Thryv Therapeutics. Իսպանական մշակումը կկանգնեցնի ուղեղի նեյրոդեգեներացիան

15:26   4 սեպտեմբերի, 2026

Ամերիկյան Thryv Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերությունը ստացել է նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, օրինակ՝ Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունների դեմ նոր դասի դեղամիջոցների մշակման իրավունքը։ Համապատասխան համաձայնագիրը կնքվել է իսպանական հետազոտական կենտրոնների՝ Գիտական հետազոտությունների բարձրագույն խորհրդի (CSIC) և Մադրիդի ինքնավար համալսարանի (UAM) հետ:

Մեթոդի հիմքում ընկած է SGK1-ի ակտիվության ընկճումը․ սա սպիտակուց է, որն առանցքային դեր է խաղում նյարդային բջիջների քայքայման գործում։ Գիտնականները պարզել են, որ այս ֆերմենտի հիպերակտիվությունը նպաստում է գլխուղեղում տոքսիկ սպիտակուցների կուտակմանը, նեյրոբորբոքմանը և բջջային սթրեսին։ Իսպանացի մասնագետները մշակել են բացառիկ քիմիական կառուցվածք, որն ընդունակ է հաղթահարել ուղեղի պաշտպանիչ արգելքը և ազդող նյութը հասցնել անմիջապես ախտահարված հատվածներին՝ կանգնեցնելով դեմենցիայի (թուլամտության) զարգացումը:

«Մենք ստացել ենք երկրորդ, անկախ քիմիական բազան, որը հնարավորություն կտա ստեղծել մոլեկուլներ, որոնք ի սկզբանե նպատակաուղղված են ուղեղի հիվանդությունների դեմ պայքարին, այն դեպքում, երբ մեր նախորդ դեղամիջոցները նախատեսված էին սրտի համար», - նշել է Thryv Therapeutics-ի նախագահ և մշակումների գծով գլխավոր տնօրեն Դեբրա Օդինկը:

Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունները շարունակում են մնալ բժշկության ամենաբարդ խնդիրներից մեկը, քանի որ գոյություն ունեցող բուժման մեթոդները միայն մեղմում են ախտանիշները, բայց չեն կանգնեցնում նեյրոնների մահը: Նոր մոտեցումը հույս է տալիս մշակել դեղամիջոց, որն ի վիճակի է ներազդել նեյրոդեգեներացիայի բուն պատճառի վրա: Գիտնականներն արդեն սկսել են նոր մոլեկուլների նախնական բնութագրումը, իսկ դեղամիջոցի դերի համար առաջին թեկնածուն կարող է առաջադրվել արդեն 2027 թվականին:



© NEWS.am Medicine