցության մասին։ Եթե արդյունքները հաստատվեն, ֆիտոենով հարուստ բանջարեղենն ու միրգը կարող են դառնալ լյարդի մետաբոլիկ հիվանդությունների կանխարգելման տարրերից մեկը։



© NEWS.am Medicine