Մարդու ուղեղի իմունային բջիջները հարյուրավոր անգամ ավելի դանդաղ են հասունանում, քան մկներինը․ Neuron

17:29   2 սեպտեմբերի, 2026

Գիտնականները հայտնաբերել են մարդուն բնորոշ եզակի գեն, որն ստիպում է ուղեղի իմունային բջիջներին արտասովոր դանդաղ՝ տարիների ընթացքում հասունանալ։ Հնարավոր է՝ հենց այս դանդաղկոտությունն է կապված մարդու բացառիկ մտավոր ընդունակությունների հետ։ Ուսումնասիրությունը հրապարակվել է Neuron ամսագրում:

Խոսքը միկրոգլիայի մասին է՝ հատուկ իմունային բջիջների, որոնք կազմում են ուղեղի բոլոր բջիջների 5–10%-ը: Դրանք ոչ միայն պաշտպանում են նյարդային հյուսվածքը, այլև մասնակցում են դրա «կարգավորմանը». օգնում են որոշել, թե նեյրոնների միջև որ կապերը պահպանել, իսկ որոնք՝ հեռացնել: Այս աշխատանքից է մեծապես կախված, թե ինչպես կձևավորվի զարգացող ուղեղի նեյրոնային ցանցերի «մոնտաժը»:

Կոլումբիայի համալսարանի Ցուկերմանի ինստիտուտի հետազոտողները՝ Կարլոս Դիաս-Սալասարի ղեկավարությամբ (աշխատելով Ֆրանկ Պոլեի լաբորատորիայում), համեմատել են մարդու և մկան միկրոգլիայի հասունացման ընթացքը: Պարզվել է, որ մկների մոտ այդ բջիջները լիովին ձևավորվում են ընդամենը երեք շաբաթում, մինչդեռ մարդու մոտ այդ գործընթացը ձգվում է 4–8 տարի:

Նման տարբերության բանալին SRGAP2 կոչվող գենի՝ մարդուն բնորոշ տարբերակն է: Դրա հատուկ պատճենները, որոնք չկան այլ տեսակների մոտ, միկրոգլիայում գրեթե տասն անգամ ավելի ակտիվ են, քան նեյրոններում, և հենց դրանք են դանդաղեցնում բջիջների հասունացումը:

Հեղինակների կարծիքով՝ միկրոգլիայի արտասովոր երկարատև հասունացումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ մարդկային ինտելեկտի հիմքում ընկած բարդ նեյրոնային ցանցերի ձևավորման համար. դանդաղ հասունացող բջիջներն ավելի երկար և «նուրբ» են հղկում երեխայի ուղեղի կապերը: SRGAP2 գենը նախկինում ևս կապում էին մարդկային ուղեղի եզակի առանձնահատկությունների հետ, սակայն գիտնականներն առաջին անգամ են ցույց տվել միկրոգլիայի աշխատանքում դրա դերը: Հատկանշական է, որ նույն գենն ակտիվ է նաև նեյրոններում, սակայն ուղեղի իմունային բջիջներում դրա հատուկ պատճեններն աշխատում են նկատելիորեն ավելի ինտենսիվ կերպով:

Բացահայտումն օգնում է հասկանալ, թե ինչն է բջջային մակարդակում առանձնացնում մարդկային ուղեղը, և կարող է լույս սփռել զարգացման այնպիսի խանգարումների վրա, ինչպիսիք են աուտիզմը և շիզոֆրենիան, որոնց դեպքում այս նուրբ կարգավորումը խաթարվում է:


© NEWS.am Medicine