Կլիմայի փոփոխությունն ամեն տարի ջերմային սթրես է առաջացնում 560 մլն երեխաների մոտ

08:32   1 սեպտեմբերի, 2026

Երեխաներն այսօր ամեն տարի զգալիորեն ավելի շատ օրերի են ենթարկվում ջերմային սթրեսի, քան նախորդ սերունդները, և նոր հետազոտության համաձայն՝ այս բեռը, ինչպես սպասվում է, կաճի։

Բրյուսելի Ազատ Համալսարանի հետազոտողները պարզել են, որ երիտասարդ սերունդները բախվում են անհամաչափ առողջական ռիսկերի, այդ թվում՝ ուղիղ ֆիզիոլոգիական սթրեսի և անուղղակի սպառնալիքների, ինչպիսին է սննդի և ջրի պակասը։

Science Advances ամսագրում հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ 0-9 տարեկան մինչև 560 միլիոն երեխա ամեն տարի առնվազն մեկ լրացուցիչ ամիս ջերմային սթրեսի է ենթարկվում կլիմայի՝ մարդու կողմից առաջացած փոփոխության պատճառով։

«Կլիմայի փոփոխությունն ամբողջ աշխարհում արդեն հանգեցնում է այն բանին, որ հարյուր միլիոնավոր երեխաներ տառապում են վտանգավոր շոգից, ինչը լուրջ ռիսկեր է ներկայացնում նրանց առողջության համար», - ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Ռոզա Պյետրոյուստին։

«Միաժամանակ, աղքատության, վատ բնակարանային պայմանների, զովանալու սահմանափակ հասանելիության և գերծանրաբեռնված առողջապահական համակարգերի համադրությունը շատ երեխաների թողնում է առանց շոգից քիչ կամ ընդհանրապես պաշտպանված չլինելու միջոցների», - հաղորդել է Euronews-ը։

Ինչպես նշել են հետազոտողները, ջերմային սթրեսի նկատմամբ խոցելիությունը տարբերվում է տարիքի հետ, հատկապես խոցելի են տարեցները, նորածինները և փոքր երեխաները։

«Երեխաները հատկապես խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ և կյանքի ընթացքում կբախվեն ավելի ու ավելի վնասակար հետևանքների», - գրել են հեղինակները։

Հետազոտությունը պարզել է, որ երեխաների վրա շոգի ազդեցությունը գերազանցում է որևէ այլ տարիքային խմբի ցուցանիշները. նրանց թիվը գրեթե երեք անգամ ավելի մեծ է, քան 60-69 տարեկան 190 միլիոն մարդկանց թիվը, ովքեր բախվում են այս լրացուցիչ առողջական սպառնալիքին։

Չափից ավելի ջերմությունը վտանգավոր է օրգանիզմի համար. այն խաթարում է նրա ջերմակարգավորման ունակությունը, սրում առկա առողջական խնդիրները և մեծացնում ջերմային հարվածի, երիկամային անբավարարության և թոքերի վնասման ռիսկը։

Երեխաների մոտ շոգի ազդեցությունն էլ ավելի ուժեղ է, քանի որ նրանց օրգանիզմը դեռևս գտնվում են ֆիզիկական զարգացման փուլում և ավելի վատ են կարգավորում իրենց ջերմաստիճանը։ Նրանք ավելի քիչ են քրտինք արտադրում մարմնի մասսայի մեկ կիլոգրամի հաշվարկով և ունեն նյութափոխանակության ավելի բարձր արագություն, ուստի ծայրահեղ շոգի ժամանակ նրանք ավելի արագ են տաքանում։ Հետազոտողների խոսքով՝ կան բազմաթիվ գործոններ, որոնք մեծացնում են վտանգավոր շոգի ազդեցությունը երեխաների վրա։

Կլիմայի փոփոխության հետ կապված խոնավ ջերմային ալիքների ամենամեծ աճը գրանցվում է արևադարձային շրջաններում և երիտասարդ ժողովրդագրական խմբեր ունեցող աղքատ երկրներում՝ Հարավային Ասիայում, Հարավարևելյան Ասիայում և Արևմտյան Աֆրիկայում, որտեղ ներկայում ապրում է վտանգավոր ջերմային սթրեսի ենթարկվող երեխաների ամենամեծ թիվը։

Գիտնականները նշել են, որ ամենաշատ տուժած շրջաններում ապրող երեխաները սոցիալ-տնտեսական առումով ավելի խոցելի են և տուժում են շոգից ինչպես ուղղակիորեն՝ ջերմային սթրեսի միջոցով, այնպես էլ անուղղակիորեն՝ մոծակների միջոցով տարածվող հիվանդությունների, վատ սննդակարգի և ծննդաբերության բարդությունների տարածման հետ կապված։

Ջերմաստիճանի կանխատեսումների համաձայն՝ երեխաներն անհամաչափորեն ավելի շատ կենթարկվեն ջերմային սթրեսի, նույնիսկ աշխարհի բնակչության ծերացմանը զուգընթաց։

Եթե ​​գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրանա 1.5°C-ով, 0-9 տարեկան մոտ 620 միլիոն երեխա տարեկան առնվազն մեկ լրացուցիչ ամիս ջերմային սթրես կզգա, իսկ 390 միլիոնը, կանխատեսումների համաձայն, այդ սթրեսին կենթարկվի առնվազն հինգ ամիս։

Եթե ջերմաստիճանի բարձրացումը հասնի 2.0°C-ի, գնահատականները ցույց են տալիս, որ տարեկան 650 միլիոն երեխա եւս մեկ լրացուցիչ ամիս ջերմային սթրես կզգա, իսկ 420 միլիոնը՝ առնվազն հինգ ամիս։



© NEWS.am Medicine