Տեստոստերոնի ինչպես չափազանց ցածր, այնպես էլ չափազանց բարձր մակարդակները կարող են հավասարապես վտանգավոր լինել սրտի համար

18:29   3 սեպտեմբերի, 2026

Տղամարդկանց մոտ նախասրտերի ֆիբրիլյացիայի՝ սրտի ռիթմի տարածված խանգարման ռիսկը կարող է բարձրանալ ինչպես տեստոստերոնի չափազանց ցածր, այնպես էլ չափազանց բարձր մակարդակի դեպքում։ Այս եզրահանգմանն են եկել Journal of the Endocrine Society-ում հրապարակված հետազոտությունների ակնարկի հեղինակները։ Միևնույն ժամանակ գիտնականներն ընդգծում են, որ առիթմիայի ռիսկի վրա տեստոստերոնային փոխարինող թերապիայի (TRT) ազդեցության մասին տվյալները դեռևս հակասական են։

Ավելի վաղ անցկացված հետազոտությունները տեստոստերոնի ցածր մակարդակը հիմնականում կապում էին նախասրտերի ֆիբրիլյացիայի բարձր ռիսկի հետ, հատկապես տարեց տղամարդկանց շրջանում։ Սակայն ավելի ուշ կատարված աշխատանքները ցույց են տվել, որ վտանգը կարող է պայմանավորված լինել նաև հորմոնի ավելցուկով։

Խոշորագույն հետազոտություններից մեկն է դարձել TRAVERSE նախագիծը, որը հրապարակվել է 2023 թվականին։ Տեստոստերոնային քսուք (գել) ստացող տղամարդկանց մոտ նախասրտերի ֆիբրիլյացիան ավելի հաճախ է հանդիպել, քան պլացեբո ստացող մասնակիցների մոտ։ Միևնույն ժամանակ 106 պատահականացված հետազոտությունների մետավերլուծությունը, որը հրապարակվել է 2024 թվականին, TRT-ի ֆոնին առիթմիայի ռիսկի վիճակագրորեն զգալի աճ չի հայտնաբերել։ Պացիենտների դիտարկումների տվյալները նույնպես երկակի են եղել։

Հատկապես ուշագրավ են դարձել UK Biobank-ի և ASPREE-ի հետազոտությունների արդյունքները։ Դրանք մատնանշում են հնարավոր U-աձև կախվածություն․ նախասրտերի ֆիբրիլյացիայի ռիսկը կարող է ավելի բարձր լինել ինչպես տեստոստերոնի ցածր, այնպես էլ բարձր խտության դեպքում, մինչդեռ միջին ցուցանիշների դեպքում այն ավելի ցածր է։ ASPREE հետազոտության մեջ հորմոնի ամենաբարձր մակարդակն ունեցող տարեց տղամարդկանց մոտ ֆիբրիլյացիայի ռիսկը գրեթե երկու անգամ ավելի բարձր է եղել, քան միջին ցուցանիշներ ունեցող մասնակիցների մոտ։

Առկա տվյալների հիման վրա հեղինակները ենթադրել են, որ նվազագույն ռիսկը կարող է նկատվել ընդհանուր տեստոստերոնի մոտ 12–19 նմոլ/լ մակարդակի դեպքում։ Սակայն սա դեռևս լոկ նկատված կապ է, այլ ոչ թե հաստատված անվտանգ միջակայք կամ բժշկական հանձնարարական։

Գիտնականները ենթադրում են, որ մեխանիզմը կարող է կապված լինել սրտի բջիջների էլեկտրական ակտիվության վրա տեստոստերոնի ազդեցության հետ։ Հորմոնի չափազանց ցածր մակարդակի դեպքում կարող է խախտվել կալցիումի կարգավորումը, իսկ բարձրի դեպքում՝ փոխվել կալիումական անցուղիների աշխատանքը։ Երկու գործընթացներն էլ պոտենցիալ կերպով կարող են նպաստել առիթմիայի առաջացմանը։

Այսպիսով՝ ակնարկը չի հաստատում, որ տեստոստերոնային փոխարինող թերապիան ինքնին պարտադիր հանգեցնում է նախասրտերի ֆիբրիլյացիայի։ Սակայն այն ցույց է տալիս, որ հորմոնի մակարդակի և սրտի առողջության միջև կապը կարող է ավելի բարդ լինել, քան կարծում էին նախկինում։

Հեղինակները անհրաժեշտ են համարում հետագա հետազոտությունները, որոնք կօգնեն պարզել, թե ինչպես են TRT-ի տարբեր ձևերն ու անհատական գործոնները (այդ թվում՝ տարիքը, ճարպակալումը, դիաբետը, հիպերտոնիան և քնի ապնոէն) ազդում առիթմիայի ռիսկի վրա։



© NEWS.am Medicine