JID. Նիհարեցնող հանրահայտ դեղամիջոցները կարող են 7%-ով բարձրացնել տղամարդկանց ճաղատացման ռիսկը

08:46   4 սեպտեմբերի, 2026

Տղամարդիկ, որոնք գենետիկորեն հակված են ճաղատացման առավել տարածված ձևին, կարող են ունենալ մազաթափության մոտ 7%-ով ավելի բարձր ռիսկ GLP-1 ընկալիչների (ռեցեպտորների) վրա ազդող դեղամիջոցների ընդունման դեպքում, ինչպիսիք են Ozempic-ը, Wegovy-ն և Zepbound-ը: Նման եզրակացության են եկել NYU Langone Health-ի հետազոտողները: Աշխատանքը հրապարակվել է Journal of Investigative Dermatology (JID) ամսագրում:

Գիտնականներն ուսումնասիրել են GLP1R գենը, որն ազդում է օրգանիզմում գլյուկագոնանման պեպտիդ-1-ի (GLP-1) ընկալիչների քանակի վրա։ Այնուհետև նրանք համադրել են դրա ակտիվությունը անդրոգենետիկական ալոպեցիայով (ժառանգական մազաթափություն, որի դեպքում մազերը աստիճանաբար նոսրանում են գլխի վերին և առջևի հատվածներում) տառապող տղամարդկանց գենետիկ առանձնահատկությունների հետ:

Կապը պահպանվել է նույնիսկ այն բանից հետո, երբ հետազոտողները հաշվի են առել ճաղատացման այլ հայտնի ռիսկի գործոնները, ներառյալ հիպերտոնիան (զարկերակային գերճնշում), ինսուլինակայունությունը և տեստոստերոնի ցածր մակարդակը։ Արդյունքում լրացուցիչ ռիսկը մնացել է մոտ 7% մակարդակում:

Մազերի նոսրացումն ու թափվելը վաղուց են նշվում որպես GLP-1 դեղամիջոցների հնարավոր կողմնակի ազդեցություն: Մինչև այժմ դա սովորաբար բացատրվում էր քաշի արագ նվազմամբ. մարմնի զանգվածի կայունացումից հետո շատ պացիենտների մազերի աճը վերականգնվում է մի քանի ամսվա ընթացքում: Նոր աշխատանքն առաջին անգամ մատնանշում է GLP-1-ի ազդեցության և տղամարդկային տիպի ճաղատացման միջև հնարավոր գենետիկական կապը:

Հետազոտողները շեշտում են, որ ստացված արդյունքները դեռևս չեն ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապ դեղամիջոցների և մազաթափության միջև: Անհրաժեշտ է պարզել, թե հատկապես ինչպես կարող է GLP-1-ի ազդեցությունը ներգործել մազային ֆոլիկուլների վրա:

Հեռանկարում գիտնականները ենթադրում են, որ գենետիկական անալիզը կօգնի նախապես բացահայտել այն տղամարդկանց, որոնք ունեն մազաթափության բարձր ռիսկ GLP-1 դեղամիջոցներով բուժման ժամանակ: Դիտարկվում է նաև նման թերապիան ճաղատացման կանխարգելման միջոցների հետ համակցելու հնարավորությունը, օրինակ՝ մինոքսիդիլի, սակայն սա դեռևս միայն հետագա հետազոտությունների ուղղություն է:

Հետազոտությունն իրականացվել է խոշոր գենետիկական տվյալների բազաների հիման վրա: Քանի որ տղամարդկանց ճաղատացման մեխանիզմները զգալիորեն ավելի լավ են ուսումնասիրված, քան կանանցը, գիտնականները դեռևս կարողացել են գնահատել այդ կապը միայն տղամարդկանց մոտ: Հետագայում նրանք ծրագրում են ստուգել՝ արդյոք հայտնաբերված օրինաչափությունը տարածվում է նաև կանանց վրա:



© NEWS.am Medicine