Գոտկատեղի շրջագիծը կարող է մատնանշել առողջական ռիսկեր, որոնք ՄԶԻ-ն հաշվի չի առնում․ JAMA

21:16   4 սեպտեմբերի, 2026

Գիտնականները պարզել են, որ գոտկատեղի շրջագծի սովորական չափումը գրեթե նույնքան հուսալիորեն է ի հայտ բերում օրգանիզմում ճարպի վտանգավոր մակարդակը, որքան բարդ, բազմափուլ մեթոդները, և բացի այդ՝ հայտնաբերում է ճարպակալման այն դեպքերը, որոնք վրիպում են մարմնի զանգվածի ավանդական ինդեքսի (ՄԶԻ) ուշադրությունից։ Պարբերականը հետազոտությունը հրապարակել է JAMA Network Open ամսագրում։

Մարմնի զանգվածի ինդեքսը (ՄԶԻ՝ քաշի հարաբերակցությունը հասակի քառակուսուն), տասնամյակներ շարունակ կիրառվում է որպես ճարպակալման հիմնական ցուցանիշ։ Այնուամենայնիվ, այն չի արտացոլում, թե հստակ որտեղ և որքան ճարպ է կուտակված․ մկանոտ մարդու ՄԶԻ-ն կարող է սխալմամբ դասել ավելորդ քաշ ունեցողների շարքին, իսկ նրան, ով նորմալ քաշի պայմաններում ունի վտանգավոր ներքին ճարպի մեծ պաշար՝ վրիպել։ Այդ պատճառով գիտնականները փնտրում են գնահատման առավել ճշգրիտ, բայց միևնույն ժամանակ պարզ եղանակներ։

Rutgers Health-ից Աայուշ Վիսարիայի գլխավորած հետազոտական թիմը վերլուծել է 20-ից 59 տարեկան շուրջ 1900 ամերիկացի մեծահասակների տվյալները։ Նրանք համեմատել են, թե որքանով են տարբեր ցուցանիշները լավ հայտնաբերում ճարպի ոչ առողջ մակարդակը՝ բուն գոտկատեղի շրջագիծը, ՄԶԻ-ն, գոտկատեղի ու հասակի հարաբերակցությունը, գոտկատեղի ու կոնքազդրային շրջանի հարաբերակցությունը, ինչպես նաև այս մետրիկաների բարդ համադրությունները։

Պարզվել է, որ միայն գոտկատեղի շրջագիծն աշխատում է գրեթե նույնքան արդյունավետ, որքան մի քանի չափումներ միավորող ծավալուն համակարգերը։ Միաժամանակ, այն ֆիքսում է վտանգավոր ճարպակալումը նաև ձևականորեն նորմալ ՄԶԻ (մարմնի զանգվածի իդեքս) ունեցող մարդկանց մոտ, ինչն առանձնապես կարևոր է ռիսկերի վաղ հայտնաբերման համար։

«Գոտկատեղի չափումը տալիս է անհրաժեշտ տեղեկատվության մեծ մասը և հարմար է ինչպես բժիշկների, այնպես էլ պացիենտների համար», — նշել է Աայուշ Վիսարիան։ Մեթոդի առավելությունը դրա պարզության մեջ է․ այն չի պահանջում ոչ թանկարժեք սարքավորումներ, ոչ էլ բարդ հաշվարկներ, իսկ գոտկատեղը չափիչ ժապավենով կարելի է չափել անգամ տանը։ Սա հատկապես կարևոր է այն պատճառով, որ հենց գոտկատեղի շուրջ կուտակվող ճարպն է շրջապատում ներքին օրգանները և համարվում ամենավտանգավորը առողջության համար։ Հեղինակների կարծիքով՝ բժշկի ընդունելության ժամանակ սովորական չափերիզը կարող է դառնալ զանգվածային սկրինինգի արդյունավետ գործիք՝ օգնելով ժամանակին հայտնաբերել շաքարային դիաբետի, սրտի հիվանդությունների և ճարպակալման այլ բարդությունների բարձր ռիսկ ունեցող անձանց։



© NEWS.am Medicine